Աղմկոտ պատմությունների կենտրոնում. Հրաժարական կտա՞ Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի շուրջ քննարկումները մեկ շաբաթից ավելի է՝ չեն դադարում: Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրների և քաղհասարակության զայրույթը հերթական անգամ հարուցեց իր վերջին հայտարարությամբ, երբ գերության մեջ գտնվողներին անվանեց դասալիքներ:

լեն Սիմոնյանը շատ կոպիտ սխալ է թույլ տվել՝ գերության մեջ գտնվողներին դասալիք անվանելով, նշում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և շեշտում՝ դատարանի կողմից նման վճիռ չկա, իսկ բարձրաստիճան պաշտոնյան վերջիններին քրեական հանցագործություն է վերագրում:

Ալեն Սիմոնյանն ԱԺ-ն ղեկավարում է ընդամենը հինգ ամիս, բայց այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է տարբեր աղմկահարույց դրվագներով արժանանալ ինչպես ընդդիմադիր դաշտի, այնպես էլ քաղհասարակության սուր քննադատությանը։ Առաջին սկանդալը պայթեց 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին իսկ նիստի օրը, երբ պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի շենքում լրագրողների տեղաշարժը սահմանափակվել է:

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց նաև ընդդիմության համար սահմանափակումներ կիրառել, թիրախում էին հատկապես Նիկոլ Փաշինյանին անունով դիմող պատգամավորները: Պետական կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո հույս կար, որ խորհրդարանը դառնալու է քաղաքակիրթ բանավեճի հարթակ:

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև քննարկումը երբեմն վերածվում էր ձեռնամարտի կամ շշամարտի: Սրան հաջորդում էր բռնությունը լրագրողների նկատմամբ: Ալեն Սիմոնյանի ցուցումով՝ ԱԱԾ ծառայողները թույլ չէին տալիս լրագրողներին տեսանկարահանել նիստերի դահլիճում ընթացող ձեռնամարտերը:

Ի վերջո՝ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ խորհրդարանի պատմության մեջ գրանցվեց աննախադեպ երևույթ. ԱԺ նախագահի ցուցումով՝ անջատվեց ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը: Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել «Հայաստան» խմբակցությունը՝ համանուն դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում: Ներքին շրջանառության մեջ է դրվել Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ:

«Հայաստան» խմբակցությունն Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջում է, քանի որ, ըստ ընդդիմության, նրա հայտարարություններն ու վարքագիծն ուղղակիորեն ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու նախագիծը, հրապարակվելուց հետո, նախ ընդգրկվելու է գլխադասային հանձնաժողովի օրակարգում, ապա՝ ԱԺ խորհրդի և վերջում՝ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Սակայն իշխանությունը կարող է հարցի քննարկումը ձախողել՝ դեմ քվեարկելով այն լիագումար նիստի ընթացքում քննարկելուն: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պնդում են՝ իշխանական խմբակցությունը միասնական դիրքորոշում ունի՝ Ալեն Սիմոնյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ: Իսկ ահա ընդդիմության նախաձեռնությունը շոու են համարում:

Ալեն Սիմոնյանին պաշտոնից հեռացնելու հարցում «Հայաստան» խմբակցությանը կաջակցի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թեև մամուլում տեղեկություններ կան, որ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը և Թագուհի Թովմասյանը չեն միացել նախաձեռնությանը: Թովմասյանը, սակայն, հերքում է այս տեղեկությունները: Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությանը՝ նշել է, որ ամեն ինչ ճիշտ է անում:

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:

Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»,- Ֆեյսբուքում գրել է Սիմոնյանը: Վերջին արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 680 հազար քվե, իշխանավորները, որպես Ալեն Սիմոնյանին պաշտոնից չհեռացնելու հիմնավորում, նաև սա են առաջ քաշում: Լևոն Բարսեղյանը նշում է՝ քվե տալ՝ չի նշանակում չքննադատել:

Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի այսօրինակ ելույթներ ունենալ. իշխող ուժի տրամադրվածությունը չի հուշում նրա պաշտոնակության մասին: Ավելին, նա առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ է ապրելու․ Ալեն Սիմոնյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցներ, այս պահին առանձնատունը վերանորոգվում է: Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

(Visited 2 times, 1 visits today)