Պետք է ուշադիր լինել՝ առճակատումը դաժան է լինելու. կատաղի դիմադրություն է լինելու. Քոչարյանի օրինակը բոլորի համար պարզ է՝ խցերը պատրաստ են

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մեկ տարի անց թավշյա հեղափոխության ձեռքբերումների, նվաճումների, կորուստների և բացթողումների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Լևոն Շիրինյանին:

Անդրադառնալով այս մեկ տարվա ձեռքբերումներին և կորուստներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Նախ՝ ձեռք ենք բերել լութոկրատիայի մահը. գողապետությունը քայքայման ընթացք է վերցրել: Ձեռք ենք բերել շատ մեծ բան՝ ազգային ինքնագիտակցության վերազարթոնք, քաղաքական ակտիվություն, սեփական ճակատագիրը սեփական ձեռքում պահելու ժողովրդի վճռականություն»:

Իսկ կորցրել ենք Սերժ Սարգսյանին՝ ընդգծեց Լևոն Շիրինյանը:

«Հայաստանի գրեթե 3 նախագահներն էլ հրաժարականից հետո խորիմաստ լռելու հատկություն ունեն. բան ունեին ասելու՝ թող ասեին էն ժամանակ, երբ պիտի ասեին:

Նրանք անցյալ են, և ես կուզենայի, որ մեր հասարակությունն այլևս նրանցով չզբաղվեր՝ պարզապես արժևորեր որպես ճահճի, արտագաղթի, անվստահության, բարոյական արժեքների և նաև՝ 800 հա տարածքի կորստի նախագահներ, և դրանով փակեր այդ էջը և հռչակեր չորրորդ հանրապետությունը»,- անդրադառնալով  ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ ՀՀԿ-ն չի նահանջել, նրանք պարզապես ընկրկել են, շփոթված են, բայց մինչև հիմա էլ չեն ընդունում, որ ժողովուրդն իրենց չի ընդունում. «Պետք է ուշադիր լինել՝ առճակատումը դաժան է լինելու, որովհետև լութոկրատիան ոչ միայն ներքին ճակատում է բետոնե պատեր կառուցում, և փախչում-հասնում են Պետրոզավոդսկ, այլ նաև միջազգային համագործակցության ճանապարհով ուզում են մնալ՝ Նազարբաև, Պուտին և այլն:

Կատաղի դիմադրություն է լինելու, որովհետև դա ստատուսի կորուստ է, որն այլևս չունեն, արժանապատվության կորուստ է, որը կարգին չեն էլ ունեցել, նաև՝ նյութական ահռելի հարստության կորուստ է. Քոչարյանի օրինակը բոլորի համար պարզ է՝ խցերը շատ դեպքերում պատրաստ են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 1 552 times, 1 visits today)