Կարծես այս օրերի մասին է խոսում Սիրադեղյանը՝ 23 տարի առաջ

Hraparak-ը գրում է. 1998 թ. հարցազրույցներից մեկում Վանո Սիրադեղյանն արել է ուշագրավ դատողություններ. «Պարտադիր է լուրջ օպոզիցիան: Համենայնդեպս, այն դեպքերի հա­մար, երբ որ ճգնաժամ կսկսվի երկրում, արտաքին, զուտ Ղարաբաղի հետ կապված …դրսի բարդությունները կանցինեն ներսին և հնարավոր է գա մի ժա­մանակ, երբ իշխանությունը չկարողանա կա­ռա­վարել երկիրը:

Այդ դեպքի համար պատրաստի քաղաքական մի կառույց է պետք կամ քաղաքական կոալիցիա, քաղաքական մի մարմին, որն իր վրա կարող է վերցնել երկրի կառավարումը: Հիմա դժվար է ասել, երբ այդքան կուսակցությունները միմյանց չեն վստահում, ինչպես դա կստացվի: Իհարկե, ինձ ասում են, որ ՀՀՇ-ին չեն վստահում: Ես էլ ասում եմ, որ ես էլ իրենց չեմ վստահում:

Այդ անվստահության վրայով անցնելու համար մի հստակ մեխանիզմ կա. կուսակցությունները կամ անհատները պետք է ժողովրդի առջև պարտա­վո­րություններ ստանձնեն: Ստեղծեն մի ստվերային կաբինետ…պետք չէ մեկ անհատի վրա դնել հույսը, Դեմիրճյանը կլինի, Վազգեն Մանուկյանը, Սիրադեղյանը, չգիտեմ…

 

Հայաստանի նման փոքր երկրում, մեծ պետությունների շահերի այս թատերաբեմում, մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ձեռքին քրքրված Հայաստանում մեկ քաղաքական դեմքը միշտ կարող է պարտվել, միշտ կարող են խեղդել մեկ դեմքին: Դրա համար կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում էր»:

Հիրավի պետական գործչի դատողություններ: Թեպետ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ- ին պաշտպանելու դիրքերից է արտահայտվում, բայց զգացվում է, որ նա արդեն մտավախություն է ունեցել, որ այդ կառույցը ճշմարիտ ճանապարհից սկսել շեղվել… Ասում են, թե մի օր, գլխի ընկնելով, թե ինչ արատավոր բարքեր են ձևա­վոր­վում, և թե ինչ ծուռ ու առանց հիմքերի է կառուցվում հայոց պետականության շենքը՝ երրորդ հանրապետությունը, Վանո Սիրադեղյանը զայրացած, թե հիաս­թափ­ված դիմել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ասելով.

«Ես քո ստեղծած պետությունը…» Վանո Սիրադեղյանի այս դատողությունների նման դատողություններ, հնա­րավոր է, արվել և արվում է շատերի կողմից. քաղաքագետներ, կուսակցական գոր­ծիչներ՝ ինչպես դիլետանտ, այնպես էլ փորձառու: Բայց այս տրամաչափի պետա­կան գործչի, ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի, երրորդ հանրա­պետության ստեղծման ակունքներում կանգնած անձնավորության ասածն ավելին արժե:

Կարծես այս օրերի մասին է խոսում Սիրադեղյանը՝ 23 տարի առաջ: Հարգելի քաղաքական ուժեր, քաղաքական ու պետական (ակնկալիքով, որ այդ­պիսիք կգտնվեն) գործիչներ՝ • չե՞ք կարծում, որ, ըստ Վանո Սիրադեղյանի վար­կածի, Նիկոլ Փաշինյանին «խեղդել» են, • կարո՞ղ եք հաղթահարել միմյանց նկատմամբ անվստահության անդունդը, • ունա՞կ եք ստեղծել կոալիցիոն ստվերային կաբինետ,

• պատրա՞ստ եք ժողովրդի առջև ստանձնել պարտավորություններ: Եթե չեք կարող, ունակ չեք ու պատրաստ չեք, ապա ինքնալուծարվեք, որպեսզի ժողովուրդը զուր հույսեր չփայփայի:

(Visited 9 times, 1 visits today)