Ինչպես է ցնցումների մեջ հայտնված երեխայի առողջական վիճակը. (Տեսանյութ)

Երեկ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութեր էր հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկում քաղաքացուն:

Տեսանյութից նաև երևում է, որ այդ տեսարանին ականատես են եղել նաև բերման ենթարկվող քաղաքացու 3 անչափահաս երեխաները:

Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի:

Նրանց հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո:

Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակի Գևորգ Դերձյանի հետ, որն ասաց՝ երեխային այսօր են տեղափոխել հիվանդանոց շտապօգնության մեքենայով.

«5 տարեկան տղա երեխա է եկել, իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել: Մեզ մոտ ստացել է առաջին բուժօգնությունը, դեղեր են նշանակել և դուրս է գրվել»,- նշեց խոսնակը:

Հետաքրքրվեցինք, թե որն է եղել երեխայի վատ ինքնազգացողության պատճառը, Գևորգ Դերձյանն ասաց, որ իրենք պատճառներից տեղյակ չեն:

Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ հրապարակման հիման վրա, նշանակվել է ծառայողական քննություն:

(Visited 43 times, 1 visits today)