Հանքի տերը ինքն ու Ալիկ Սերգեյիչն են . գյուղացին՝ Ն. Փաշինյանին. Չնախատեսված այց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է կատարել Արարատի մարզի համայնքներից մեկը: Գյուղացիները տարբեր խնդիրներ են ներկայացնում վարչապետին՝ ոռոգման ջուր չկա, գյուղի արոտավայրերն օտարվել են, մանկապարտեզ չկա, գյուղի մի մասը գազամատակարարում չունի:

«Արոտավայրերի մի մասն օտարեցին, անասունն այնտեղից սոված ա գալիս, էդ ի՞նչ արոտավայրի մասին ա խոսքը»,- բողոքում են գյուղացիները: Գյուղապետը փորձում էր շտկել իրավիճակը՝ նշելով, որ 300-400 գլուխ անասուն կարող է արածել գյուղի արոտավայրում, այնինչ այսօր ընդամենը 120 անասուն կա:

«Գյուղապետը, որ օտարում էր էդ հողերը, ասում էր՝ կառավարությունն ասել ա՝ գյուղին արոտվայր չի հասնում»,- վարչապետին դիմեցին գյուղացիները:

Նրանք նաև դժգոհեցին, որ գյուղի հողերի մի մասը ավազի հանք են դարձրել, ավազով լի ավտոներն ամբողջ օրը գյուղում փոշի են տարածում:

Գյուղապետն ասաց, որ ավազի հանքի լիցենզիան օրենքով տրված է, կառավարության որոշմամբ է հաստատված ամեն ինչ: «Ո՞վ է հանքի տերը, ասեք, ամեն ինչ պարզ կդառնա»,- հարցերց վարչապետը: Գյուղապետը պատասխանեց, որ ինքն է:

«Ինքն ու Ալիկ Սերգեյիչն են, ինքը Ալիկ Սերգեյիչի խնամին ա»,- ասացին գյուղացիները:
Գյուղապետը վրդովվեց. «Հա, Ալիկ Սերգեյիչը իմ խնամին ա, իրա աղջիկը իմ հարս ա, բայց դա չի նշանակում, որ իմ տղեն պտի չամուսնանար»:

www.lragir.am

(Visited 117 times, 1 visits today)