Ժողովրդավարությունը չպետք է վարչապետի կամքի ու քմահաճույքի դրսևորումը լինի, այլ, ընդհակառակը

ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը, իհարկե, դեմոկրատ չէր: Դե, հասկանալի է, նա ամբողջ կյանքը ապրել ու աշխատել էր այնպիսի մի հասարակարգում, որի համար խորթ էին ժողովրդավարական արժեքներն ու գաղափարները:

Բայց կոմունիստների և խորհրդային կարգերի դեմ մղվող անզիջում պայքարի ու դիմակայության համատեքստում նա էլ, ուղղակի, թե անուղղակի, իր կամքով կամ էլ պարտադրված ներքաշվեց ժողովրդավարական արժեքների միջավայր:

Ասվածից ելնելով՝ պատահական չէ, որ Ելցինի կառավարման ժամանակաշրջանում կար խոսքի և մամուլի ազատություն: Երևի շատերը կհիշեն НТВ-ի «Куклы» հաղորդաշարը, որի գլխավոր հերոսները քաղաքական գործիչների կերպարներով տիկնիկներն էին:

Ելցինի մտերիմներից ու ժամանակակիցներից շատերն իրենց հարցազրույցներում փաստում են, որ նախագահը դիտում էր այդ հաղորդումը, ծանր էր տանում, նեղսրտում էր, բայց միևնույն է, հանդուրժում էր:

Արժե նկատել, որ եթե Բորիս Ելցինը ցանկանար, ապա հաղորդումն ընդամենը 15 րոպեում կփակվեր, ու ոչ ոք չէր կարող առարկել նրան: Դե, ով կարող էր այդ խոշոր ու բարդ բնավորությամբ մարդուն հակաճառել:

Իսկ հարց չի՞ առաջանում, թե ինչու նախագահը չէր փակում այդ հաղորդումը: Ինձ թվում է, չէր փակում, որովհետև որոշել էր, որ ինքը դեմոկրատ է:

Այսինքն՝ Ելցինը դեմոկրատ ցար էր, նա ոչնչով չէր տարբերվում Ռոմանովների կայսրերից, պարզապես որոշել էր, որ պետք է դեմոկրատ լինի, բայց ցանկացած պահի, ըստ քմահաճույքի, կարող էր փոխել մոտեցումն ու անցնել դեսպոտի:

Սա է այն հիմնական պատճառը, որը ճանապարհ հարթեց պուտինյան դեսպոտիզմի համար: Որևէ արգելք չկար, առաջին ցարը որոշել էր, որ ինքը դեմոկրատ է, իսկ երկրորդն էլ իրեն դիտարկում էր որպես դեմոկրատների հակառակորդ:

Այսինքն, երբ ժողովրդավարության ինստիտուտները դրսևորվում են ցարի բարեհաճությամբ և կամքով, ապա դա այլևս ժողովրդավարություն չէ, այլ պատրանք, փոշի, որը կարող է ամեն վայրկյան անհետանալ ու անէանալ: Ասվածի տրամաբանությունն այն է, որ պետության ղեկավարը չպետք է միահեծան որոշումներ կայացնելու արտոնություններ ունենա և այդ հնարավորությունը չկիրառի միայն սկզբունքներից ելնելով:

Ընդհակառակը՝ պետության ղեկավարը պետք է սահմանափակված լինի ինստիտուտներով, որպեսզի լավագույն ցանկության դեպքում էլ չկարողանա գնալ գայթակղության ետևից: Չէ՞ որ ոչ բոլորն են դիմանում գայթակղությանը:

ԱՄՆ-ում արդեն 45 նախագահներ են փոխվել: Տարբեր աշխարհայացքներով ու մոտեցումներով անհատներ: Ինչ էլ այդ նախագահներն արած լինեն, միևնույն է, նրանք սահմանափակված են եղել ինստիտուտներով և նրանցից և ոչ մեկը իր վարդագույն երազներում չէր կարող երազել փոխել պետության տարածքում տիրապետող դարձած սկզբունքներն ու օրինաչափությունները:

Դա պարզապես հնարավոր չէ: Անցած դարում մեկը արեց, ու անմիջապես դուրս շպրտվեց: Ներում չեղավ նույնիսկ այն պարագայում, երբ Ռիչարդ Նիքսոնը նախագահի պաշտոնում ահռելի ծառայություններ էր մատուցել ամերիկյան հասարակությանը: Նույնիսկ այդ պարագայում որևէ կոմպրոմիսի հնարավորություն չկար, քանի որ 37-րդ նախագահը շրջանցել էր հոծ գիծը:

