«Մեծարգո պրն Քոչարյան». Նաիրի Հունանյանի նամակի ուշագրավ պատմությունը

4rd.am-ը գրում է. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո գլխավոր ոճրագործն ուղիղ քսան օր սպասել է և ոչ մեկի վրա ոչ մի ցուցմունք չի տվել, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն պայմանավորվածությունները, որոնք եղել են նախագահ Ռ. Քոչարյանի, իր և Ալեքսան Հարությունյանի միջև:

Այնուհետև Նաիրի Հունանյանը հասկանալով, որ ինքը «քցված է» (Արամ Սարգսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ), 1999թ. նոյեմբերի 16-ին գրավոր դիմում է հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին հետևյալ խնդրանքով. «Մեծարգո պրն Քոչարյան, հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո Ձեզ հետ հանդիպման ժամանակ անսալով Ձեր կոչին մենք հանձնվեցինք, հավատալով և վստահելով Ձեզ և Ձեր խոսքին: Դեպքից ավելի քան 20 օր է անցել, և մենք որոշ մտահոգությամբ դիմում ենք Ձեզ, նկատի ունենալով անշուշտ և գիտակցելով, որ որոշ անպատեհություն կա, այնուամենայնիվ խնդրում ենք Ձեզ տաս րոպե զոհել Ձեր թանկագին ժամանակից և ընդունել մեզ: Կանխահայտ շնորհակալությամբ՝ Ն. Հունանյան, Կ. Հունանյան»:

Ոճրագործ Հունանյանների այս խնդրանքը Ռ. Քոչարյանը մերժել էր, որից հետո նրանց նյարդերը տեղի են տվել, և նրանք ցուցմունք են տվել Ռ. Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանի և մնացած բոլոր այն անձանց դեմ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են ոճրագործությանը և դրա իրականացման նախապատրաստական աշխատանքներին:

Ն. Հունանյանի և նրա հանցավոր խմբի հավաստիացումների արդյունքում էլ որպես մեղադրյալներ կալանավորվեցին Ռ. Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Հանրային հեռուստատեսության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը, սոցիոլոգ Նաիրի Բադալյանը և այլոք:

Ն. Հունանյանի այդ ժամանակահատվածի բոլոր վկայությունները նախաքննական մարմինը հիմնավորել էր նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված կողմնակի ապացույցներով, որոնք էլ հետագայում հաշվի չառնվելով և միայն ոճրագործի ցուցմունքը փոխելով, քրգործը կարճվել էր Ա. Հարությունյանի և մնացած բոլորի մասով, բացի կատարող հնգյակից: Իսկ թե ինչպես է գլխավոր ոճրագործը փոխել Ա. Հարությունյանի և մնացած բոլորի վերաբերյալ ցուցմունքները, նա վկայել է անձամբ (իր և Ա. Հարությունյանի հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը խնդրել է փոխել ցուցմունքները և բազմիցս անգամ նշել իր ցուցմունքներում, որ ինքն ուղղակի ընդառաջել է Ալեքսան Հարությունյանի խնդրանքին: Ամենայն հավանականությամբ, ոճրագործը, թեկուզև ուշացումով, այնուամենայնիվ համոզվել է, որ նախագահի տված երաշխիքները իրագործվում են և միայն դրանից հետո է որոշել ընդառաջել Ա. Հարությունյանի խնդրանքին: Միաժամանակ որոշ բաց տեղեր թողնելով, որպեսզի հետագայում նույնպես «քցված» չզգա:

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԵՂԵԼ Է ԱԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ

Ն. Հունանյանը եղել է ԱԱՆ գործակալ և ըստ նորմալ տրամաբանության, նա իր բոլոր գործողությունները համաձայնեցրել է ԱԱՆ-ի հետ (այդ մասին իրենց ցուցմունքներում վկայել են ԱԱՆ-ի մի խումբ աշխատակիցներ նույնպես): Բայց պարզվում է, որ ԱԱՆ-ի այն ժամանակվա ղեկավարը նույնպես 27-ի վերաբերյալ գաղտնիք ունի, որը չի ասում: Հոկտեմբերի 27-ի հետ կապված Սերժ Սարգսյանն ասում է. «Ես ասել եմ բազմաթիվ անգամ և հիմա էլ կրկնում եմ, որ բացարձակապես չեմ ուզում մեկնաբանել որևէ հայտարարություն: Դա էլ թող մնա իմ գաղտնիքը, իմ սկզբունքը, դրա ժամանակը գալու է: Ես ընդամենը մի հայտարարություն, մի մեկնաբանություն եմ արել և հարյուր անգամ դա կրկնել եմ»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված ոչ թե մեկ, այլ մի քանի հայտարարություն է արել. «Ինձ և Ռ. Քոչարյանին կասկածողները եռակի անբարոյական են», «ԱԱՆ աշխատակիցները կպատժվեն» («Առավոտ» օրաթերթ), «Ես դեռ իմ ասելիքը կասեմ». ահա սրանք են պարոն պաշտպանության նախարարի և այն ժամանակվա ԱԱՆ նախարարի՝ 27-ի վերաբերյալ արած հայտարարությունները: Մինչդեռ գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանը 11.16.99 թվին ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին ուղղած իր հայտարարության մեջ նշում է (Թուրքիա մեկնելու հետ է կապված եղել նրա հայտարարությունը): «Այսպիսով որևէ ավելորդ քայլ առանց ԱԱՆ-ի հետ համաձայնեցնելու մեր կողմից չի կատարվել: Խնդրում ենք քննության ընթացքում հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, որպեսզի այդ հարցը չշահարկվի (նկատի ունի Թուրքիա մեկնելը): Ն. Հունանյան, Կ. Հունանյան»:

Միգուցե Սերժ Սարգսյանը իր ասելիքը կասի դատարանում, երբ որպես մեղադրյալ հանդես գա 27-ի գործով:

ՈՃՐԱԳՈՐԾՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

2000թ. մայիսի 30-ին, երբ արդեն Արամ Սարգսյանն այլես վարչապետ չէր, և ոչ ոք չէր խանգարում Ռ. Քոչարյանին, որպեսզի նա կարողանա լիարժեք իրագործել ոճրագործին տված իր բոլոր խոստումները, Ն. Հունանյանը վստահաբար փոխում է իր բոլոր ցուցմունքները ոչ միայն Ռ. Քոչարյանի խորհրդական Ա. Հարությունյանի վերաբերյալ, այլև մնացած բոլոր 27-ի գործով կալանավորված անձանց, ովքեր ինչ-որ բան կարող էին վկայել (Նաիրիի վստահությունը Ռ. Քոչարյանի հանդեպ վերականգնվել է մայիսի 30-ից հետո) և փոխարենը ցուցմունք է տալիս զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, քննչական խմբի մյուս անդամների դեմ, միաժամանակ նշելով, որ ինքը բոլորին դեմքով և անուններով ճանաչում է և որ ժամանակը կգա, ինքը պատասխան կպահանջի: Ոճրագործը մայիսի 30-ին և դրանից հետո իր տված ցուցմունքներով ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ապացուցի, որ Ալեքսան Հարությունյանի և ոչ միայն նրա դեմ ինքը ցուցմունք է տվել քննչական խմբի ճնշման ազդեցությամբ և նշում, որ իրեն ու խմբի մյուս անդամներին քննիչները խոշտանգել են ԱԱՆ մեկուսարանի քննչական սենյակներում:

«ՉԻ», օգոստոսի 6, 2002թ.

(Visited 7 times, 1 visits today)