Եթե Նիկոլը լուրջ քայլեր չձեռնարկեց, իրավիճակը կշրջվի իր դեմ. Քիչ է ժամանակը. Ինչ է կատարվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, ինչպես եք գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում փաստացի ընդդիմության կարգավիճակով Ազգային ժողով անցան այն ուժերը, որոնց ժողովուրդը մեղադրում է Հոկտեմբերի 27, Մարտի 1 կազմակերպելու մեջ, իրենց թալանելու և 20 տարի շարունակ կեղեքելու մեջ։ Ինչու այս պատկերը ստացվեց։

-Պատճառը շատ պարզ է. նրանք ահռելի ռեսուրսներ էին ներդրել, բացի դա օգտագործեցին պահը, ժողովրդի վիճակը, իրենց նախկին կապերը։ Իրենք երկիրը իրենց սեփականության պես օգտագործել էին, ինչ ուզեցել արել էին, բայց Նիկոլը եկել ու ամեն ինչ բլոկել էր։ Դրա համար էլ ընտրության ժամանակ սաղ հին թալանչիները միավորվեցին։

Բայց ժողովրդին էլ մալադեց։ Իրենք մի մարդու պես կանգնեցին Փաշինյանի կողքին։ Ու էդ նախկինները այնքան ռեսուրս որ դրել էին, դրա կեսի կեսի չափ էլ ձայն չստացան։ Եվ սա այն պարագայում, որ ուժային կառույցներից ու լիքը ուրիշ համակարգերից ժողովրդի կեսը անցել էիր իրենց կողքը ներքին կարգով։ Էդ նույն աշխատողները կարող էին նախկիններին բաժանել ընտրակաշառքի դեմն առնեին ու դրա արդյունքում նրանք իրենց հավաքած ձայների կեսն էլ չէին հավաքի։

-Այսինքն՝ չլիներ ընտրակաշառքի ազդեցությունը իրենք ավելի քիչ ձայն կհավաքեին։

-Անկասկած։ Կաշառքի դեմն առնեին՝ նրանք շատ-շատ քիչ ձայն կհավաքեին։

-Ամեն դեպքում և Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերը անցել են Ազգային ժողով։ Դուք ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք այդ ուժերի ապագա գործողությունների, գործունեության մեջ։

-Վտանգը ես տեսնում եմ, բայց Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդը իրեն պողպատե մանդատ է տվել ու եթե ինքը հիմա այդ պողպատե մանդատը ճիշտ չօգտագործի, երկիրը էս վիճակին հասցնողներին չպատժի, ապա իմ կարծիքով մինչև աշուն այս ամենը շուռ կտան հենց Նիկոլ Փաշինյանի դեմ ու ժողովուրդը էլ չի կանգնի Նիկոլի կողքը։

-Իսկ Դուք վստահություն ունե՞ք, որ իշխանությունը ի վերջո կօգտագործի այդ պողպատե մանդատը և ինչ դրսևորում այն պետք է ունենա։

-Բանդայի դեմն առնելու համար պետք է օգտագործել այդ պողպատե մանդատը։ 90-ականներին Վանո Սիրադեղյանը 6 ամիսը մեկ ՆՎԴ-ու ուժերի դասավորություն էր անում, տեղափոխություններ էր անում։ Իսկ եթե հիմա այսպես մնաց շատ վատ պատկեր կլինի, ջուրը ոնց է ճահիճում նեխում, այդպես էլ հիմա կլինի Հայաստանում։

Դատարանները առաջնահերթ պետք է բարեփոխել։ Նրանք մաֆիայի, կրիմինալի հետ թիվ մեկ համագործակցողներն են։ Բայց եթե իշխանությունը ոլորտ առ ոլորտ աշխատի, խնդիրները լուծի, ապա ես բարդություն չեմ տեսնում։ Ցանկացած հարց էլ լուծելի է։ Բայց եթե գործ չարվեց, ժողովուրդը էլ իր կողքը չի կանգնի։ Նրանք տեսան, որ կարող են լուրջ ձայն հավաքել ու եթե գործ չարվի իշխանության կողմից իրավիճակը կշրջվի Նիկոլի դեմ։ Նրանք արդեն ԱԺ-ում, որոշակի ուժ ունեն ու, կրկնում եմ, եթե Նիկոլը հիմա էլ գործ չանի արդեն ԱԺ-ից իրեն կդատեն։

