Որոշումը կայացրեց. Իշխանության կյանքը դժոխքի կվերածի

«Հայաստան» դաշինքում այս օրերին քննարկվում է ոչ այնքան մանդատները վերցնել-չվերցնելու հարցը՝ արդեն պարզ է, որ մանդատները կվերցնեն, այլ մշակվում է ռազմավարություն, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմությունը։ Ռազմավարության մշակմանը մասնակցում է ողջ թիմը՝ պատգամավորության թեկնածուներից, որոնք ցուցակի առաջին 30 համարներն են զբաղեցնում, մինչեւ չանցողիկ համարներ, փորձագետներ, քաղտեխնոլոգներ, մասնագետներ։

Երկու տարբերակ է քննարկվում․ առաջինը՝ դաշինքը շարունակում է մինչ այս գործող ընդդիմության դասական ավանդույթները, պատեհ պահին բոյկոտելով նիստերը, չմասնակցելով քվեարկություններին՝ այսկերպ արտահայտելով իշխանությունների այս կամ այն նախաձեռնության նկատմամբ իրենց դիրքորոշումը։ Սակայն դաշինքի անդամների մեծ մասը չի ցանկանում նմանվել նախկին ընդդիմադիրներին, գնալ նրանց ճանապարհով, որը բնորոշում են որպես պասիվ բոյկոտ, այլ հակված են ցանկացած պարագայում մնալ նիստերի դահլիճում եւ ակտիվ քայլերով խոչընդոտել իշխանության աշխատանքները։

Քննարկվել են էքստրաօրդինար քայլեր, օրինակ, մուրճով նիստերին ներկայանալուց, ամբիոնը գրավելուց սկսած, վերջացրած այլ, այսպես կոչված, գժական քայլերով։ Կարճ ասած՝ դաշինքում հակված են իշխանության կյանքը դժոխքի վերածել, քննարկումների ժամանակ հենց այդ արտահայտությունն էլ հնչել է։ Խորհրդարանական խմբակցությունը ցանկացած նիստից, գործողությունից առաջ իր անելիքները պետք է քննարկի նշված քաղտեխնոլոգների, փորձագետների խմբի հետ, եթե պատգամավորների առաջարկը ոչ էֆեկտիվ գնահատվեց եւ հավանության չարժանացավ, ապա խմբի հետ համատեղ եւ արդյունավետ այլ քայլեր են մշակվելու:

Այժմ քննարկում են, թե ինչպես նշանավորել նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ «Մենք բռնություն չենք կիրառելու, գուցե սիմվոլիկաների միջոցով տարատեսակ ակցիաներ իրականացնենք, օրինակ՝ հիշեցնենք մուրճի մասին, կամ այլ ակցիաներ իրականացնենք, բայց բռնության չենք գնալու»,- երեկ մեզ վստահեցրեց դաշինքից պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան մեր տեղեկություններին, թե կան խոսակցություններ, որ հնարավոր է Փաշինյանի ելույթի ժամանակ շիշ շպրտեք վրան կամ ամբիոնը գրավեք։ «Ինչ վերաբերում է ամբիոն գրավելուն, դա էլ պետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե նախկինում Փաշինյանի թիմակիցները հրավառություն էին անում խորհրդարանի ամբիոնի մոտից, ապա մենք էլ կարող ենք այլ ակցիաներ մեզ թույլ տալ»։

