Ստեփանակերտում ընթանում է Մայր տաճարի օծման արարողությունը

Ստեփանակերտում այժմ ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը։ Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։3

Այստեղ են նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ էլ կառուցվել է եկեղեցին։

Օծման արարողությունը տևելու է մոտ մեկ ժամ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը կհայտարարի եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի։ Այնուհետև եկեղեցում կմատուցվի առաջին սուրբ պատարագը։

Եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Գարեկին Բ-ի ձեռամբ։ Շինարարությունը տևել է 12 տարի։

Տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր, խաչի բարձրությունը՝ 3 մետր, կամարակապ մեծ դահլիճի բարձրությունը մոտ 6 մետր է։

Առաջնորդանիստ եկեղեցին Արցախի ամենամեծ եկեղեցին է և 90-րդը Արցախի թեմի բացումից ի վեր։

Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:

 

(Visited 42 times, 1 visits today)