Նիկոլ Փաշինյանի կոչը աշխարհին. աշխարհը պետք է չլռի

Աշխարհը պետք է չլռի, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ նախօրեին հայերի ցեղասպանության տարելիցի առիթով արված հայտարարություններին, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան գրառման միջոցով: Էրդողանի հայտարարությունները նա որակել է հակամարդկային եւ վիրավորական թե հայ ժողովրդի, թե մարդկության համար:

Մասնավորապես, Թուրքիայի նախագահը, ժխտելով ցեղասպանության փաստը հերթական անգամ, արել էր նաեւ աննախադեպ կոշտ հայտարարություն այն մասին, իբրեւ թե թուրքական կառավարությունը հարյուր տարի առաջ ստիպված է եղել պետությունը պաշտպանել «հայ հրոսակներից եւ նրանց աջակիցներից», դա համարելով «միակ տրամաբանական քայլ»:

Էրդողանի աննախադեպ կոշտությունը թերեւս հասկանալի է, եւ դա ամենեւին լավ օրից չէ: Էրդողանը լրջագույն քաղաքական խնդիրներ ունի ոչ միայն արտաքին դաշտում, գործնականում բոլոր ուժային կենտրոնների, ընդհուպ Ռուսաստանի հետ՝ որը համարում էր իր գրպանում, այլ նաեւ երկրի ներսում, ինչի վկայությունը ՏԻՄ ընտրությանը նրա պարտությունն էր թուրքական խոշոր քաղաքներում, հատկապես Ստամբուլում:

Դա չափազանց խորհրդանշական է այն առումով, որ Էրդողանը հայտարարել էր, թե թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի, ինչին ի պատասխան փաստորեն ստացավ «Կոստանդնուպոլսի ապտակը»: Իսկ ով ով, բայց Թուրքիայի բազմափորձ նախագահն անշուշտ շատ լավ է պատկերացնում քաղաքականության մեջ խորհրդանիշների ուժը, ինչի մեկ այլ խոսուն վկայություն է այն, որ նա որոշել է նախագահի նստավայր կառուցել Ահլաթում՝ հայկական Խլաթում, որը հայկական քաղաքակրթության «հուշարձան»-բնակավայր է:

Այն քաղաքակրթության, որի մասին ապրիլի 24-ի տարելիցի առիթով իր առաջին ուղերձում մատնանշել էր ներկայումս «իրողությունների ճանաչման» քաղաքականություն վարող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այդ իմաստով, նաեւ նշանային տողատակեր է պարունակում Թրամփի 2019 թվականին արած ուղերձը: Այդ ամենը թուրք-ամերիկյան հարաբերության խիստ լարվածության ֆոնին: ԱՄՆ խորացող ճնշումը, ներքին խնդիրները բավական թուլացրել են Էրդողանի դիրքը Ռուսաստանի հետ հարաբերությունում, եւ Էրդողանի հետ հանդիպումներում ավանդաբար սիրալիր, գրեթե խոնարհ հռետորաբանությամբ Պուտինը ապրիլի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը աչքի ընկավ բավականին սառը «երանգներով», հայտարարելով, թե միմյանց հասցեին ամենեւին էլ միայն հաճոյախոսություն չէ, որ արել են:

Դրան զուգահեռ, Թուրքիան անշուշտ ստանում է ճնշման մեկ այլ ուղղություն՝ Ադրբեջանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հայտնվում է բավական անհարմար հարցադրումների առաջ: Արցախի հարցում նոր մոտեցումների եւ իրավունքների շեշտադրումով, զուգահեռ ՀԱՊԿ-ում առաջ բերված բլոկային տրամաբանության վերաբերյալ հարցադրումներով Երեւանը Թուրքիայի «թիկունքում» դնում է եվրասիական անվտանգության համակարգի վերափոխման հարց, ընդ որում Ռուսաստանի լուռ համաձայնությամբ:

Զուգահեռ, Հայաստանը անմիջական մարդասիրական առաքելություն է սկսում Մերձավոր Արեւելքում, այնտեղ համայնքային-պատմա-քաղաքակրթական ներկայությունը համալրելով պետական սուբյեկտային ներկայությամբ:

Հայերի ցեղասպանության տարելիցի առումով Թուրքիայի նախագահի կոշտ, միաժամանակ բավականին նյարդային արձագանքը այդ համատեքստում դրսեւորվում է ավելի շուտ ինքնապաշտպանության տրամաբանությամբ: Կաշխատի՞ դա, թե ոչ:

Վարչապետ Փաշինյանի բավական կոշտ արձագանքը վկայում է թերեւս այն մասին, որ Երեւանը փորձում է ավելացնել քաղաքական ճնշման մթնոլորտը, կոչ անելով աշխարհին չլռել: Դա այն դեպքում, երբ աշխարհից թերեւս Հայաստանին են ուղղվում գործելու կոչեր, ընդ որում թե այժմ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձի տողատակում, թե օրինակ 2017 թվականին՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարություններում, որ հնչեցին Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, երբ Մակրոնը հայտարարեց, որ նրա հետ քննարկել են Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում առկա իրողությունները, եւ գործելու ժամանակն է:

Սերժ Սարգսյանը գործեց, իհարկե, անելով թերեւս իրենից հասանելիք կարեւոր, ու թերեւս միակ քայլը՝ նա հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշման մասին, ասելով, որ Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց այդ արձանագրությունների: Սա ուշագրավ հանգամանք էր, որն առնվազն հարց էր առաջացնում՝ վարչապետի պաշտոնին գնացող Սարգսյանն ինչու՞ էր ուզում հատկապես մինչեւ նախագահի պաշտոնը թողնելը չեղարկել այդ արձանագրությունները, ինչու՞ նա դա չէր կարող կամ չէր ուզում անել վարչապետի պաշտոնում:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ նոր իրողություններում պետք է բանակցվի արդեն նոր փաստաթուղթ: Իսկ բանն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունները գործնականում ամփոփում էին Կովկասի ռազմա-քաղաքական հարյուրամյա իրավիճակի ամբողջ էությունը եւ արցախյան ճեղքումով խախտված այդ իրավիճակը վերականգնելու թերեւս վերջին փորձն էին, որ Հայաստանի ուսերին դրվեցին Մարտի 1-ով իր ոչ լեգիտիմության ողբերգական գագաթնակետին հասած համակարգի «ձեռքով»:

Ի՞նչ նոր իրողություններ նկատի ուներ Սարգսյանը իր նախագահության տասնամյակի ավարտին, եւ արդյոք նա որեւէ տարբերակով պատկերացնում էր, որ դրանցում ինքը կարող է լինել քաղաքականությունից դուրս, իսկ Հայաստանի հանրությունը կարող է իսկապես աներեակայելի իրողություն մատուցել աշխարհին, ստեղծելով բոլորովին նոր ռեգիոնալ իրավիճակ:

lragir.am

(Visited 115 times, 1 visits today)