ԲՀԿ-ն է ապահովե՞լ ցուցարարների թվաքանակ. «Ժողովուրդ»

Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Բնակաբար, սրճարանատերերը դիմադրում էին. բողոքի ցույցեր էին անում: Երեկ բանը հասավ Մաշտոցի պողոտայում նստացույցին` փակելով փողոցի երթեւեկությունը:

Ոստիկանությունը, սակայն, նրանց հեռացրեց փողոցից, իսկ «թեժ մարտերը» շարունակվեցին արդեն Ազատության հրապարակում` սրճարանների մոտ: Այդ հրմշտոցի ժամանակ վնասվածք ստացան ոստիկաններ, ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ Օպերային թատրոնին ամենամոտը գտնվող սրճարանները պետք է ապամոնտաժվեն, եւ տարածքը կանաչապատվի: Դեկտեմբերին համապատասխան ծանուցում էր ուղարկվել տնտեսվարողներին` առաջարկելով ողջամիտ ժամկետում ազատել տարածքը: Բայց, փաստորեն, նրանց մի մասը որոշել էր չենթարկվել քաղաքապետարանի կարգադրությանն ու անգամ պայքարել:

Սրճարանատերերի դիմադրությունն ինչ-որ տեղ հասկանալի էր: Բայց հետաքրքիրն այն է, որ երեկ Օպերայի բակ էին շտապել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, նույնիսկ բողոքավորների մեջ ԲՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ կային: Պատգամավորներից ներկա էր ԲՀԿ-ական Արման Աբովյանը, որը մեզ հետ զրույցում հարցին, թե ինչու է եկել Օպերա, ասաց, որ միայն մեկ պատճառով. պետք է լինի երկխոսություն: «Մենք չենք քննարկում ոչ մի կողմնակի հարցեր:

Պետք է լինի երկխոսություն, եւ բացառվի բռնությունը: Եթե մենք չսովորենք իրար հետ խոսել, մենք կործանվելու ենք: Անպայման պետք է խոսենք, հասկանանք բոլոր կողմերը: Ես կարծում եմ, որ ոնց որ թե մեր հորդորով կամաց-կամաց գնում է դեպի երկխոսություն»,-ասաց պատգամավորը:

Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Աբովյանը Օպերա գնալիս իր հետ մարդկանց մի խումբ է տարել, մասնավորապես` Աբովյան քաղաքից իբրեւ ցուցարարներ, բայց վերջիններս որեւէ կապ չեն ունեցել այդ սրճարանների հետ: Այս հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց պատգամավորին, սակայն վերջինս հերքեց այս լուրերը:

«Նման բան չկա; Դա սուտ է: Ես եկել եմ Ազգային ժողովից: Ես հասկանում եմ՝ որտեղից են ոտքերը աճում: Մեր միակ նպատակն այն է, որ իշխանությունները լսեն մարդկանց, մարդիկ լսեն իշխանություններին, եւ երկխոսություն ստացվի: Դա այնքան զավեշտալի սուտ է, որ նույնիսկ մենաբանելու էլ չի»,-մեզ հետ զրույցում ասաց Աբովյանը:

Հ.Գ. Ի դեպ, երեկ երեկոյան ոստիկանությունը տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկվել 27 քաղաքացի:

armlur.am

(Visited 306 times, 1 visits today)