11 օր բնակիչներին արգելել են ծիծաղել, ծննդյան տոներ նշել, հարազատների հուղարկավորել և բարձրաձայն լաց լինել. Ինչ է կատարվում

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ 11-օրյա սգո ընթացքում արգելել են բնակիչներին ծիծաղել, ծննդյան տոներ նշել, հարազատներին հուղարկավորել և բարձր լաց լինել, հայտնում է RFA-ը։ Նշվում է, որ սգո ժամանակ տեղի բնակիչները չեն կարող հանգստի գնալ, գնումներ կատարել և ալկոհոլ օգտագործել։

Անցյալ տարվա սգո օրերին ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ են ձերբակալվել։ Տեղի բնակիչները պատմել են, որ նման մարդկանց համարել են գաղափարական հանցագործներ, նրանց տարել են անհայտ ուղղությամբ և այլևս ոչ ոք չի տեսել նրանց։ Կուսակցության ղեկավարությունը կազմակերպել է ոստիկանության մասնագիտացված բրիգադներ։

«Եթե անգամ ձեր ընտանիքի անդամը մահանում է սգո օրերին, ձեզ թույլ չեն տա բարձր լաց լինել, իսկ մարմինը կարելի է դուրս բերել միայն սուգն ավարտվելուց հետո։ Մարդիկ չեն կարող անգամ սեփական տարեդարձը նշել, եթե դրանք համընկնում են սգո օրերի հետ»,- կիսվել են տեղի բնակիչները։

Ինչպես հայտնի է՝ Կիմ Չեն Իրը Հյուսիսային Կորեայի առաջնորդ է դարձել հոր՝ Կիմ Իր Սենի մահից հետո՝ 1994 թվականին և ղեկավարել է երկիրը մինչև 2011 թվականը՝ մինչ իր մահը։ Կիմ Չեն Իրի օրոք Հյուսիսային Կորեան վարում էր նրա անձի փառաբանման և պաշտամունքի քաղաքականություն։

Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Իրի օրոք պարբերաբար մեղադրվում էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ինչպիսիք են հրապարակային մահապատիժները, ստրկությունը, հարկադիր աբորտները, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքացիների առևանգումը և աշխատանքային համակենտրոնացման ճամբարներ ստեղծելը: Կիմ Չեն Իրի մահից հետո իշխանությունը կրկին փոխանցվեց ժառանգաբար նրա որդուն՝ Կիմ Չեն Ինին։

 

(Visited 4 times, 1 visits today)