Երեք գեներալների կոմբինացիան. Բակո Սահակյանն արագացնում է

Արցախի նախագահ Բակո Սահակյանը կատարել է կադրային վերադասավորումներ, այդ թվում պաշտոնից ազատվել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի մասին մամուլն ազդարարել էր նախօրեին: Սակայն, Վիտալի Բալասանյանի պաշտոնաթողությունից առավել հետաքրքիր է Բակո Սահակյանի իրականացրած կադրային վերադասավորումը: Պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանին Արցախի նախագահը Արտակարգ Իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնից տեղափոխել է ոստիկանապետի պաշտոնին:

Լեւոն Մնացականյանը պաշտպանության նախարարի պաշտոնը թողեց ամիսներ առաջ: Ըստ տարածված տեղեկությունների, դա Երեւանի հետ հարաբերության լարվածության հետեւանք էր:

Եթե այդպես էր, ապա դա նշանակում է, որ Բակո Սահակյանը Մնացականյանին վերադարձնելով ոստիկանապետի պաշտոնին, այսինքն ուժային բարձր կարգավիճակի, փաստորեն խիստ ժեստ է անում Երեւանին:

Մյուս կողմից, փոքր ինչ, կամ գուցե զգալիորեն պարզունակ է մտածել, որ ինքնին Լեւոն Մնացականյանը կամ նրա այս կամ այն պաշտոնը Երեւանի համար խնդիր է: Այլ հարց է, որ մամուլը, նաեւ նախկին իշխանական շրջանակներ, որոնց ազդեցության տակ է մամուլի մի զգալի մասը, փորձում են գեներացնել այդօրինակ ինտրիգներ եւ դրանց վրա կառուցել հակաիշխանական քարոզչությունը:

Բայց, եթե Երեւանն Արցախում թելադրելու էր վերադասավորում, ապա դա կաներ ավելի վաղ, եւ ասպես ասած փաթեթով: Արցախում տեղի ունեցող վերադասավորումները թերեւս ավելի լայն ներքաղաքական համատեքստի դրսեւորում են, իհարկե առնչություն ունենալով նաեւ Հայաստանի իրողությունների հետ, բայց ամենեւին ոչ Երեւան-Ստեփանակերտ «դիմակայության»:

Արցախում իշխանության համար պայքար է, որը մեծ հավանականությամբ ճյուղավորվում է ընդհուպ դեպի Ռուսաստան, հաշվի առնելով շաբաթներ առաջ ռուսական ոչ անհայտ ֆիգուրների քարոզչությունն Արցախի պետհամալսարանում: Միաժամանակ հայտնի է, որ Արցախի նախագահի ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել պաշտպանության մեկ այլ նախկին նախարար՝ Սամվել Բաբայանը, որը մինչ այդ էլ ներկայացրել է արցախյան հարցի կարգավորման իր «տեսլականը»՝ ռուսական «մանդատի» ներքո:

Այդ ֆոնին, օրեր առաջ Վիտալի Բալասանյանը հայտարարեց շարժում սկսելու մասին՝ Հզոր, Միացյալ Հայաստան խորագրով: Սա հետաքրքիր է երկու ասպեկտով: Նախ «ռուսական մանդատի» հայտի, երկրորդ՝ Արցախի պետհամալսարանում ռուսական «էմիսարների» ելույթի, երրորդ՝ Արցախը Հայաստանի մարզ հռչակելու Սասնա ծռեր կուսակցության մոտեցման ֆոնին, որի շրջանակում ծռերը որոշակի կոնֆլիկտ ունեցան հենց Վիտալի Բալասանյանի հետ, որը հայտարարել էր, թե Արցախը մարզ համարողները թող չհատեն Արցախի սահմանը: Ծռերի եւ Բալասանյանի հարաբերությունը գալիս է գուցե դեռեւս 2016-ի հուլիսյան իրադարձություններից, որտեղ Բալասանյանը միջնորդ էր նրանց եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ու հանգուցալուծումից հետո ստանձնեց բանտում նրանց անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը:

Ի դեպ, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի շնորհակալությունն էր Վիտալի Բալասանյանին:

Այդ իմաստով հետաքրքիր է՝ Բալասանյանի հրաժարականը եւ ներգրավումը Արցախի նախագահի ընտրությանը նրա եւ Սերժ Սարգսյանի գործակցության ավա՞րտն է, թե՞ հերթական փուլ: Դա հետաքրքիր է հենց այն համապատկերում, որ ունի Արցախում իշխանության համար պայքարի ներկայիս ուրվագիծը, որ նկատելիորեն անցնում է ընդհուպ Ռուսաստանով:

Ի դեպ, այդ առումով ուշագրավ է մեկ այլ կադրային որոշում: Նախօրեին Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնը թողեց Արթուր Աղաբեկյանը, հայտարարելով սակայն, որ շարունակելու է հետեւել եւ անտարբեր չլինել Արցախի շուրջ տարբեր զարգացումների: Արդյոք Արթուր Աղաբեկյանի հեռացումը նախագահի խորհրդականի պաշտոնից նշանակում է, որ նա ծրագրում է աշխուժանալ Արցախի ընտրական գործընթացում, եւ ի՞նչ կարգավիճակով:

Այս համապատկերում, Լեւոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնին խորհրդանշում է թերեւս այն թեժ ու լարված դիմակայությունը, որ սպասվում է Արցախի նախագահի եւ խորհրդարանի սպասվող ընտրությանը: Ոստիկանությունն այդ տեսանկյունից մեծ նշանակություն կարող է ունենալ իրադրության կառավարելիության տեսանկյունից, ինչի համար էլ Բակո Սահակյանը այդ պաշտոնին է նշանակում փորձառու Լեւոն Մնացականյանին:

Միաժամանակ, այդ նշանակումը կարո՞ղ է հուշել գործընթացների արագացման հնարավորության մասին: Արցախի ընտրությունը սպասվում է 2020 թվականի գարնանը: Ընդ որում, սպասվում է միաժամանակ թե նախագահի, թե խորհրդարանի ընտրություն: Արդյոք կա մտադրություն տարանջատել դրանք, ինչի համար Բակո Սահակյանը կարող է հրաժարական տալ ավելի վաղ, որով էլ պայմանավորված է երեք գեներալների կադրային կոմբինացիան:

lragir.am

(Visited 402 times, 1 visits today)