Սա է ԱՄՆ-ի հաջողության առաջնային գրավականներից մեկը: Ոչ ոք չի կարող ավելի բարձր լինել, քան պետությունն ու պետական ինստիտուտները:

Իսկ Ռուսաստանո՞ւմ, ցարը կարող է ցանկացած պահի կասկածի տակ դնել ցանկացած սկզբունք, և որևէ արգելք չի լինի, կասեն. դե լա՜վ, անցած լինի, բայց փոխարենը Ղրիմն է վերադարձրել:

Փաստորեն ինչ-որ մեկի կամքով կամ էլ քմահաճույքով գործող ժողովրդավարությունը երկար կյանք ունենալ չի կարող:

Նույն խնդիրը առկա է նաև Հայաստանում: Շատերն են հայտարարում, թե հեղափոխությունից հետո Հայաստանում կատարյալ ժողովրդավարություն է հաստատվել, կա խոսքի ու մամուլի ազատություն:

Իհարկե, Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանն իսկապես ժողովրդավարական է, խոսքի ազատությունն էլ սահմաններ չի ճանաչում:

Բայց ներկայիս ժողովրդավարությունն արդյունք է ոչ թե ինստիտուցիոնալ սահուն զարգացող գործընթացի, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանն է այդպես ցանկացել: Հեղափոխությունից հետո ցանկացած պահի նա կարող էր պարզապես կազմաքանդել իրեն քննադատող լրատվամիջոցներին ու հետապնդման ենթարկել քաղաքական հակառակորդներին:

Կարող էր, չէ՞: 80 տոկոս քվե ունեցող քաղաքական գործիչն ամեն ինչ էլ կարող է անել, քանի որ որքան բարձր են տոկոսները, այնքան ցածր է պատասխանատվությունը:

Բայց նա չշարժվեց այդ ճանապարհով, քանի որ համոզված դեմոկրատ է: Իսկ ի՞նչ է լինելու Փաշինյանից հետո․ հնարավոր է 5 կամ էլ 10 տարի հետո իշխանության գան այնպիսի գործիչներ, որոնց խորթ կլինեն ժողովրդավարական արժեքները:

Չի բացառվում, որ նրանք վերցնեն ու մի քանի օրվա ընթացքում սահմանափակեն մամուլի ազատությունը, իսկ ընդդիմադիրներին էլ բանտի անվճար ուղեգրեր բաժանեն:

Ո՞վ է կանխելու այս արկածախնդրությունը, լրագրողնե՞րը, քաղաքական գործիչնե՞րը, թե՞ ժողովուրդը: Թերևս՝ ոչ ոք: Հնարավոր է և դիմադրություն լինի, որը կփոխակերպվի հեղափոխության: Բայց այս տրամաբանությամբ մինչև ո՞ւր:

Պարզից էլ պարզ է, որ գործ ենք ունենալու փակ շղթայի հետ, ավտորիտարները փոխարինելու են ժողովրդավարներին, վերջիններս էլ ավտորիտարներին, իսկ պետությունն էլ դոփելու նույն տեղում ու իրավիճակում, որն ավելի շուտ ճահիճ է: Արդյո՞ք փոքրիկ ու բավականին փխրուն Հայաստանը կդիմանա երկրորդ հեղափոխությանը, որն անպայման չէ, որ անարյուն լինի:

Ասվածի համատեքստում Հայաստանում սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները պետք է վերջապես ինստիտուցիոնալ դրսևորում ու ներկայացվածություն ունենան: Իսկ դա ենթադրում է, որ պետության ղեկավարներն ու պետական պաշտոնյաները պետք է կաշկանդված ու սահմանափակված լինեն ինստիտուտներով, այլ ոչ թե հակառակը:

Ժողովրդավարությունը չպետք է վարչապետի կամքի ու քմահաճույքի դրսևորումը լինի, այլ, ընդհակառակը՝ անշրջելի ճշմարտություն ու անխուսափելի իրողություն, որը անշեղորեն պարտադրված է հանրության կողմից: Չէ՞ որ պետությունը Փաշինյանը չէ:

www.1in.am

(Visited 14 times, 1 visits today)