Փաստորեն, ՀԱՊԿ-ն այսպես «արձագանքեց» Հայաստանի դիմումին. Ինչ է կատարվում

Հայաստանում տեղի են ունենում «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ:

ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Փաստորեն, ՀԱՊԿ-ն այսպես է «արձագանքում» Հայաստանի դիմումին, այն բանից հետո, երբ երկարատեւ «խորհրդակցություններից» հետո այդ կազմակերպության խոսնակը պարզ հայտարարեց, որ Հայաստանի դիմումը ընթացք չի ստանալու որպես այդպիսին: Ավելին, «Գրոմ» անունով զորավարժությունները սովորաբար նախատեսված են թմրանյութերի դեմ պայքարի համար, ինչն այս իրավիճակում լրացուցիչ երանգներ է ավելացնում ՀԱՊԿ-ի վերաբերմունքին:

Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը, բացի արտաքին սպառնալիքներից, նախատեսված են նաեւ անդամ երկրների «ներքին սպառնալիքների» դեպքում միջամտելու համար: Թվում է, որ հենց այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրության շեմին:

Այն, որ ՀԱՊԿ-ը չէր միջամտելու, պարզ էր շատերին. Բաքվի զինված ներխուժումները Հայաստանի տարածքում Լավրովի պլանի ընդլայնված կիրառման միջոցներից են, Ռուսաստանի առաջնորդությամբ: Այս խնդրին Լրագիրն անդրադարձել է բազմիցս: Այդ պլանի իրագործման կարեւոր մասն է նաեւ Հայաստանում Փաշինյան-Քոչարյան «երկբեւեռ ընտրության» մոսկովյան սցենարը, Հայաստանում նախընտրական եւ հատկապես հետընտրական գործընթացներ խթանելու եւ ներքին անկայունությունը պահպանելու համար: Դա անհրաժեշտ է Հայաստանում ռուսական ծրագրերին դիմադրությունը թույլ չտալու համար:

«Երկբեւեռ ընտրության» կողմերի ներկայիս հռետորաբանությունը եւ գործողությունները կասկած չեն թողնում, որ ամեն ինչ ընթանալու է հենց այդ սցենարով: Դա նշանակում է, որ Հայաստանում նվազագույնը չի ձեւավորվելու լեգիտիմ իշխանություն՝ դրանից բխող հետեւանքներով: Իսկ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են պետք գալ այն դեպքի համար, եթե մոսկովյան սցենարից լինեն շեղումներ, եւ «սպառնալիք լինի անդամ երկրի սահմանադրական կարգին»:

«Երկբեւեռ ընտրության» կողմերը եւ ընդհանրապես բոլոր մասնակիցները սա պետք է աչքի առաջ ունենան. մտնելով ընտրական գործընթաց՝ նրանք կրում են ամբողջական պատասխանատվություն:.

Lragir.am

(Visited 1 times, 1 visits today)