-Պարոն Հակոբյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք խոսում էիք երրոդ ուժի ձևավորման անհրաժեշտության մասին։ Ինչո՞ւ այդ ուժը չձևավորվեց ու ժողվուորդը ստիպված եղավ ընտրել ներկաների ու նախկինների միջև։

-Երրորդ ուժը շատ թույլ պահեց իրեն։ Եթե մի քիչ ակտիվ լինեին, դա կստացվեր։ Ես մտածում էի, որ Կոնգրեսը կարող էր այդ ուժը լինել, բայց չստացվեց։ Պարզապես ստեղծված իրավիճակում ով էլ լիներ երրորդ ուժը, չէր ստացվելու։ Հարցը կտրուկ էր դրված՝ ներկա, թե նախկիններ։ Բայց հիմա, եթե Փաշինյանը թույլ աշխատի, իր այդ պողպատե մանդատը ճիշտ չօգտագործի, ապա հաստատ այդ երրորդ ուժը կձևավորվի։

-Կոնգրեսը շատ քիչ ձայն հավաքեց։ Ո՞րն էր պատճառը, Ձեր կարծիքով։

-Կոնգրեսում բոլորոր որոշումները կայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե նա մի 10 տարի ջահել լիներ, ապա Կոնգրեսը հաստատ կկրեր։ Տեր-Պետրոսյանը հիմա ի վիճակի չէր ակտիվ ընտրարշավի մասնակցել, իսկ թիմն առանց Տեր-Պետրոսանի չէր կարող։ 2008-ին ինչպես եղավ՝ հենց ինքը մասնակցեց՝ ամբողջ ժողովուրդը հավաքվեց իր կողքը։ Հենց ինքը չկա՝ իրենց կողքը էլ մարդ չի հավաքվում։

-ԵԿՄ-ն այս ընտրություններին չեզոք դիրք ընդունեց։ Ինչո՞ւ ի տարբերություն 2018-ի բացահայտ չկանգնեցիք իշխանական ուժի կողքին։

-ԵԿՄ-ում տարբեր կուսակցության ներկայացուցիչներ կան։ Կան Հանրապետականներ, դաշնակներ։ Եթե որոշում կայացվեր սատարել իշխանությանը, ճիշտ չէր լինի։ Դրա համար էլ թողել էինք ազատ որոշման։ Բայց ես էլ, Սասուն Միքայելյանն էլ պատրաստ էինք օգնել իշխանությանը։ Կարող եմ ասել, որ երկրապահի 90 տոկոսը պաշտպանում էր Փաշինյանին։ Կարող են եղած լինել նաև Քոչարյանին պաշտպանողներ, բայց հիմնական մասսան, կրկնում եմ, պաշտպանում էր Փաշինյանին։

-Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամն այլևս հաղթահարված է։ Դուք համաձա՞յն եք այս դիտարկման հետ։ Թե ամեն ինչ դեռ նոր է սկսում։

-Ներքաղաքական ճգնաժամն իր ասելով չի հաղթահարվում։ Ժողովուրդը պետք է տեսնի ու զգա դա։ Ես էլի նույն բանը պետք է ասեմ՝ եթե հիմա գործ չարվեց, ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կա, ապա նորից ճգնաժամ կլինի։

Ճգնաժամը ստեղծել են թալանչիները, որոնց մեծ մասը հիմա իրենց տեղում աշխատում են ու հենց նրանք էլ միտումնավոր լուրջ պրոբլեմներ կստեղծեն, եթե Նիկոլը լուրջ քայլեր չանի:

(Visited 3 times, 1 visits today)