Պաշտոնական տեղեկատվությունն ասում է… Նիկոլ Փաշինյան` «Երկրի հակառակ կողմը»

«Մեր տանը նստած էի, կյանքում հանրահավաք չէի հրավիրել, որևէ հանրահավաքում ելույթ չէի ունեցել:

Մեր տանը նստած էի, երբ սպանեցին Պողոս Պողոսյանին: Մեր տանը սուրճ էի խմում, և հեռուստաալիքներն ասում էին, որ «Առագաստ» սրճարանի զուգարանում մարդ է մահացել սրտի կաթվածից:

Ոչ ոք չէր համարձակվում ասել, որ այդ մարդուն`Պողոս Պողոսյանին, ոչ թե ինֆարկտ է խփել, այլ նրան սպանել է բռնապետի ոհմակը:

Դա տեղի է ունեցել ազգիս որդնած սերուցքի աչքի առաջ, այն նույն պոռնիկների աչքի առաջ, որոնք երգում են հայի աչքերի մասին, և որոնք չեն նկատել Պողոս Պողոսյան անուն- ազգանունով հայի աչքերից դուրս հորդող օգնության աղերսը:

Նրան սպանեցին այն օրը, երբ տանը սուրճ էի խմում անվրդով, սպանեցին ազգիս բոհեմական պոռնկատանը, ազգիս հարյուրավոր «մեծերի» աչքի առաջ, բայց չգտնվեց մի վկա, որ դատարանում պատմեր, թե ինչ է տեղ ունեցել:

Չգտնվեց: Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով էլ չստեղծվեց: Քյար չկար մեջը:

Կարո՞ղ էի որևէ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ Պողոս Պողոսյանը չսպանվեր, որ ողջ լիներ Պողոս Պողոսյանը:

Չէի շտապում պատասխանել, ցանկանում էի հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:

Տանը նստած սուրճ էի խմում, երբ նույն կերպ՝ ծեծելով սպանեցին Արտյոմ Սարգսյանին, որը ղեկավարում էր ասպիրանտների շարժումը՝ հանուն տարկետման իրավունքի:

Նրան նպատակային տարան բանակ ու նպատակային սպանեցին ծեծելով…

Լույսի լճակ աչքերն հայի…
Ցամաքեցրին ևս մի լճակ. ես տանը սուրճ էի խմում՝ հեռուստացույցի առաջ:

Հեռուստացույցը ոչինչ չէր ասում, այլ երգում էր լինզայված աչքերի հրաշքի մասին, աչքեր, որ սպանել տվեցին Արտյոմին:

Իսկ ես կարո՞ղ էի ինչ-որ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ Արտյոմին չսպանեին, որ նա ապրեր, ողջ լիներ:

Չէի շտապում պատասխանել այս հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:

Տանը նստած սուրճ էի խմում, խաղ էի անում երեխաներիս հետ, երբ սպանեցին Կարինե Սարգսյանին: Սպանեցին Մալաթիայի բանկի խաչմերուկում, սպանեցին այն պահին, երբ նա սև հաց և կաղամբ էր գնում իր ընտանիքի ընթրիքի համար:

Սպանեցին օրը ցերեկով: Ես այդ ժամանակ խաղ էի անում իմ զավակների հետ, ովքեր այդ օրը ընթրիքին կաղամբ կերան՝ սև հացով:

Կարո՞ղ էի ինչ որ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ չսպանեին Կարինե Սարգսյանին, որ ողջ լիներ Կարինե Սարգսյանը, լիներ իր ամուսնու կողքին, իր երեխաների հետ:

Չէի շտապում պատասխանել այս հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:

Հետո սպանեցին Լևոն Լևոն Գուլյանին. ծեծեցին, նա կորցրեց գիտակցությունը: Մտածեցին՝ կմահանա, ցած նետեցին պատուհանից, որ ասեն՝ ինքնասպան է եղել:

Կարո՞ղ էի ինչ –որ բան անել, որ աղետը տեղի չունենար, որ չսպանեին Լևոն Գուլյանին, որ ողջ լիներ Լևոն Գուլյանը:

Ե՞րբ սպանեցին Լևոն Գուլյանին. պաշտոնական տեղեկատվությունն ասում է ՝2007 թ. մայիսի 12-ին:
Ո՛չ, ասում եմ ես, 2008 թ. մարտի 1-ին: Իսկ 2007թ. մայիսի 12-ին ոստիկանության շենքում սպանեցին Գոռ Քլոյանին:

Տիգրան Խաչատրյանին սպանեցին «Առագաստ» սրճարանի զուգարանում ծեծելով, իսկ Պողոս Պողոսյանը սպանվեց Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ:

Կարո՞ղ էի ինչ-որ բան անել, կարո՞ղ եմ ինչ-որ բան անել:
Այո՛, կարող եմ ինձնից կախված ամեն ինչ անել հանուն այնպիսի Հայաստանի ստեղծման, որ սիրում է իր զավակներին, որ չի սպանում իր զավակներին:

Եթե հարկավոր է, կարող եմ զոհվել հանուն այդ Հայաստանի: Իսկ ինչու՞ չզոհվեցի:

Օ՜, դա արդեն ես չեմ որոշում, դա արդեն որոշում է ճակատագիրը: Ես չեմ փախչի իմ ճակատագրից, հավատարիմ կմնամ իմ ճակատագրին»:

«Էլի տասն այրի»
Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը»

(Visited 372 times, 1 visits today)