Նախկին և ներկա պաշտոնյաներ, երգիչներ, դերասաններ կանչվում են ՔԿ՝ հարցաքննության. մանրամասներ. «168 ժամ»

Բարձրաստիճան նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ, հայտնի երգիչներ ու պետական ծառայողներ այս օրերին կանչվում են ՀՀ Քննչական կոմիտե (ՔԿ)՝ հարցաքննության՝ բնակարանների ապօրինի ձեռքբերման կասկածանքով:

ՔԿ ծանր հանցագործությունների վարչությունում քրեական գործ է հարուցվել նախկին իշխանությունների կառավարման տարիներին սոցիալական բնակարանային ծրագրով կառուցված բնակարանների և հողերի իրացման գործով:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննության կանչված անձանց մեջ է եղել նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը, ով այս ծրագրի գլխավոր կոորդինատորն է համարվում:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական նախկին փոխնախարարին էր վստահված իրականացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» և «Երիտասարդ ընտանիքին` .» պետական նպատակային բնակարանաշինական ծրագրերը՝ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ միջոցով:

Հիշեցնենք նաև, որ սոցիալական բնակարանաշինական այս ծրագրի սկիզբը դրվել է դեռևս 2007թ. փետրվարի 1-ին՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» նախագծի մեկնարկով, երբ Արսեն Քարամյանը դեռևս ԵՊՀ պրոռեկտոր էր, հանդիսանում էր նաև «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ ղեկավարը:

Բնակարանաշինական ծրագրի իրականացման շրջանում և մինչ օրս ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ իրավապահների դիտակետում միայն հիշատակված ծրագրերը չեն, հարուցված քրեական գործով հարցաքննության են կանչվում նաև հեղափոխությունից առաջ ձեռնարկված և ներկայիս իշխանության օրոք կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հայտատուները, այս ծրագրում ևս հայտնաբերվել են կասկածելի մի շարք գործարքներ:

Նշված երեք ծրագրերում իրավապահները հայտնաբերել են ներգրավված մեծաթիվ անձանց, որոնք ոչ մի կապ չունեն պետական նպատակային ծրագրի չափանիշերի հետ, սակայն նախագիծն իրականացնող անձանց կողմից համարվել են շահառուներ:

«Յանս» ակումբի մի շարք աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և ՊԵԿ պաշտոնյաներ կանչվում են ՔԿ՝ բացատրություն տալու, թե ինչպե՞ս են հայտնվել Ծարավ Աղբյուր թաղամասում երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների սեփականատերերի ցանկում:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատեց մեր ունեցած ողջ տեղեկությունը՝ նշելով, որ գործով մեղադրվող անձ դեռևս չկա, իսկ Արսեն Քարամյանը կանչվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

«2019թ. փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1722-Ա որոշմամբ, ուղղակի վաճառքի ձևով օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են բնակարան ձեռք բերելու համար դիմած անձանց դիմումները, փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք, մեծածավալ լինելու պատճառով, դեռևս գտնվում են զննման փուլում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն»,- պարզաբանեց Նաիրա Հարությունյանը:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ այս գործով մեղադրվող անձանց շարքում, հնարավոր է, հայտնվեն նաև ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ, որոնք եղել են հոգաբարձուների խորհրդի կազմում և անուղղակիորեն պատասխանատվություն են կրում ծրագրով՝ մի շարք խախտումներով կնքված գործարքների համար:

168.am

(Visited 359 times, 1 visits today)