Ինչու է անհանգստացած պահեստազորի փոխգնդապետը

Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել հուլիսի 7-ից չերկարացնել N զորամասի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց պահեստազորի փոխգնդապետ Զաքար Բժշկյանը։

28 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայած Զաքար Բժշկյանի խոսքով, սա ակնհայտ ռեպրեսիայի ձեւ է, եւ օրվա իշխանությունները ամեն կերպ ուզում են ազատվել փորձառու եւ մարտական ուղի անցած հրամանատարներից։

«Ես ապաքաղաքական մարդ եմ, պարզապես անհանգստացած եմ երկրի անվտանգությամբ եւ սահմանների պաշտպանությամբ։ Փոխանակ Գրիգորի Խաչատուրովի նման հրամանատարներին ավելի բարձր զինվորական պաշտոններ տան՝ մերօրյա բանակը ուժեղացնելու համար, չգիտես ինչու՝ նպատակահարմար չեն գտնում շարունակելու նրա հետ պայմանագիրը»,–ասում է Զաքար Բժշկյանը։

Զինվորականի համոզմամբ՝ այսօր բանակից փորձառու հրամանատարների ազատումը մեկ նպատակ է հետապնդում՝ թուլացնել բանակը եւ պարարտ հող ստեղծել անկլավները հանձնելու համար։

Զաքար Բժշկյան Պաշտոնաթող փոխգնդապետը հիշեցնում է՝ Գրիգորի Խաչատուրովը կարողացավ Տավուշում ճիշտ ղեկավարել հուլիսյան սահմանային միջադեպերը, ինչի արդյունքում հաղթեցինք։

«Խաչատուրովը միակն էր այն գեներալներից, ով հանուն երկրի անվտանգային շահի մինչեւ վերջ պայքարեց Օնիկ Գասպարյանին՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման՝ օրվա իշխանությունների պայքարի դեմ եւ հավատարիմ մնալով իր զինվորական խոսքին, պատվին եւ արժանապատվությանը՝ չնահանջեց ոմանց նման»,–ասում է Զաքար Բժշկյանը։

Նա կոչ է անում անկախ քաղաքական հայացքներից՝ համախմբվել եւ պայքարել անհայրենասեր որոշում կայացնողների դեմ, ովքեր կարող են մի գրչի հարվածով հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը։

«Օրեր առաջ ազատվեց նաեւ Ագարակի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը, ով նույնպես օրինակելի եւ փորձառու հրամանատար էր։ Այս ամեն ինչի վրա, եթե մենք աչք փակենք, ապա մենք կփակենք հայոց պատմության վերջին էջերը»,-զրույցը եզրափակեց Զաքար Բժշկյանը։

(Visited 7 times, 1 visits today)