Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նախագահ Բակո Սահակյանն այդ պատասխանատվությունը կրելու է, ինչպես նաև ոստիկանապետը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Արցախի նախագահական ընտրությունների հետ կապված քննարկումները շարունակվում են։ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նորից հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ, ի դեմս իրեն, Արցախի իշխանությունները լուրջ մրցակից են տեսնում։ Ձեր գործողությունները որո՞նք են լինելու։

– Մենք մնում ենք նույն օրակարգին։ Նախագահական ընտրությունների մասին խոսելն առայժմ վաղ է, մենք կարծում ենք, որ նախագահական համակարգը պետք է վերանա։ Պնդում ենք այդ տեսակետը, հակված ենք ամեն ինչ անել, որ անցումային փուլերով Արցախը միանա Հայաստանին։ Իսկ այդ հայտարարությունները ես նորմալ գործընթաց եմ համարում։

 

– Նկատելի է թեկնածուների միջև որոշակի լարվածության մթնոլորտ, կարծում եք՝ նախընտրական այս շրջանն անցնցո՞ւմ կլինի։

– Չեմ կարծում, թե վտանգավոր որևէ բան կարող է լինել, բոլորը կարող են հանգիստ լինել։ Ինչ վերաբերում է թեկնածուների սկանդալային հայտարարություններին կամ նրանց տեսակետների արտահայտմանը՝ դա սովորական բան եմ համարում, նորմալ եմ վերաբերում։ Ամեն մեկը իրեն ցույց է տալիս՝ իր ծրագիրը, շնորհքը, խելքը։ Ժողովուրդն էլ նայում է ու ապագայում որոշում կկայացնի։

Մյուս կողմից էլ ստացվում է քարոզարշավի նման մի բան, դա օրենքով ճիշտ չէ, ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի։ Մարդիկ սկսել են ժամանակից շուտ քարոզչությամբ զբաղվել, դա խոսում է իրենց անվստահության մասին, իրենց ուժերի վրա վստահ չեն ու փորձում են այսկերպ մարդկանց գիտակցության մեջ տեղ գրավել։

Համոզված եմ նաև, որ արցախահայությունը երբեք չի տրվելու նախկինի այնպիսի երևույթների՝ ինչպիսին է ընտրակեղծիքը, վախի մթնոլորտը։ Ինչ-որ բաներ կլինեն, բայց առաջվա նման չի լինելու։ Մարդիկ լսելու են բոլոր թեկնածուներին ու ընտրելու են իրենց ցանկացած թեկնածուին։

– Իսկ Բակո Սահակյանն արդեն ունի իր նախընտրած թեկնածուին, կա՞ն այդ մասին Արցախում խոսակցություններ։

– Իհարկե, Բակո Սահակյանը չի կարող անմասն մնալ, նա կունենա իր թեկնածուն, իսկ թե ով կլինի՝ առայժմ դժվար է ասել։ Միգուցե եղած թեկնածուների մեջից կընտրի որևէ մեկին… բայց այն, որ Բակո Սահակյանն ուզում է իշխանությունը փոխանցել՝ դա միանշանակ է։ Նա ուզում է որևէ մեկին փոխանցել, մեզ բոլորիս հայտնի է, թե իշխանական թեկնածուներն ովքեր են։

– Այսինքն՝ իր ընտրությունը կլինի իշխանակա՞ն թեկնածուների միջև։

– Ընտրությունը կլինի բազմաբնույթ՝ թե ում կընտրի Բակո Սահակյանը՝ առայժմ հստակ չէ։ Բայց այն, որ թեկնածուները շատ են լինելու՝ դա միանշանակ է։

– «Սասնա ծռերի» և Վիտալի Բալասանյանի «փոխհրաձգության» մասին ի՞նչ կասեք: Հնարավո՞ր է իսկապես Բերձորի դեպքերը կրկնվեն։

– Ես ոչ մի վտանգ չեմ տեսնում։ 2015 թվականի հունվարի 31-ին Արցախի իշխանությունների կողմից կատարված վայրագությունը երբեք չի մարսվել։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նախագահ Բակո Սահակյանն այդ պատասխանատվությունը կրելու է, ինչպես նաև ոստիկանապետը, այդ ժամանակվա բոլոր ղեկավարները, Արցախի վետերանների միության պատասխանատուները, որ վետերաններին տարել են այնտեղ։

Տեսանյութերի մեջ առկա բոլոր անձինք պատասխան են տալու, ես առանձին անհատների գիտեմ, բոլորը՝ անուն առ անուն ստանալու են առանձին պատիժը։ Ծեծված մարդիկ վաղուց են ուզում նրանց հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, բայց քանի որ նրանք ինձ հետ կապ ունեն՝ ես թույլ չեմ տալիս, որ այդպիսի բան անեն։ Մենք սպասում ենք արդար դատի ու դատաստանի։ Լինի դա բարոյական, թե քրեական՝ այն մարդիկ, ովքեր աջակցող հայտարարություն են արել, ևս պատասխանատվություն են ունենալու։

Ես խիստ դատապարտում են Սրբազանի այն ժամանակվա ելույթը, որ նա արել էր ի պաշտպանություն ծեծողների։Ես չեմ ուզում խոսել բարոյական պատասխնատվության մասին, բայց Սրբազանը, լինելով հոգևոր առաջնորդ, պետք է ընդհանրապես բռնությունը բացառեր ու դատապարտեր՝ ում կողմից էլ ուզում է լինի։ Նույնիսկ երբ հանցագործին են ծեծում՝ հոգևոր առաջնորդի կողմից պետք է դատապարտվի։ Նա ոչ միայն պաշտպանեց, այլ քաջալերեց նրանց, դա իր կողմից ճիշտ կեցված չէր, չէ՞ որ նա իր կրծքին կրում է Արցախի հերոսի կոչումը։

Իշխանություններն առայժմ դրա տակից դուրս չեն եկել, հիմա նո՞ր բան մտածեն, ես չեմ կարծում։ Իհարկե, Վիտալի Բալասանյանը անձնապես Բերձորի համար պատասխանատու չէ, ինչո՞ւ է հիմա նման բան ասում։ Երևի թե փորձում էր հանցագործ ընկերներին սիրաշահել, բայց դա անօգուտ է։

Հիմա «Սասնա ծռերը» որոշել են երթ անել, մենք իրար ձեռք ենք մեկնել, դա չի ունենա այն ժամանակվա օրակարգը, բայց շատ գեղեցիկ անակնկալ է լինելու բոլորի համար։ Դա լինելու է ժողովրդանպաստ ու ի շահ հայ ժողովրդի երթ։

1in.am

(Visited 214 times, 1 visits today)