Մեր ժողովրդի ճակատագրի հետ խաղալ որևէ մեկը իրավունք չունի

lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազույցում ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի ընդլայնման և ներուժի ավելացման հարցում: Հարությունյանն ասել է, որ Հայաստանը միշտ է ունեցել այդ հետաքրքրությունը, թեկուզ այն պատճառով, որ բազան ամբողջապես ներառված է հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

Կարող եմ ասել հետևյալը, առաջին դեմքերի, այն էլ այսպիսի կարևոր ոլորտի դեմքերի, այդպիսի հայտարարությունը ուղղակի հասկանալը ճիշտ չէ։ Հայաստանը ոչ թե այդպիսի հայտարարություններ պետք է անի, այլ դա ընթացիկ աշխատանքային գործընթացի ձևով պետք է տեղի ունենա, եթե գործող պայմանագրի մեջ դա նախատեսված է։ Բայց մենք տեսանք պատերազմը գործնականում և տեսանք, թե ինչպես է մեր ռազմավարական դաշնակիցը այդ պայմանագիրը մեկնաբանում, որը, ինչպես տեսանք, Հայաստանի շահերից բացարձակապես չէր բխում։ Սա նշանակում է, որ Վաղարշակ Հարությունյանը կամ որևէ մեկը, որը մեր երկրի ճակատագիրն է տնօրինում պատերազմից հետո, պետք է դնի Հայաստանի բանակի շտապ վերակազմակարպման խնդիր, պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը իր ուժերի նկատմամբ և աշխատի հիմնականում այդ ուղղությամբ։

Այստեղ գլխավոր հարց կա․ բանակը պետք է ամբողջովին վերականգնվի, նույնիսկ թափթփված շորերով զինվորականի համազգեստը պետք է փոխվի, որովհետև զինվորին, սպային և սպայական կազմին դա կտա ձգվածություն, պատրաստակամություն և զսպվածություն։ Այս ուղղությամբ մենք պետք է մտածենք և ոչ թե հիմա էլ ռազմաբազայի ընդլայնման մասին մտածենք։ Եվ բանակի վերակազմակերպումը պետք է բխի Հայատանի լեռնագրական միջավայրից։ Սա նշանակում է մոբիլ զորամասերի ստեղծում՝ հաշվի առնելով, որ առաջին՝ ստրատեգիական թիկունք չունենք, երկրորդ՝ պատերազը ապացուցեց, որ մեզ պետք են նաև կոմանդոս զորամասեր, երրորդ՝ շտապ կարգով իսկական իմաստով պետք է ձեռնարկել սպայական կազմի մարտական պատրաստության վերաբերյալ կրթություն՝ հիշելով, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տարիներ առաջ կուրսանտները իրար էին կախել, և այդ ակադեմիան չի կարող արդիական լինել։

Իսկ կարևորագույն խնդիր է ռազմական ստրատեգիա, ռազմական արվեստ սովորելը։ Պատերազմը ցույց տվեց, որ ոչ մեկը պատկերացում չուներ ոչ ստրատեգիայի և ոչ էլ տակտիկայի մասին։ Եվ այս ուղղությամբ պետք է մտածենք, և ոչ թե նորը տեղակայենք։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, անկախ նրանից՝ հայացքը որ ուղղությամբ է շրջում, պետք է հիշի, որ հարյուրամյակը լրացող 21 թվականի պայմանագիրը ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պամանագիր է, հետևապես նրանք պետք է մտածեն Ռուսաստանը ում դաշնակիցն է։ Իրականում հերոսական մաքառման 44 օրերին Վաղարշակ Հարությունյանը պետք է տեսնի, թե այդ ընթացքում ռուսական ամբողջ աջակցությունն ում կողմն է եղել, թուրքական կողմին է եղել աջակցություն։

Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի հայտարարությունը։

Պետության ուժն են որոնում։ Ակնհայտ է, որ մենք խիստ թուլացել ենք, և պետք է որոնել, բայց դարձյալ նվագում են հին երգարանից երգեր։ Ես երկար տարիներ կրկնել եմ, որ սովետական բանակի կազմակերպման ձևը Հայաստանի համար պիտանի չէ, նոր մոդելի կարիք կա։ Մեր բանակը պետք է բոլորովին նոր մոդել ունենա։ Մեր բանակի ամբողջ էությունը պետք է բխի նրանից, որ մենք ունենք ոխերիմ թշնամիներ, բարեկամները խիստ նվազագույնի վրա են, այնքանով, որքանով, և լեռնագրությունը մեր երկրի մեզ պետք է թելադրի։

Եվ պետք է որոնենք նոր դաշնակիցներ։ Շատ ուշադիր պետք է դիտել ԱՄՆ քաղաքականության համեմատական փոփոխության չափը, մինչև մայիս-հունիս իմ հաշարկով պարզ կլինի։ Նաև պետք է հետևել ռուս-թուրքական համագործակցությանը։ Ցանկացած պահի նա Հայաստան շահերը ոտնատակ կտա։

Մեր ժողովրդի ճակատագրի հետ խաղալ որևէ մեկը իրավունք չունի, դրա համար Պաշտպանության նախարարը պետք է լավ մտածի, նաև ԳՇ պետը։ ԳՇ-ն բանակի ուղեղն է։ Եվ այդ չափով էլ պետք է աշխատել քափ ու քրտինք մտած, ժամանակ չկա, ժամանակը մեր դեմ է աշխատում և այն մեր կողմն աշխատող ժամանակի պետք է վերածենք։ Մի խոսքով, բանակը հեղափոխական վերափոխումների առաջ է կանգնած։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 4 times, 1 visits today)