Կոչ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանին պատժել բոլոր հանցագործությունների համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Մարտի 1-ին, և հոդվածում նշվում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին։Ինչքանո՞վ եք այս տեղեկատվությունն արժանահավատ համարում։

Այն, որ Հայաստանի հետընտրական պրոցեսների համար արցախցիներին էին տանում՝ դա հարյուր տոկոս է, հերքելի ոչինչ չկա, տանում էին մեծաքանակ մարդկանց։

Ես նույնիսկ դիմել եմ դատախազություն, ներկայացրել եմ հաղորդագրություն հանցագործության մասին՝ առ այն, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը պաշտոնական Երևանի՝ Ռոբերտ Քոչարյանի ու հետագայում Սերժ Սարգսյանի հրամանով Արցախից ուղարկում էին սեփական մարդկանց, որպեսզի այնտեղ ուժ կիրառեն։ Իսկ թե ով է կրակել՝ պետք է քննությունը պարզի։

Այո՛ միշտ Օգանովսկին է ղեկավարել, դա բոլորս գիտենք, ու քննությունը դա պետք է պարզի։

-Ո՞րն էր Օգանովսկիի կոնկրետ դերակատարությունը։

-Ինքն էր ղեկավարում տանել-բերելը, գործողություններ կատարելը։ Դա միայն ես չէ, որ գիտեմ, դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, այն ժամանակվա պատգամավոր Մալխասյանը, իրենք անձամբ տեսել են։ Հայաստանի այսօրվա թոշակի անցած կամ գործող ոստիկանները ևս գիտեն այդ մասին, ինքն էլ շատ լավ գիտի, այստեղ Արցախում ևս բոլորը շատ լավ գիտեն այդ մասին, գաղտնիք չկա։

-Եթե քննությամբ դա հաստատվի, ի՞նչ հետևանքներ կլինեն, ըստ Ձեզ։

 

-Որևէ հատուկ հետևանք չի լինի, գնահատական կտրվի, ու ամեն մեկն իր պատիժը կկրի։ Ով հրահանգ է տվել՝ դա պետք է պետական հանցագործություն դիտարկել, իսկ ով կատարել է՝ հանցագործություն։ Իսկ թե կոնկրետ ով է այդ տասը մարդուն սպանել, բոլորը գիտեն. զոհվել են ոստիկաններ, քաղաքացիական մարդիկ։

Եղել են սադրիչներ, որոնք խանութներ են ջարդել ու ցույց տվել՝ իբր ցուցարարները թալանչի են։ Խառը հանցագործություններ են կատարվել, ինչը մանրակրկիտ քննություն է պահանջում։ Ես կառաջարկեի դատախազությանը՝ օգտվեն համացանցում առկա՝ Մարտի 1-ի հանձնաժողովի տեսանյութերից, ամեն մեկն այդպիսով իր գնահատականն ու պատիժը կստանա։

-Օգանովսկին թեպետ հրաժարական է տվել, բայց Արցախի ուժայիններում շատ մարդիկ կան, որոնք այդ գործողություններին մասնակից են եղել, շարունակում են պաշտոնավորել։ Սա ինչքանո՞վ է օրինաչափ։

-Անթույլատրելի և անբարոյական է, որ այդ գործում ներգրավված տարբեր չափի հանցագործները շարունակեն պաշտոնավարել։ Այդ պատճառով էլ շեշտում եմ՝ գնահատականը պետք է շուտ տրվի։

Ես դրա համար էլ կոչ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանին պատժել բոլոր հանցագործությունների համար, բոլոր նախագահներին չեմ ասում անպայման նստեցնել, բայց պետք է գնահատական տրվի բոլորին։ Մինչև այդ գնահատականը չտրվի՝ նոր կառավարությունը չի կարողանալու հստակ ծրագիր մշակել, թե ինչ պետք է անի այդ ուղղություններով:

Խոսքը վերաբերում է տնտեսական լծակների հետբերման ուղղությանը, Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը, ԵԱՏՄ-ի, գազային պայմանագրերի վերականգմանը, կապի ծառայություններին, նաև տնտեսական ու կենցաղային բոլոր ուղղություններին, արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններին՝ Արցախի հարց, Ցեղասպանություն, արտաքին պարտք։ Բոլոր հարցերը կապված են միմիայն քաղաքական գնահատական տալու հետ։

(Visited 4 254 times, 10 visits today)