Երկու հայ, որ տակնուվրա արեցին թյուրքական աշխարհը

Մարզական աշխարհը տրամադրվում է սպորտի համար անսովոր երեւույթի.

Ադրբեջանը, որտեղ մայիսի 29-ին պետք է կայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, ինչպես գրում են լրատվամիջոցները, վիզա չի տրամադրում հայկական ազգանունով երկրպագուներին:

Հիշեցնենք, որ եզրափակիչում խաղալու են լոնդոնյան Արսենալն ու Չելսին: Արսենալի խաղացող Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ չի մեկնի Բաքու:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երկրպագուներին առաջարկում են նրա բացակայությունը փոխհատուցել ֆլեշմոբերով՝ հագնել Մխիթարյանի համարով մարզաշապիկներ եւ խաղի ժամանակ վանկարկել նրա անունը:

Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է վերածվել մեծ շփոթության: Բաքուն կարող են լցնել հազարավոր Մխիթարյաններ: Կստացվի, որ մեկ հայը կկարողանա «շրջել» երկիրը, որն իր քաղաքականությունն ու ինքնությունը կառուցում է հայերին չընդունելու ու մերժելու վրա: Ինչ-որ պահի այդ ամբողջը պատռվում է, եւ Ադրբեջանը հառնում է իր «հանդուրժողականության» ողջ մերկությամբ:

Նույն օրերին մեկ այլ հայ՝ Գարո Փայլանը, բացահայտում է Թուրքիայի իրական դեմքը: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության պատգամավոր Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությանը եւ ասել, որ վերջերս Կոնստանդունպոլսի քաղաքապետ ընտրված Իմամօղլուին մեղադրում են հունական ծագման մեջ:

Սա ռասիզմ է, ասել է պատգամավորը: «Ձեր պապերը, ձեզնից յուրաքանչյուրի, նույնպես կարող է հայ, հույն լինել: Դա չի կարելի ընդունել որպես վիրավորանք: Այս երկրի պատմությունը հայերը, հույները, թուրքերն ու քրդերն են», – ասել է նա:

Հիշատակումը, որ նրանց պապերը կարող են հայ լինել, սակրալ հայտարարություն է: Սա արյան, գենի կանչ է, որը չեն կարող փոխել ոչ իսլամը, ոչ գաղութացումը, ոչ արտաքսումը:

Անգամ Ադրբեջանի «սեւ ցուցակները» չեն կարող կանգնեցնել հազարավոր «Մխիթարյանների», որոնք կժամանեն Բաքու:

lragir.am

(Visited 268 times, 1 visits today)