Ժամանակը սպառվում է. Հրատապ համակարգում Մոսկվայի ու Բաքվի միջեւ

Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքների եւ Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ Բաքվի կիսաօֆիցիոզի եւ մոսկովյան հայտնի կայքերի հրապարակումների համեմատական քննությունը թույլ է տալիս վստահ պնդել, որ Հայաստանի դեմ ուղղված հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմական գործողությունները մշակվում են Մոսկվայում եւ համակարգվում Բաքվի հետ:

Դրությունը ճշտությամբ կրկնում է անկախ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ռուս-քեմալական արշավանքի դրվագները 1920-1923 թվականներից: Հրատապ համակարգումը տեղի է ունենում նաեւ Հայաստանի ռուսանպաստ հայտնի զլմ-ների հետ:

Ընդ որում, ռուսական կողմում դրանով զբաղվում են այսպես կոչված «հայամետ» հեղինակները, որոնց խնդիրը հենց «հայամետության դիրքերից» ռուս-թուրքական ծրագրերի, դրանց անայլընտրանքության քարոզչությունն է:

Ինչ է պետք դրա համար՝ Հայաստանում «հուսահատության ու հիասթափության մթնոլորտի» պահպանումը, որի մասին գրում է ռուս հայտնի փորձագետը: Այստեղ արժե ընդգծել, թե որն էր նոյեմբերի 9-ից հետո հայկական ռուսանպաստ կուսակցությունների ու զլմների գործունեության հիմնական ուղղությունը՝ ողբի, անելանելիության, հուսալքության տարածում:

Ռուսաստանը տապալվել է, կամ ավելի ճիշտ կրել է գուցե ճակատագրական պարտությունը հարավային ռազմավարական ուղղությամբ: Հայկական բանակի, պետական ու քաղաքական ինստիտուտների ենթարկումը, ռազմական ներկայության ընդլայնումը միայն խորացնում են այս հանգամանքը՝ ստանալով ամեն ինչ՝ Ռուսաստանը հայտնվել է կոտրած տաշտակի առջեւ, ինչն առաջիկա ամիսներին ակնհայտ է դառնալու:

Ռուսաստանի քաղաքականության հետ տապալվել է նաեւ նրա նողկալի քարոզչությունը Հայաստանի դեմ, այդ թվում՝ դրա դրույթները մշակողները եւ համակարգողները: Ավելին, պետք է նշել մի կարեւոր հանգամանք՝ այդ քարոզչությունը տվեց հակառակ արդյունք՝ հայ հանրության համար լիովին բացահայտեց Մոսկվայի ծրագրերի էությունը:

Սակայն խնդիրը միայն դա չէ. Հայաստանի դեմ քարոզչության հեղինակներն ու համակարգողները մատնում են Մոսկվայի ու Բաքվի վախերը. նրանք շատ լավ գիտեն, որ ամեն ինչ կախված է Հայաստանից, եւ Մոսկվան, Բաքուն ու Անկարան կախված են Հայաստանի որոշումներից՝ իրենց ծրագրերի լեգիտիմացման համատեքստում:

Հայաստանի դեմ ցեղասպան գործողությունները պատերազմի տաք եւ հետպատերազմյա հիբրիդային փուլերում, նողկալի քարոզությունը նպատակ ունեն Հայաստանին հարկադրել այդ որոշումներին, որի մասին Պուտինը բացահայտ խոսեց Փաշինյանի հետ հանդիպմանը: Մեկ այլ, գուցե գլխավոր նպատակն է, որ հայ հանրությունը հանկարծ չպարզի իր համար այդ հանգամանքը՝ «մնալով հուսահատության ու հիասթափության մթնոլորտում»:

Խորհրդարան անցած ուժերը, զլմ-ները պետք է հասկանան, թե ինչի հետ գործ ունեն, եւ ինչ պատասխանատվություն են կրում: Մոսկվայի ու Բաքվի ժամանակը սպառվում է, դրան զուգահեռ մեծանում է ճնշումը: Դիմադրել է պետք, բոլոր հնարավորությունները կան թշնամական ծրագրերը տապալելու համար:

(Visited 3 times, 1 visits today)