Խամոյանը պարզաբանեց, թե ինչու են դեմ պասիվ բոյկոտի տարբերակին եւ հակված իշխանության «կյանքը դժոխքի վերածելուն»․ «Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունները ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, որեւէ բանից էլ չեն նեղսրտում։ Այնպես որ, կարող են առանց մեր մասնակցության էլ իրենց աշխատանքները շարունակել։ Հենց այդ պատճառով էլ մեր թիմը հակված է իրենց ամեն օրը դժոխքի վերածել, ամեն հարցի վերաբերյալ հաշվետվություններ պահանջել, խնդիրները վերհանել, մեր ակտիվ ներկայությամբ խախտել նրանց անդորրը»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցը եւս փակված չէ։ Թիմում կարծիքները կիսված են, մի մասը համարում է, որ Քոչարյանը պետք է անպայման գնա ԱԺ, նրա ներկայությունը «դուխ» կտա թիմին, իրենց կշիռը կավելանա, կուժեղացնի թիմը, եւ նա կդառնա խորհրդարանի դե ֆակտո առաջին դեմքը։ Մյուս մասը համարում է, որ պետք չէ երկրորդ նախագահին ուղարկել ուսապարկերի միջավայր՝ նստելու նրանց հետ նույն դահլիճում եւ լսելու նրանց անհեթեթություններն ու փաշինյանական հաթաթաները։

Ոչ պակաս քննարկման թեմա է դարձել Գեղամ Նազարյանին խորհրդարան մտցնելու հարցը։ Հիշեցնենք, որ նա 31-րդն է, իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակից 29-ն են անցել խորհրդարան, եւ առնվազն երկու հրաժարականի դիմում պետք է գրվի՝ մեկն արդեն անցած թեկնածուներից, մյուսը՝ 30-րդ համարը, որը 7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանն է։ Սակայն թիմը ցանկանում է վերջինիս տեսնել խորհրդարանում, այդ պատճառով էլ անցողիկ երկու թեկնածու պետք է դիմում գրի։

Մեկի հարցը կարծես թե լուծված է։ 23-րդ համար Ալեքսանդր Խաչատուրյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմն է, ֆինանսական, բանկային իրավունքի խորհրդատու, չի ցանկանում օրենսդիր տեղափոխվել եւ շարունակելու է իր մասնագիտությամբ աշխատել։ Տեղեկություններ կային նաեւ Արամ Վարդեւանյանի մասին, ենթադրում էին, որ նա չի ցանկանա իր բարձր վարձատրվող աշխատանքը փոխարինել 500 հազար դրամ վարձատրությամբ պատգամավորության հետ, սակայն նրա հարցում էլ դեռ 50/50 է։

Նա՝ որպես իրավաբան ու ակտիվ մարդ, կարող է մեծ դեր խաղալ խորհրդարանում։ Թիմում լավագույն լուծումը համարում են, որ ինքնաբացարկի դիմում գրի ցուցակի 27-րդ համարը՝ ռոմանոգերմանականն ավարտած երիտասարդ աղջիկ Մարիանա Եփրեմյանը, ով դասախոսում է համալսարանում, սակայն նա էլ կարծես թե նման ցանկություն չունի։

Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում, բացի դա՝ թիմում կարծում են, որ նա փայլուն օրենսդիր կլինի, լավ հռետոր է եւ ակտիվ քաղաքացի։

Քննարկվում է նաեւ ԱԺ-ում ընդդիմությանը հասանելիք պաշտոնների հարցը։ Եթե Քոչարյանը գնա խորհրդարան, պարզ է, որ խմբակցության ղեկավարը նա կլինի, եթե ոչ, ապա ավելի շատ հակված են Արմեն Գեւորգյանին վստահել այդ պաշտոնը՝ ելնելով նրա կառավարչական ունակություններից։

Իշխան Սաղաթելյանին էլ, հավանաբար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի կամ հակառակը՝ Արմեն Գեւորգյանին, իսկ Սաղաթելյանին՝ խմբակցության ղեկավարումը։ Հանձնաժողովների նախագահների, տեղակալների մասով դեռ հստակեցում չունեն։
Դաշինքում միաձայն որոշել են նաեւ, որ բյուջեով օրենքի տեսք ստացած եւ ամենամսյա պարգեւավճարները, որոնք սահմանված են պատգամավորների համար, կվերցնեն, բայց ի սկզբանե կհայտարարեն, որ դա ուղղելու են սոցիալական կամ հումանիտար մի կառույցի կամ էլ պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավոր զինվորների ընտանիքներին։

 

(Visited 3 times, 1 visits today)