Մենք բոլոր հարցերում դուխով ենք… ժամանակ է պետք, որ դա մարսվի. թեժ բանավեճ՝ Հովիկ Աղազարյանի և Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 5-րդ ալիքի եթերում բանավեճի ժամանակ կարծիք է հայտնել, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանը գրեցին համաշխարհային պատմության մեջ: Վերջինիս հակադարձելով՝ ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը ասել է.

«Մեզ մոտ կատարվածը ես կուզեի, որ իսկապես այդպիսի համաշխարհին իրադարձություն լիներ, բայց հետևել եմ իրավիճակին, տեսել եմ, որ բարձրամակարդակ քաղաքական գործիչները այս ամենը ընդամենը համարում են իշխանափոխություն, որը ես նույնպես շատ դրական եմ համարում մեր կյանքում»:

Եթերի ժամանակ Աղազարյանը նշել է, որ մոտավորապես երեք տարվա ընթացքում է իրենց թիմը պատրաստվում սահմանադրական փոփոխություններ անել՝ պարզաբանելով որ այժմ ուրիշ կարևոր հարցեր կան:

Թեման շարունակելով՝ Հայրիկյանը ասել է, որ հեղափոխություն առաջին հերթին նշանակում է նախորդ իշխանությունների բացասական գործերի արմատական և հրատապ վերանայում. «Դա չի նշանակում, տարիներով հետաձգել ամենակարևոր հարցը, դա ամենալուրջ հարցն է, բայց, չգիտես ինչու, ամենալուրջ հարցը հետաձգվում է»,- ասել է Հայրիկյանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը վերոնշյալ հարցում «դուխով» չէ, Աղազարյանը նշել է. «Մենք բոլոր հարցերում դուխով ենք: Մենք այդքան, որ կարևորում ենք Սահմանադրության դերը և նշանակությունը թեթև մոտեցում չպիտի ցուցաբերենք. նոր իշխանություն եկավ, նոր Սահմանադրությո՞ւն պիտի լինի: Պիտի որոշ ժամանակ անցնի, ժամանակ է պետք, որ դա մարսվի, ամեն ինչ իր տեղը ընկնի, նոր տեսնենք»:

Նրան հակադարձելով՝ Հայրիկյանը հարցրել է՝ ինչո՞ւ պետք է մարսվեն վատ բաները:

Աղազարյանն էլ իր հերթին հարցրել է. «Իսկ ո՞վ է ասում, որ վատ է»: Հայրիկյանից ստանալով պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանն էր այն վատ որակել՝ Աղազարյանը ասել է.

«Նիկոլ Փաշինյանը աստված չէ, եթե ասել է վատ է, դա իր կարծիքն է, մենք էլ մեր կարծիքը ունենք: Երբ քննարկվում էր ՀՀ Սահմանադրության հարցը, ես Սերժ Սարգսյանի հանդեպ ոչ մի, այսպես կոչված, սիմպատիա չունեմ. գտնում եմ, որ շատ բաներ ինքը ճիշտ չի արել, բայց այս Սահմանադրությունը, որը այն ժամանակ ընդունվում էր, մեր երկրի ինքնիշխանությունը բավականին բարձրացրեց:

Որպես քաղաքացի, որպես պատգամավոր իմ անձնական կարծիքն է, որ այս Սահմանադրությունը բավականին հաջող է՝ իր թերություններով հանդերձ»:

mamul.am

(Visited 194 times, 1 visits today)