Զարմանում ես, թե ինչու՞ է նշվում Մելինե Դալուզյանի տրանսգենդեր լինելը

Ինչ-որ մեկին պետք է, որ Օլիմպիական խաղերում հայ ծանրամարտիկները հանդես չգան: Ստահոտ լուրերով մեր մարզիկներին հաղթել հնարավոր չէ: Օլիմպիական խաղերին մեր ծանրորդները մասնակցելու են:

Խաչիկ  Չախոյան, Sputnik Արմենիա

Արտասահմանյան որոշ կայքերում ինֆորմացիա է հրապարակվել, ըստ որի հայ ծանրամարտիկ-տրանսգենդեր Մելինե Դալուզյանին որակազրկելու պատճառով Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է տեղ կորցնել օլիմպիական խաղերում:

Զարմանում ես, թե ու՞մ է պետք նման ինֆորմացիան: Կամ ինչու՞ է նշվում Մելինե Դալուզյանի տրանսգենդեր լինելը ու դրան գումարվում Հայաստանի հավաքականին  սպառնացող որակազրկումը:

Անմիջապես նշենք, որ Ծանրամարտի Հայաստանի հավաքականին ոչ մի որակազրկում էլ չի սպառնում: Իսկ հիմա հիմնավորենք այս ամենը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշեց. «Տոկիոյի օլիմպիական խաղերին այս պահին Հայաստանից մասնակցելու իրավունք ունեն երկու տղամարդ և երկու կին: Բայց այս թիվը կարող է և փոխվել ու, ի դեպ, ոչ թե կարող է նվազել, այլ աճել: Հիմա ծանրամարտում մարզիկները պայքարում են օլիմպիական խաղերի անհատական ուղեգրերի համար, և չի բացառվում, որ մեր հավաքականը մրցումներին ներկայանա ավելի շատ ծանրորդներով»- ասեց Փաշիկյանը:

 

Անդրադառնալով տրանսգենդեր ծանրորդին և այն փաստին, թե ինչո՞ւ  նրա որակազրկումը կարող է անդրադառնալ մեր հավաքականի վրա, Ալավերդյանը հիշեցրեց, որ Մելինե Դալուզյանը տրանսգենդեր է դարձել ծանրամարտում իր կարիերան ավարտելուց հետո: Նա եղել է կանանց Հայաստանի հավաքականի անդամ: « Բայց մեր հավաքականին այլևս ոչ մի որակազրկում չի սպառնում, առավել ևս Մելինե Դալուզյանի պատճառով»:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հայ ծանրորդների դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկվեց ու չմասնակցեց Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը: Բայց դա արդեն անցյալում է:

Նույն 2018 թվականին Սիմոն Մարտիրոսյանը փայլեց աշխարհի առաջնությունում` դառնալով չեմպիոն, իսկ այս տարի էլ մեր մարզիկները հերթական տիտղոսները նվաճեցին Բաթումում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ուղղակի ինչ- որ մեկը վախենում է հայ ծանրորդների մասնակցությունից ու պարզապես բամբասում համացանցում:

Իսկ ինչ վերաբերվում է տրանսգենդեր մարզիկներին, ապա նրանց երբեք չեն արգելել ծանրամարտի մրցումներին մասնակցել։ Փաշիկ Ալավերդյանը հատուկ նշեց, որ Ֆիջին ներկայացնող ծանրորդներից մեկը 2015 թվականին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկավ տղամարդկանց մրցումներում, իսկ 2018 թվականին արդեն կանանց մրցաշարի մասնակից էր: Այսինքն` տրանսգենդեր բնորոշումն օգտագործելը ոչ մի կապ չունի օլիմպիական խաղերի քվոտաների հետ:

 

(Visited 585 times, 1 visits today)