Սա չափազանց վտանգավոր երևույթ է Հայաստանի Հանրապետության համար

Անհատի պաշտամունքը (Leaderism, Вождизм) հասարակական-քաղաքական կյանքի ամենավտանգավոր և արատավոր դրսևորումներից մեկն է։

Դա ենթադրում է պետության և մեկ անհատի նույնականացում, այսինքն՝ պետությունն ու պետական ինստիտուտները ստորադասվում են անհատի կամքին ու շահերին, իսկ հանրությունն էլ պարտադրված է ընդունել միասնության այդ ակտը։

Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում որպես կանոն պետությունն ու իշխանությունը մշտապես նույնականացվել են։

Այսինքն՝ իշխանական քարոզչամեքենան կարողացել է տիրապետող դարձնել այն մտայնությունը, թե այդ երկուսը մեկ անբողջություն են՝ անխառն ու անշփոթ, և դրանից ելնելով՝ հարվածել իշխանությանը նշանակում է նաև հարված պետությանը։

Սա իսկապես չափազանց կեղծ, բայց միևնույն ժամանակ բավականին արդյունավետ գործող թեզ է, որը գաղափարական տեսանկյունից լուրջ արգելքներ է առաջադրել իշխանության փոփոխության բնականոն գործընթացի համար։

Մինչև հեղափոխությունը ամեն անգամ, երբ ժողովուրդը հակաիշխանական գործողությունների է դիմել, նրան խաղաղեցրել են պետության և Ղարաբաղի անվտանգության կեղծ պատրվակով։

Սերժ Սարգսյանի կառավարման վերջին շրջանում պետություն-իշխանություն նույնականացման վտանգավոր թեզը աստիճանաբար փոխակերպվում էր անհատ-պետություն նույնականացման շատ ավելի վտանգավոր երևույթի։

Ավելի քան ակնբախ է, որ նախկին ռեժիմի քարոզչամեքենան փորձում էր Սերժ Սարգսյան գործչին միահյուսել և հավերժ կապակցել պետություն գաղափարի հետ։

Սարգսյանի վարչապետ ընտրվելու ժամանակ առաջնային պլան էր մղվել նրա անձի պաշտամունքը՝ համեմված անփոխարինելիության և անվտանգության երաշխավորի միֆերով։

Իսկ ի՞նչ է փոխվել հիմա։ Ավտորիտար փրկչին փոխարինել է ժողովրդավար փրկիչը։ Եթե առաջինի շուրջ ձևավորված անհատի պաշտամունքը արհեստական բնույթ ուներ, ապա երկրորդի պարագայում leaderism-ը ավելի քան բնական պահանջմունք է՝ պայմանավորված գաղափարական ձևախեղված պատկերացումներով։

Երկրորդ տարբերակը շատ ավելի վտանգավոր է, քանի որ պետական ինստիտուտները նորից ստորադասվում են, բայց արդեն ժողովրդի կամքով ու վստահության մանդատով։

Եթե մուսուլմանական դավանանքի սեղմ կրեդոն ձևափոխենք և հարմարեցնենք հայկական միջավայրին, ապա կստացվի մոտավորապես հետևյալ պատկերը․ «Չկա ուրիշ աստված Նիկոլ Փաշինյանից բացի, և Ավինյանն է առաքյալը նրա» (Չկա ուրիշ աստված Ալլահից բացի, և Մուհամմեդն է առաքյալը նրա)։

Սա չափազանց վտանգավոր երևույթ է Հայաստանի Հանրապետության համար։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը մեկն են, 1+1=1 սկզբունքով՝ մեկ կամք, մեկ գոյություն և մեկի չլինելը հավասար է մյուսի գոյության կասկածին։

Երևույթն այս անշուշտ պարարտ հող է նախապատրաստում սուպերվարչապետական համակարգի էլ ավելի խորացման համար, քանի որ դրա համար առկա է ինչպես հանրային, այնպես էլ քաղաքական պահանջարկ։

Բայց այս պարագայում կամքի և գոյության խնդիրը չէ միայն, այլ նաև՝ պատասխանատվության։ Այսինքն՝ պետության հետագա ճակատագիրը գտնվում է մեկ անձի պատասխանատվության ներքո, ինչն էլ ավելի խոցելի է դարձնում Հայաստանի կարգավիճակը միջազգային հարաբերություններում։

Անհատը կարող է սխալվել, մոլորվել, նրան կարող են ճնշել և սահմանափակել։ Այսինքն՝ նրա անհատական մոլորությունները ուղղակի ներգործություն են ունենում պետության վրա, քանի որ վերջինս ամբողջությամբ խարսխված է այդ անհատի վրա, և չկան նրան սահմանափակող, կաշկանդող պետական ինստիտուտներ։

Հիմա, եթե արտաքին աշխարհից ճնշումներ գործադրեն վարչապետի վրա, ապա ո՞վ է նրան զերծ պահելու այդ ճնշումներից, Իմ քայլը դաշինքի պատգամավորնե՞րը, թե՞ կառավարության անդամները։ Իրականում՝ ոչ ոք, քանի որ մեկ անձը իր կամքից անկախ կլանել է ողջ պետությունը։

 

Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ։ Եթե հանկարծ Փաշինյանի հետ ինչ-որ բան պատահի, ապա ո՞վ է պատասխանատվություն ստանձնելու, արդյո՞ք պետական թույլ ինստիտուտները կկարողանան գործել առանց վարչապետի կամքի ու ազդեցության։

Կարծում եմ՝ մենք պետք է ճեղքենք պաշտամունքային ծիսակարգերի արհեստական պատնեշն ու թևակոխենք շատ ավելի կառուցողական շրջափուլ՝ իհարկե ինստիտուցիոնալ հիմքի վրա կառուցված։

Պարոն Փաշինյան, զգուշացեք Ձեր շուրջը խմբված մարդկանցից։

Աղբյուր՝ 1in.am

(Visited 413 times, 1 visits today)