Որտեղից է սկսվելու բռնագանձումը. վարչապետի հանձնարարությունը

Ապրիլի 19-ին կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Առանց դատարանի որոշման անօրինական գույքի բռնագանձման մասին օրինագծի շուրջ խորհրդակցություն, որի ընթացքում վարչապետը հանձնարարել է հանրությանը լիարժեք տեղեկացնել, թե ինչ ինստիտուտի ներդրման մասին է խոսքը:

Ինքը Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ այդ ինստիտուտի ներդրման համար Հայաստանը պատասխանատվություն է ստանձնել դեռեւս նախորդ իշխանության տարիներին, միջազգային կառույցների հետ գործակցության շրջանակում: Փաշինյանը նաեւ մանրամասնել է, որ այդ ինստիտուտի ներդրումը որեւէ անձի հանդեպ քրեական հետապնդման համար չէ, այլ ենթադրելու է այն գույքի բռնագանձումը, որի սեփականատերը տարբեր պատճառով, այդ թվում փախուստի մեջ գտնվելու պատճառով չի ներկայանում դրա վերաբերյալ դատական քննարկումների:

Առանց դատարանի վճռի անօրինական գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի քննարկումները Հայաստանում արժանացել են նախկին իշխանության ներկայացուցիչների բուռն քննադատությանը, թեեւ այդ ինստիտուտի ներդրման պատասխանատվությունը, նաեւ այդ ուղղությամբ աշխատանքային մի շարք խորհրդակցություններ եղել է հենց նախկին իշխանության շրջանում:

Բայց, նախկինում եղել է այդ ինստիտուտի ներդրման իմիտացիայի անհրաժեշտություն, որովհետեւ գործնական անհրաժեշտության համար պետք է լիներ բիզնեսի եւ իշխանության տարանջատվածություն: Ի վերջո, ենթադրյալ խնդիրները, որ այդ առիթով կան Հայաստանում, բխել են հենց բիզնեսի եւ իշխանության սերտաճումից, երբ իշխանության դիրքը չարաշահելով, ձեռք է բերվել մեծ քանակի սեփականություն, գույք, խախտելով օրենքը, կատարելով օրինականության եւ իրավականության տեսանկյունից մեղմ ասած կասկածելի եւ խնդրահարույց գործարքներ:

Օրինակ, քննվում է Մեղրու ազատ տնտեսական գոտու առնչությամբ գործ, որով պարզ է դառնում, որ նախորդ տարիներին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող որոշ մարդիկ, օգտագործելով պաշտոնական դիրքը, շատ էժան գնով ձեռք են բերել մեծ հողատարածքներ, լավ տեղյակ լինելով այնտեղ ազատ տնտեսական գոտի ստեղծելու իշխանության քաղաքական մտադրության մասին: Հասկանալի է, որ ակնկալիքն այն է, որ հետո սեփականատեր պաշտոնյաներն իրենց խիստ էժան տարածքը մտադիր էին շուկայական գնով վաճառել պետությանը՝ ազատ տնտեսական գոտու համար:

Գոտին արդեն կառուցված է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում, բայց պարզվում է, որ առ այսօր չի գործում, քանի որ չկա գործունեության անհրաժեշտ լիարժեք տարածք, որովհետեւ կա շրջակա համայնքային հողատարածքների անօրինական մասնավորեցման խնդիր:

Մի դրվագ, թե ինչպես կարող է լուծում լինել առանց դատարանի վճռի անօրինական սեփականության բռնագանձման ինստիտուտը: Անկասկած է, որ խոսքը լիարժեքորեն հղկված եւ մանրամասն դիտարկված մեխանիզմի ներդրման մասին է, որպեսզի այն չդառնա հետապնդումների անօրինական գործիք: Միեւնույն ժամանակ, ինչպես արձանագրում են մասնագետները, եթե բռնագանձման համար դատարանի վճիռը պարտադիր չի լինի՝ այդ ինստիտուտի ներդրման դեպքում, ապա մինչ այդ գույքի անօրինականությունն այդուհանդերձ պետք է ճանաչվի դատարանով:

Հասկանալի է, որ խոսքը տեւական ժամանակ պահանջող ինստիտուտի մշակման եւ ներդրման մասին է: Նախկին իշխանությունը չուներ դրա անհրաժեշտությունը, քանի որ ինքն իր ներկայացուցիչների սեփականություն եղած գույքը չէր բռնագանձելու, իսկ անհրաժեշտություն ծագելու դեպքում էլ դա կատարվում էր այդ համակարգին բնորոշ մեթոդներով:

Այժմ Հայաստանն ունի այդ գործիքի անհրաժեշտությունը, հանրային եւ պետական կյանքի զարգացման խնդիրների հարցում նախորդ համակարգի թողած ժառանգության խոչընդոտները հնարավորինս արդյունավետ հաղթահարելու համար:

Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը մինչ խորհրդակցությունն օրերս հայտարարել էր, թե այդ ինստիտուտի ներդրման գործընթացում կառավարման միջին օղակերում կարծես թե կա որոշակի արգելակող, խոչընդոտող հանգամանք: Նա հայտարարել էր, թե պետք է պարզի՝ այդ իրավիճակը դիտավորությո՞ւն է, սաբոտա՞ժ, թե՞ ուղղակի աշխատանքային անփութություն:

lragir.am

(Visited 125 times, 1 visits today)