ՍԴ-ն մարտահրավեր է նետում վարչապետին. 1in.am

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ գործը վարույթ ընդունելու որոշումը, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է նախօրեին, փաստացի մարտահրավեր է դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում այն կողմին, որն, այսպես ասած, դատավոր Վահե Գրիգորյանի գծած դիրքից այն կողմ է, այսինքն՝ Հրայր Թովմասյանի դիմաց:

ՍԴ որոշումը փաստորեն Հրայր Թովմասյանի հակագրոհն է: Քննարկումը՝ գրավոր կարգով, նա նշանակել է օգոստոսի 20-ին: ՍԴ-ն կորոշի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը սահմանադրակա՞ն է, թե՞ նա այդ հարցում անձեռնմխելի է:

Դատարանի որոշումն արդեն իսկ առաջացրել է արձագանք Վահե Գրիգորյանի գործընկերների շրջանում, որոնք ՍԴ որոշումը համարում են անօրինական, նշելով, թե դատարանը չուներ գործը վարույթ ընդունելու իրավունք՝ մի քանի պատճառով:

Սակայն պետք է անշուշտ արձանագրել, որ իրավիճակը Սահմանադրական դատարանի շուրջ վաղուց արդեն դուրս է զուտ իրավունքի կամ իրավական տիրույթից, և գործընթացը զարգանում է քաղաքական տրամաբանության գերակայությամբ:

Եվ այստեղ ակնառու է, որ Հրայր Թովմասյանն ու դատավորները մարտահրավեր, ձեռնոց են նետել քաղաքական իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, համենայնդեպս դատելով մայիսի 20-ի նրա ելույթի տրամաբանությունից և հետո այն շարունակությունից, որ իրավիճակն ունեցավ Վահե Գրիգորյանի ելույթով:

Ահա այդ տրամաբանության շրջանակում ստացվում է, որ Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին «ժամանակ է տվել»՝ մինչև օգոստոսի 20-ն անել քայլեր, որոնք կփոխեն իրավիճակը և կկանխեն Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը:

Հակառակ պարագայում, համենայնդեպս՝ հանրության գերակշռող մեծամասնությունը թերևս համոզված է, Սահմանադրական դատարանը կկայացնի որոշում, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան գործում ունի անձեռնմխելիություն, համենայնդեպս այն բովանդակության շրջանակում, որով մինչ այժմ տարվել է գործը:

Հակառակ որոշումը, դարձյալ՝ համենայնդեպս, կլինի ուղղակի աներևակայելի և կստացվի, որ Սահմանադրական դատարանը ուղղակի «զոհաբերում» է Ռոբերտ Քոչարյանին:

Արդյոք կարո՞ղ է տեղի ունենալ այդպիսի բան, ինչի միջոցով գուցե Հրայր Թովմասյանն ու մյուս անդամից դատավորի կարգավիճակի անցած դատավորները կփորձեն, այսպես ասած, փրկել սեփական դիրքը Սահմանադրական դատարանում:

Թե՞ վարչապետ Փաշինյանը դադար է վերցրել՝ Սահմանադրական դատարանի որոշման բումերանգի էֆեկտ դարձյալ աշխատեցնելու համար: Եվ, ի դեպ, դեռ որքա՞ն ժամանակի կամ շրջափուլերի էֆեկտիվության պաշար ունի այդ բումերանգը:

1in.am

(Visited 274 times, 1 visits today)