Հիմա նորերին վայելելու ժամանակն է եւ եթե կա մի գործիչ, որ նորերին վայելելու փոխարեն բողոքում է, ուրեմն նա կարճամիտ է

ArmDaily.am-ի հարցազրույց թատերագիր Վահրամ Սահակյանի հետ։

-Ի՞նչ է կատարվում Հայաստանում, չկա արդեն մշակույթի նախարարությունը, Նարինե Թուխիկյանը նշանակվեց փոխնախարար, Նազենի Ղարիբյանն էլ ամեն ինչից հրաժարցվեց։ Էլ մեզ մեռնել չկա, թե՞․․․․

— Ինձ թվում է, որ մեզ… ավելի շուտ՝ ինձ, այնքան էլ երկար ապրելու հնարավորություն չի տրված, որ գիտենամ Ձեր թվարկած մարդկանց անուն-ազգանունները, էլ ուր մնաց՝ ճանաչեմ։ Ես կարծեմ բազմիցս ասել եմ, որ ինչպես ցանկացած ուշիմ ստեղծագործող, այնպես էլ ես՝ կյանքիս ընթացքում երբեք չեմ շփվել մշակույթով զբաղվող պետական պաշտոնյաների հետ, դրանք ինձ պետքք չեն եկել, դրանք միշտ եղել են անպիտան մարդիկ։

Ես գործում եմ մենակ, հաճախ պրոդյուսերների եւ այլ անհատների հետ։ Ու հիմա Ղարիբյանը կլինի թե Գանդեւոսյանը՝ ինձ համար լիովին մեկ է։ Բայց ես կածում եմ, որ մշակույթի շատ գործիչներ հասել են իրենց ուզածին եւ այսօրվա Ձեր մատնանշած այս ազգանուններն իրենք են ընտրել։

Այո, դա իրենց ընտրությունն է, որովհետեւ մեկ տարի առաջ՝ այդ գործիչները ցույցեր էին անում մշակույթի նախարարության մոտ եւ գոռում-գոչյուններով պահանջում էին, որ հները գնան եւ նորերը գան։ Նրանց տենչանքն իրականացավ՝ հները գնացին, նորերը եկան։

Հիմա նորերին վայելելու ժամանակն է եւ եթե կա մի գործիչ, որ նորերին վայելելու փոխարեն բողոքում է, ուրեմն նա կարճամիտ է, որովհետեւ բողոքում է ինքն իր ուզածի դեմ, այսինքն՝ ինք իր հետ է կռվում։ Ու վախենամ՝ այնքան կռվի, որ մի օր տա իրեն սպանի։

-Երկրի վիճակը արդյոք դրդում է ստեղծագործելու և ինչ կստացվի արդյունքում, շուտասելու՞կ, անեկդո՞տ, պոե՞մ․․․ 

— Վիճակը թե′ դրդում է եւ թե′ բրդում է, ասում է՝ շուտ արա, գնա ստեղծագործիր, քանի դեռ ամբողջ հասարակությունը չի խորտակվել քաղաքականության ցեխաջրում, քանի դեռ կան կիրթ մարդիկ, որոնք թատրոն են գնում եւ գիրք են բացում։

Ես ապրում եւ ստեղծում եմ միմիայն կիրթ մարդկանց, այսինքն՝ քչերի համար։ Լինի ԽԱԹԱԲԱԼԱԴԱ, լինի ՄԵԱ ԿՈՒԼՊԱ կամ մեկ այլ ստեղծագործություն՝ ես եւ իմ ընկերները երբեք չենք մտածել, որ այն դուր գա շատերին։ Եթե լավ է ստացվել՝ գուցեեւ շատերն են դիտել կամ կարդացել, բայց ես երբեք չեմ հենվել շատերի վրա։

Շատերը շատ վտանգավոր են, շատերը կեղծիքի առաջին արտադրողներն են եւ ես չեմ կարող հիմնվել «հասարակական կարծիք» անվանվող հասկացության վրա, որովհետեւ հասարակական կարծիքը փողոցային պոռնիկ է։ Դա ե′ս չեմ ասել, դա Նապոլեոնն է ասել, իսկ Նապոլեոնի շնորհած ազատությունը անհատների համար էր, այլ ոչ անգրագետ ու բռի ամբոխի, որին միայն արյունռուշտ տեսարաններ են հետաքրքրում եւ որը ենթակա է ամեն վայրկյանի դառնալ սեւ կամ սպիտակ եւ այդ պատճառով էլ՝ միշտ լինել գորշ։ Իմ ասածն էլ արդյունքում շուտասելուկ չստացվեց, սա ստացվեց հովվերգաէպիկական շեղում։

-Ի՞նչ գիտեք Սորոսի մասին, ի՞նչ է ուզում նա անել մեր երկրի հետ, ինչու՞ են մարդիկ պայքարում, սա կեղծ օրակա՞րգ է։ 4․ Շուտով Ոսկե Ծիրանն է։ Այն ըստ Ձեզ կայացած մրցույթ է, թե միջին մակարդակի բան, առանց որի էլ կարելի է ապրել։

— Սորոսի սարքած, կազմակերպած բոլոր չարագործությունները՝ նրա նեղված մանկության արդյունք են։ Նա քանդարար է, նա փլող է, խոսակցական լեզվով ասած՝ «Էդ ղեն դվիժենի ա սիրում»։

Ինքը լավ գիտի, որ թերզարգացած, երրորդ կարգի երկրներում բնակվում են իր նման անհեծանիվ եւ անշոկոլադ մանկություն անցկացրած մուրացկանակերպ անձինք, որոնց ես անվանում եմ Չարդարացված Մարդկային Օրգանիզմ, կարճ՝ ՉՄՕ։ Եւ Սորոսը լավ գիտի, որ ինչ էլ դրանց տա՝ վեր կկենան ու կգործեն։

Իսկ եթե այդ ամենն ընթանում է մարդասիրության, ազատության եւ արդարության գաղափարների տակ՝ ՉՄՕ-ներն առավել եւս հաճույքով են ծառայում, որովհետեւ իրենք էլ են հավատում, որ այդ ամենն այդպես է։ ՉՄՕ-ն պիտի ամեն ինչի հավատա, ձեւն է այդպես։ Մի խոսքով՝ ես չեմ սիրում քանդարարներին, իսկ Սորոսը կամ նման մեկ այլ կազմակերպություն՝ երկրներ եւ հասարակարգեր քանդելու համար են ստեղծված։

ՉՄՕ-ներն էլ փողն առնում են, մյուս, ավելի ցածր ՉՄՕ-ներն էլ ասում են, որ լավ են անում։
Երկու ամիս առաջ ես ավարտեցի ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ վեպը, իսկ այն կոնկրետ հենց մեր ժամանակների մասին է եւ այնտեղ ամեն ինչ կա՝ թե′ ՉՄՕ-ների եւ «Mer poxer@ lapel en» գրող պարազիտների եւ թե կարգին մարդկանց մասին։

Կարող եք մի քանի հատված ընթերցել։

(Visited 241 times, 1 visits today)