Նախկինում «Ներդրումների համար հարցնում էին՝ «իմ փայը ո՞րն ա», իսկ այսօր դա չկա». ամերիկահայ գործարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հանդիպումներում, հայտարարություններում պարբերաբար նշում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները որակապես նոր փուլ են թևակոխել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամերիկահայ գործարար Վահե Կարպետյանն անդրադառնալով հարցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, նշեց.

«Շատ ճիշտ էր, որ Սփյուռքի նախարարությունը վերացավ և Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվեց շատ մեծ փորձառություն ունեցող անձ, որը կարող է հասկանալ սփյուռքահայության հոգեբանությունը»:

Սփյուռքահայ շատ գործարարներ խուսափում են գալ Հայաստան, այստեղ ներդրումներ կատարել և գործունեություն ծավալել:

Վահե Կարապետյանի խոսքով՝ առաջին հերթին սփյուռքահայ գործարարները վստահություն պետք է ունենան. «Մինչ հեղափոխությունը Սփյուռքը ներդրումների առումով կորցրել էր վստահությունը, և հայրենիքն էլ նրանց նկատմամբ այնքան էլ վստահություն չուներ:

Իսկ հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվում է: Վարչապետն իր ելույթում էլ նշեց, որ միայն հիմնադրամի միջոցով հնարավոր չէ ապագա ունենալ:

Ինչպես է հնարավոր վստահություն ստեղծել, գործարարը միլիոններ պետք է ներդնի, բայց ո՞ւմ վստահել. կարևոր է ստեղծել վստահելի կառույց, որտեղ կներդրվեն գումարները»:

Ամերիկահայ գործարարի դիտարկմամբ՝ նախկինում թափանցիկություն չկար. «Ներդրումների համար հարցնում էին՝ «իմ փայը ո՞րն ա», իսկ այսօր դա չկա»:

Խոսելով ներդրողի համար առկա դժվարություններից՝ գործարարը նշեց. «Փայ մտնողի հարցը վերացված է, բայց պետք է ներդրողների առջև դռները բացել: Հին օրենքները անընդհատ փակում են դռները, օրենքները դեռևս մշակված չեն»:

(Visited 700 times, 62 visits today)