Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ հայտարարություն են տարածել. փոխվել է հարվածի ուղղությունը . Արամ Ամատունի

Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ և ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են անկախ և ինքնիշխան պետականության և ներկայիս կարգավիճակի և ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին, այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկելով արհեստական ու վտանգավոր:

Ըստ այդմ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին և գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից: Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարության մեջ չկան անուններ և քիչ են կոնկրետությունները, թե ինչի մասին է խոսքն ու ինչ առիթով, սակայն մյուս կողմից, վերջին օրերի լրահոսին ծանոթությունն ամեն ինչ դարձնում է պարզ:

Արցախի խորհրդարանականների հայտարարությունը անկասկած վերաբերում է մի կողմից Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց և ստորագրահավաք սկսելու մասին «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, մյուս կողմից՝ Արցախի հարցը ՌԴ մանդատի ներքո տեղափոխելու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը:

Ընդ որում, Բաբայանը հայտարարել է Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին, իսկ «Սասնա ծռերն» էլ հայտարարել են Արցախում էլ գրանցվելու և նախագահի թեկնածու ունենալու մտադրության մասին: Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ այդ թեկնածուն չի լինի Սամվել Բաբայանը, բայց նրա հետ կգործակցեն, եթե աջակցի իրենց թեկնածուին:

«Ծռերը» միաժամանակ համաձայն չէին եղել ռուսական մանդատի նրա գաղափարին: Մյուս կողմից, առաջին հայացքից իրարամերժ երկու գաղափարները, կամ երկու դիրքեր ունեցող սուբյեկտները, գործնականում հրապարակ են բերում ներկայումս հռչակվող պետական քաղաքականությանը հակադիր երկու մոտեցումներ, և այստեղ ստացվում է, որ թեկուզ հնարավոր առերևույթ միմյանց հանդեպ լինելով հակադիր, նրանք գործնականում համատեղ ծածկում են պետական հռչակված ռազմավարությունն ու մոտեցումը Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:

Այստեղ է բուն խնդիրը, որն իր մեջ կարող է պարունակել հռչակված պետական քաղաքականության ոչ լեգիտիմության նպատակ կամ շարժառիթ: Բանն այն է, որ Հայաստանը նոր ռազմավարությունը հռչակելով մարտի 12-ին Ստեփանակերտում, անշուշտ այն կառուցում է Հայաստանի իշխանության բարձր լեգիտիմության վրա:

Մինչդեռ, թավշյա հեղափոխությունից ի վեր նախկին իշխող համակարգի մի շարք բաց և քողարկված շրջանակներ փորձում են նոր իրավիճակը թիրախավորել հենց Արցախի հարցում «հանձնման» կամ «դավադրության» գեներացիայով: Մարտի 12-ին, ըստ էության, վերջնականապես փակվեց այդ մանիպուլյացիայի ճանապարհը:

Ահա այս պայմաններում է, որ մտածելու տեղիք է տալիս դրան զուգահեռ երկու այլ մոտեցումների ներդրման փորձը, որով հնարավոր է՝ փորձ է արվում օգտագործել Արցախի հարցը այլ տարբերակով:

Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել և հարվածել իշխանության լեգիտիմությանը, հնարավոր է հարվածի ուղղությունն է փոխվում, և թիրախավորվում է իշխանության լեգիտիմության վրա հիմնված արցախյան ռազմավարության լեգիտիմությունը:

Այսինքն՝ չի ստացվում թուլացնել իշխանության լեգիտիմությունն Արցախի հարցի միջոցով, փորձենք Արցախի հարցում իշխանության մոտեցման ապալեգիտիմացումով թուլացնել իշխանությանը:

Ահա այս հնարավոր տողատակերի հավանականության պայմաններում, գործնականում աննախադեպ ու ողջունելի է այն, որ Արցախի խորհրդարանը առաջին անգամ հայտարարություն է անում ընդդեմ այդ փորձերի կամ հավանական վտանգների, այն պարագայում, երբ նախորդ մեթոդաբանության մեջ արցախյան իշխանական շրջանակները տեղավորվում էին մանիպուլյացիոն դիրքերի կողմում:

www.1in.am

(Visited 124 times, 1 visits today)