Քաղաքացին տուգանվել է՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար

Քաղաքացի Խ․Հ․-ն տուգանվել է 70 հազար դրամով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

2021 թվականի հունիսի 2-ին նախաքննության մարմինը Խ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով, որ «նա, «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում, հանրային հասանելի հարթակով, քաղաքական հայացքներով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հիշյալ սոցիալական կայքում հայտնաբերելով ՀՀ վարչապետի դիմանկարով, գետնին պառկած, գլխին՝ ոտք դրված դիրքով, «Մորթել Հրապարակում» գրառումով լուսանկարը, այն ներբեռնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում, ինչից հետո հիշյալ լուսանկարը բռնության կոչ պարունակող՝ «Թուրքի ծրագրով եկել ես հայի գյուլից կգնաս» գրառումով հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր անձնական էջում»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նապոլեոն Օհանյանի, որոշել է Խ․ Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասնապատիկի` 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով:

(Visited 6 times, 1 visits today)