Հիմա բացահայտվում է պատմական այն իրականությունը, որը տեղի է ունեցել Մարտի 1-ին. հետո էլ դուք եք խոսո՞ւմ, ա՛յ հանրապետականներ, այս ամբողջ հանցագործությունների հետևում դուք եք կանգնած

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Похожее изображение

– Պարո՛ն Մանուկյան, ինչպես գիտեք՝ ՄԻԵԴ-ը կայացրել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ի՞նչ ազդակ կարող է այն հաղորդել Մարտի 1-ի քննվող գործին, և առհասարակ, ՄԻԵԴ-ի վճիռները կարո՞ղ են օգտակար լինել դատավարական պրոցեսում:

– Մարտի 1-ի գործը մեզ համար իրավական խնդիր չէ, այդ գործի բացահայտումը պատմական արժեք է և մեր երկրի հետագա զարգացման համար խստագույն կարևորություն ունեցող հարց է: Անշուշտ, սա ուղիղ գծով փոխկապակցված է Ռ. Քոչարյանի սպասվելիք դատավարության հետ և ազդեցություն կունենա:

Այս վճռով քանդվեց Սարգսյան-Քոչարյան իշխանական այն վարկածը, որ Ազատության հրապարակում մենք եղել ենք զինված և զենքի ուժով ուզեցել ենք իշխանություն վերցնել: Քոչարյանի և Սարգսյանի իշխանության բոլոր զեկույցներում ներկայացվել է, որ հավաքները խաղաղ չեն եղել, և ըստ այդմ՝ արդարացվել են բոլոր հետագա գործողությունները՝ մարդկանց ձերբակալությունները, ծեծելը, աշխատանքից ազատելը, հետապնդումները:

Եվ հիմա բացահայտվում է պատմական այն իրականությունը, որը տեղի է ունեցել Մարտի 1-ին. չմոռանանք, որ դա ուղղակի բողոքի ցույց չէր, այլ նախագահական ընտրություններին հաջորդող գործընթաց էր: Միայն մեկ օրինակ բերեմ՝ ընտրություններից հետո 20 հոգի դատապարտվել է միայն ոստիկանների ցուցմունքով ընտրական գործընթացների համար, հիմա այդ 20 գործը փչվելու է: Բոլոր այն գործերը, որոնց հիմքում եղել է ոստիկաններին դիմադրելը, նրանց օրինական պահանջը չկատարելը, քանդվելու են: Սա միայն վճիռ չէ այն մասին, որ ցույցերը եղել են խաղաղ, այլ ածանցյալ բոլոր գործերը քամի են դառնում:

– Ռ. Քոչարյանի փաստաբանը նկատառում է արել. «ՄԻԵԴ վճիռը դատավարական որևէ դիվիդենդ, որևէ նոր փաստարկ, նոր հիմնավորում չի ներկայացնում Ռ. Քոչարյանի գործում»: Փաստաբանը նաև ասել է, որ եթե իրենց ձեռքի տակ եղած նյութերն ունենար ՄԻԵԴ-ը, այսպիսի վճիռ չէր կայացնի:

– Դա մոլորություն է կամ ուրիշին մոլորեցնելու համար է արվում, իրավաբանները, կներեք, նման հիմարություն չպետք է ասեն: Տասը տարվա ընթացքում իշխանությունները հենց դրանով են զբաղված եղել, այնպիսի նյութեր են ներկայացրել, որ իբրև թե մենք՝ բոլորս, զինված ենք եղել, ահաբեկիչ ենք եղել: Նրանք ներկայացրել են ավելին, քան ունեցել են՝ բազմաթիվ ստեր, կեղծիքի հսկայական ծավալ են ներկայացրել…

Похожее изображение

Բայց բարձր միջազգային ատյանը կայացրեց վճիռ, որ մենք խաղաղ ցուցարարներ ենք եղել: 71 կետից կազմված վճռում մանրամասն ներկայացված է իրականությունը… Երկրորդ կետով արդարացվում են մեր բոլոր գործողությունները: Հիմնավորել են, որ մենք չենք ունեցել դատական համակարգ, որ արդարադատություն իրականացնելու հնարավորությունները խախտվել են:

 Դուք հավանաբար այս օրերին հանդիպել եք նաև տնային կալանքի իրավաչափության հարցով ձեր ընդդիմախոսների արձագանքներին, որ տեսաք՝ մենք ճիշտ էինք ասում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մենակ է թողել հանրահավաքի մասնակիցներին:

– Ես չեմ մտնում իրավական դաշտ, բայց զարմանում եմ այդպես ասողների ցինիկության վրա: Այս կարգի փաստաթղթից՝ ՄԻԵԴ-ի վճռից հետո դեռ խոսելու տեղ ունե՞ք: Ի՞նչ է տեղի ունեցել. հեղաշրջում, որի մասին մի քանի օր առաջ կամ հինգ տարի առաջ ասում էիք՝ չի եղել այդպիսի բան:

