Գեներալի ուշագրավ ցուցմունքը. Մարտիմեկյան գործի գորշ կարդինա՞լ

2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրել են իրավիճակին չտիրապետելու համար, երբ նա ասել է, թե չգիտե՝ որտեղ է իր տեղակալ Մանվել Գրիգորյանը: Այդ մասին մարտիմեկյան գործի իր ցուցմունքում հայտնել է Հայաստանի զինուժի հետախուզության նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը:

Արշակ Կարապետյանը այդ ժամանակ եղել է 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը։

Արշակ Կարապետյանը ներկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Մինչ այդ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նա ազատվել էր բանակի հետախուզության ղեկավարի պաշտոնից, իսկ մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան կցորդ:

Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կար հանրային տարածված կարիք, որ ադրբեջանական գրոհի անսպասելիությունը եղել է հետախուզության թերացման հետեւանք: Կարծես թե այդ կարծիքը հաստատում էր նաեւ Կարապետյանին պաշտոնից հեռացնելու Սերժ Սարգսյանի որոշումը: Սակայն Արշակ Կարապետյանին Մոսկվայից Երեւան վերադարձնելով եւ նշանակելով վարչապետի խորհրդական, Նիկոլ Փաշինյանն այդ հանգամանքի վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի մասին հարյուրավոր գաղտնի էջեր նյութեր է կարդացել, եւ դրանցում որեւէ փաստ չկա հետախուզական տվյալի բացակայության, հետախուզության վատ աշխատանքի մասին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը համարում է, որ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է մեղադրանք առաջադրված երկրորդ նախագահին: Կարապետյանի ամբողջական ցուցմունքը հայտնի չէ, բայց հրապարակվել է դրվագը հայտնի խորհրդակցության մասին: Դրվագն ուշագրավ է, թեեւ կարծես թե առանձնապես մեծ նորություն կամ անակնկալ չպարունակող:

Այդուհանդերձ, հարցեր առաջանում են, եւ թերեւս դրանք է, որ Հայաստանի հանրությանը պետք է տան տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ամբողջ համատեքստով հասկանալու հնարավորություն, ինչը հույժ կարեւոր է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության հեռանկարի համար:

Մասնավորապես, իսկապե՞ս պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը չէր տիրապետում իրավիճակին, թե՞ Հարությունյանը իրավիճակին տիրապետում էր, բայց այլ իրավիճակի:

Մայիսի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ տասը սպանված անձանցից առնվազն յոթին սպանել են անհայտ անձինք: Երկրորդ նախագահը փաստացի կրկնել է դեռեւս 2011-ին Լեւոն-Տեր-Պետրոսյան –Սերժ Սարգսյան երկխոսության օրերին իր հարցազրույցներից մեկում ասված միտքը, թե սպանությունները տեղի են ունեցել այն հատվածներում, որոնք չէին վերահսկում թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Իսկ կա՞ր «երրորդ վերահսկողություն»: Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ինչ որ բա՞ն գիտե, ո՞վ էր տիրապետում իրավիճակին այդ հատվածներում, կամ ո՞վ չէր տիրապետում: Թե դա Քոչարյանի ընդամենը պաշտպանական հնարք է:

Միաժամանակ, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի առումով, օրինակ, շատ հետաքրքիր է ամիսներ առաջ Ազատությանը տված հարցազրույցում այդ օրերին պաշտպանության նախարարի մյուս «ապստամբ» տեղակալի՝ Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է այն մասին, որ Միքայել Հարությունյանին դիմում էին Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի հանդիպում միջնորդելու համար, բայց հանդիպում չստացվեց:

Չստացվեց, որովհետեւ Հարությունյանը անզո՞ր էր ազդել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա, թե՞ նա կարող էր իր ուրույն դերն ունենալ «չստացվելու» հարցում:

Այդ ամենը հատկապես ուշագրավ լույսի ներքո հայտնվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ Միքայել Հարությունյանը ոչ միայն պատսպարվում է ՌԴ-ում, այլ ՌԴ քաղաքացիություն է ունեցել դեռեւս Հայաստանի ԶՈՒ-ում բարձրաստիճան պաշտոնի եղած ժամանակ, կարծես թե 2002 թվականից: Եվ այդպես էլ նա նշանակվել է պաշտպանության նախարար: Ի դեպ, այդ առիթով լրագրողների հարցին ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ամիսներ առաջ ասել էր, թե նրան նախարար նշանակելիս Ռոբերտ Քոչարյանն անձամբ չէր կարող տեղյակ լինել ՌԴ քաղաքացիության մասին:

Իսկ ո՞վ կարող էր տեղյակ լինել, որ այդ մասին տեղյակ չէր պահել նախագահին, այդպիսով փաստորեն Միքայել Հարությունյանին նախարար նշանակելով օրենքի խախտումով: Նրան նախարար նշանակեցին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը թողեց պաշտոնը եւ դարձավ վարչապետ, Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո, 2007 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Մինչ այդ Միքայել Հարությունյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր:

Հարությունյանը ներկայում Ռուսաստանում է, որտեղ իրավապահները չեղյալ հայտարարեցին նրա հանդեպ Հայաստանի հայտարարած հետախուզումը, այն հիմքով, որ նա ՌԴ քաղաքացի է: Ի՞նչ գիտե Միքայել Հարությունյանը մարտիմեկյան իրադարձությունների մասին, 0038 հրամանին առնչվող իրողություններից բացի: Ի դեմս նրա գործ ունենք մարտիմեկյան գործի «գորշ կարդինալի» կամ «մութ ձիուկի՞», թե պարզապես հեռանալ հասցրած գեներալ ծերուկի հետ:

lragir.am

(Visited 293 times, 2 visits today)