Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն. Հայտնի է խափանման միջոցը

Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրանքով, այսօր ներկայացել է ոստիկանություն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն»,- հայտնում են ոստիկանությունից:

Սոնա Շահգելդյանի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Շահգելդյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ:

Շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր երգչուհին՝ ըստ էության չհերքելով դրանք: Նա գրել էր, որ ինչ ասես անում են շատերը, չեն հետախուզում: «Մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել: Աստծուց վախեցեք»,- գրել էր նա եւ հավելել, որ չգիտեն ինչ անել, հիմա էլ ընկել են իր հետեւից:

(Visited 5 times, 1 visits today)