Իրենք ինչե՞ր էին ներկայացնում, հիմա այդ ամեն ինչը փուչ է դարձել, ու դրանից հետո դեռ խոսո՞ւմ են իրենք: Ընդհանրապես ՀՀԿ-ն կամ այդ թիմերը, որ այդքանից հետո խոսում են այդ մասին, գոնե այս հեղափոխությունից հետո բարոյականության նմուշ պետք է ունենան, սսկվեն, ձայն չհանեն, որովհետև ո՛չ ռեյտինգ ունեն, ո՛չ հարգանք ունեն, մեր ժողովուրդը գիտի ամբողջ ասելիքը:

Похожее изображение

Վերջիվերջո այդ փողը, որ ներդրվում է այդ քարոզի, լրատվամիջոցների համար, հո միշտ չի՞ աշխատելու, արդարությունը կամաց-կամաց աշխատում է, չէ՞, գալիս է, և փողով կարող ես կանգնեցնել ընթացքը, քարոզ անել, բայց չես կարող եվրոպացիներին էլ առնես քո փողով և ամբողջ իրականությունը ներկայացնես գլխիվայր շուռ տված:

 Փաստն այն է, որ գործը դատավարական փուլ է մտնում:

– Եվ ինչքան շուտ մտնի, այնքան լավ:

– Բայց առանցքային գործեր կան, որոնք չկան այս գործում:

Похожее изображение

– Իհարկե: Ես չեմ ասում, թե այս իշխանությունները թերություններ չունեն. անընդհատ հայտնաբերում են, այդ մարդիկ դրսում են լինում… Թերություններ կան, դանդաղություն՝ ինչքան ուզեք, հասարակությունն այսօր արագ գործընթացներ է ակնկալում, բայց փաստ է այն, որ գոնե առանցքային մասով ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն գնում են ճիշտ, և ՄԻԵԴ-ն էլ ճիշտ ուղի է տալիս. պետք է գնալ այդ ուղիով: Նյութերը շատ-շատ են:

– ԱԱԾ պետը խոստովանում է, որ պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք ներկայացնելը կարող է խնդիրներ հարուցել, և հնարավոր չի լինի նրա հետ աշխատել. այդ արտահայտությունից կարծես փակուղու հոտ է գալիս:

– Մի՛ անհանգստացեք: Ես կարծում եմ, որ երբ որ սկսվի դատական պրոցեսը, այնքան բաներ են հայնաբերվելու, այնքան բաներ են ասվելու, որ գոնե դրանից հետո չգիտեմ կսսկվե՞ն, թե՞ էլի փող աշխատելու մարմաջը կբերի տարօրինակ, անբացատրելի մեղադրանքների կամ արդարացումների:

Ժողովրդի մեջ կատակ կա տարածված, ասում են՝ Ռ. Քոչարյանն անգամ նստած տեղը ամենաշատ աշխատատեղերն է ստեղծել: Դա չե՞նք տեսնում, չգիտե՞նք՝ ինչ է կատարվում: Բայց դա ինչքա՞ն է տևելու: Երբ որ Վահագն Հարությունյանի քյալլագոզությունները բացահատվեն՝ փամփուշտները փոխելու հետ կապված, իրար վրա են գցելու: Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ ու խաղաղ գնալու է…

– Հանրապետականները Ռ. Քոչարյանին քաղբանտարկյալ են համարում:

– Դա ծիծաղելի է: Իսկ իրենք տղամարդ են, թող հրապարակեն Եվրոպական դատարան ներկայացրած իրենց փաստաթղթերը և հիմքերը: Մենք հետախույզի աշխատանքով կարողացել ենք ընդամենը ծվեններ պոկել այդ ամենից: Իսկ եթե հանկարծ ամբողջ իրականությունը տեսնեք, թե նրանք ինչ մեթոդներ են կիրառել Ստրասբուրգում այս գործը տասը տարի ձգելու համար, թե ոնց են ձևեր թափել, հիվանդացել, կեղծ փաստարկներ ներկայացրել, ինչ պրյոմներ են կիրառել, որպեսզի այս վճիռները չլինեն, կասեք՝ այսքանից հետո էլ եք դուք խոսո՞ւմ, ա՛յ հանրապետականներ, այս ամբողջ հանցագործությունների հետևում դուք եք կանգնած:

– Իսկ ինչո՞ւ են շահագրգռված Ռ. Քոչարյանին քաղբանտարկյալ համարել, եթե բախում կա այդ թևերում:

– Պարզ է, որ կրիմինալն ակնհայտ է: Ես և՛ մեղադրում եմ, և՛ նաև ասում՝ բա ի՞նչ անեն այդ խեղճերն այս հզոր փաստերի առջև, պիտի փորձեն պաշտպանվել, և հետո կերակրվել են, չէ՞, նույն տաշտից, մաս են կազմել, չէ՞: Կարևորը պատմական ճշմարտությունն է, որ ջրի երես է դուրս գալիս և լուրջ գնում է առաջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 1 405 times, 1 visits today)