Ոչ մի սուր հարց, ոչ մի հիշեցում… Հարցազրույց հայտնի գործակալությանը

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը: Հարցերից ակնհայտ է դառնում, թե որքան մեծ սեր կա լրատվամիջոցի ու բանախոսի միջև. ոչ մի սուր հարց, ոչ մի հիշեցում նրա ղեկավարման շրջանում իրականացված հանցագործությունների ու հանցավոր սխալների մասին:

Նույն օրը նույն գործակալությունը հրապարակում է լուր հետևյալ գլխագրով՝ «Բաքվում դատապարտել են լիբանանցի վարձկանի, որը կռվում էր Ղարաբաղում»: Իհարկե, հասկանալի է, որ խոսքը Վիգեն Էուլջեքչյանի մասին է:

Քոչարյանի համակիրները մշտապես խոսում են, որ նա մեծ շրջապատ, մեծ կապեր ունի և դրա շնորհիվ կարող է հարցեր լուծել: Հիմա նույն օրը հարցազրույց է տալիս լրատվամիջոցին, ու նրա բովանդակությունից ակնհայտ է դառնում, թե որքան ներդաշնակություն կա իրենց միջև:

Մի երկու կոպեկով ավելացնեիք հոնորարի թիվը և ստիպեիք, որ այսպիսի հակահայկական նյութեր չտիրաժավորեն: Բայց՝ ոչ: Ձեզ նման մանրուքները չեն հետաքրքրում, ձեզ հետաքրքիր է միայն սեփական գովազդը:

Նման վերաբերմունքը միայն մեկ բանի մասին է վկայում. ձեր կապերը և փողերը միայն ձեզ են ծառայում, բայց ոչ երբեք՝ Հայաստանի շահին:

(Visited 1 times, 1 visits today)