Սեյրան Օհանյանի ապօրինի կառույց դղյակը 2020-ին օրինակացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը, և կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց:

Մասնավորապես, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի ձեռք բերած գույքի օրինականությունը:

Civic․am-ին հաջողվել է պարզել, թե ե՞րբ և ինչպե՞ս է օրինականացվել նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի դղյակը։ Ըստ այդմ՝ Վահագնի թաղամասում Սեյրան Օհանյանին վերագրվող ահռելի առանձնատունը մինչև 2020 թվականը ապօրինի կառույց է եղել և օրինականացվել է քաղաքապետ Հայկ Մարությանի 1535-Ա 27.04.2020թ. որոշմամբ։

Քաղաքապետարանի կայքում առկա որոշման համաձայն՝ օրինակացվել է Վահագնի թաղամասի Քուչակ Հ.2 հասցեի՝ քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.03.2020թ. տրված հ.18-06/O-199 մասնագիտական եզրակացությունը, «Ա.Ռ.Մ. ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 13.12.2019թ. տրված հ.290/19 տեխնիկական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԱՐՏԱՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի կողմից 20.12.2019թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով Ժակ, Պիեռ Ֆովոյի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (23.12.2019թ. հ.Մ-16754, 18.03.2020թ. հ.Մ-3262).

1. Երևան, Աջափնյակ, Վահագնի թաղամաս Քուչակի հ.2 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 12.11.2019թ. տրված հ.16122019-01-0322 վկայական) քաղաքացի Ժակ, Պիեռ Ֆովոյին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 2857.9 քառ.մետր (բնակելի տուն) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը..

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 6001590 (վեց միլիոն մեկ հազար հինգ հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած.

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման»։

Civic.am-ի հարցին, թե Սեյրան Օհանյանին վերագրվող առանձնատան օրինականացման հիմքերը ստուգվե՞լ են, գլխավոր դատախազությունից չպատասխանեցին՝ հայտարարելով, թե այս պահին գույքերի հետ կապված տեղեկատվություն չի հրապարակվում։
Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ երկու գործ է ուղարկվել դատարան, որոնք առնչվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին։

(Visited 8 times, 1 visits today)