Ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի

«Նշանակում է՝ մեզ մոտ արդարադատությունը դեռ կեղծ է, նշանակում է՝ մեզ մոտ դեռ օրենքները չեն գործում, նշանակում է՝ մեզ մոտ ոչինչ չի փոխվել, ոնց եղել է Քոչարյանի օրոք, մնացել է Սերժի, հիմա էլ նույնը շարունակվում է:

Եթե հանցագործը գնացել է  այդ քայլի, բայց հարցաքննության ժամանակ պնդում է, որ ինձ երկու անգամ է  տեսել, այն էլ՝ էկրանից, էլ ինչ ասեմ, իր ասածն էլ ընդունում են, ինձ ասում են՝ դե ապացուցի, ես ոնց ապացուցեմ,

19 տարի առաջ է այդ դեպքը տեղի ունեցել, այն էլ կեսգիշերվա կեսին, ես եմ եղել ու ինքը, որտեղից ապացույց բերեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կասեցնելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի որոշմանը:

Հիշեցնեք, որ  Ղուշչյանը հայտարարել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին.

«Ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։

Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։

Արդյունքում՝ մարտի 29-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով,

այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը,

որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։

Աղբյուր՝ aravot.am

(Visited 191 times, 1 visits today)