Բաքուն նշել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայանալու պատճառը

Բաքուն հրաժարվել է Ստոկհոլմում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հանդիպումից՝ հայ պատգամավորների Արցախ կատարած այցի պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել հարևան երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ադրբեջանցի նախարարը, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այդ միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել արտգործնախարարների միջև», հայտնում է Բաքվի ԱԳՆ-ն՝ ավելացնելով, որ նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ «անօրինական այց» են կատարել Լեռնային Ղարաբաղ։

«Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպման անցկացումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Երևանի այս դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»,- ասվում է Բաքվի ԱԳՆ հաղորդագրությունում։

(Visited 6 times, 1 visits today)