Սա շատ մեծ ձեռքբերում է, բայց այս ամենի կողքին երբ մնացել է «տարածքներ հանուն խաղաղության» ձևաչափը , սա տանում է պարտության

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Արցախը պետք է բանակցային սեղանին վերադառնա։ Շատերը սա անկյունաքարային ելույթ են համարում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

Իհարկե նորմալ և ողջունելի է, որ Փաշինյանը դա ասել է դեռևս անցյալ տարվա ապրիլին, հեղափոխության օրերին։ Այդ մասին նա ավելի պաշտոնական ասել է 2018-ի մայիսի 9-ին՝ իր ընտրվելու հաջորդ օրը՝ Ստեփանակերտում։ Այն ժամանակ թե Ադրբեջանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ արձագանք չտվեցին, որովհետև նախ Ադրբեջանը վախենում էր, անկանխատեսելի էր, թե ինչ կանի ժողովրդական աջակցությամբ իշխանության եկած նոր վարչախումբը, իսկ Մինսկի խումբն էլ սպասում էր, թե ինչ զարգացումներ տեղի կունենան։

Անցավ 10 ամիս, Մինսկի խումբը վերջերս արեց այդ հայտարարությունը, ըստ որի՝ հնարավոր չէ այդ ձևաչափի վերադարձը։ Սա, իհարկե, անարդարացի է նրանց կողմից, որովհետև այդ ինչպե՞ս է, որ երբ ժամանակին բանակցային գործընթացից դուրս մղվեց Արցախը, նրանք այդ ժամանակ չասացին, թե ինչու դուրս մղվեց։ Հիմա հետաքրքիր է, թե ինչու նրանք այդպես հայտարարեցին և ինչու ակտիվացան հակառակ մեր շահերի։

Դա միայն մի պատճառ ունի. այն ժամանակ Հայաստանն անկանխատեսելի էր, որովհետև հեղափոխություն էր և իրենք տեսնում էին, որ հեղափոխության շունչն այնպիսին էր, որ ժողովուրդը հրաժեշտ տվեց նախորդ ռեժիմիներին։ Հիմա եկել էր նոր ուժ, որը պետք է նոր ձևով ղեկավարեր։ Բայց, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քաղաքական գնահատական չտվեց նախորդ ռեժիմներին։

Եթե տար քաղաքական գնահատական ներքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականությանը, Արցախի խնդրին, գազային պայմանագրերին, սեփական ռեսուրսներն օտարին հանձնելու, ինքնիշխանությունը հանձնելու, ալան-թալանի հարցերին, Մինսկի խումբը նման հայտարարություն հաստատ չէր անի։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի լինելու, դրանից ելնելով համանախագահները հայտարարեցին, որ եթե շարունակելու ես, պետք է շարունակես։

Մենք երբեք չենք զիջելու մեր ինքնությունը, անկախությունն ու ազատությունը։ Դրա մեջ մտնում են նաև ազատագրված տարածքները։ Բայց սեղանի վրա տարածքներից ավելի մեծ չափանիշներ կան՝ մեր անկախությունը, ինքնիշխանությունը, որոնք երբեք զիջել չի կարելի։ Աշխարհում այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք զիջել են իրենց անկախությունն ու ազատությունը, նրանք վերացել են ու դարձել պատմություն։ Մենք այն ժողովուրդն ենք, որ վերածնունդ ենք ապրել, 1988 թվականի շարժման ժամանակ միավորվել ենք և ունեցել ենք զգալի ձեռքբերումներ։

Ինչպե՞ս եք գնահատում նիստը Ստեփանակերտում անցկացնելու հանգամանքը։

 Նիստը Ստեփակերտում անցկացնելու հանգամանքը տարբեր կերպ կարելի է դիտարկել, բայց կարևոր է արդյունքը։ Ինքս շատ դրական և հզոր եմ դիտարկում Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների նիստի անցկացումը, բայց Նիկոլ Փաշինյանը թուլացրել է դիրքերը, քանի որ հայտարարել էր, որ շարունակելու է նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը։ Եվ եթե շարունակելու է նույն գիծը, ուրեմն նոր բան ասելու իրավունքից իրեն զրկել է։

Եվ եթե առաջին նախագահից մինչև երրորդ նախագահ Արցախի հարցում ստորագրել են պարտվողական միակողմանի զիջումներ և թողնվել են մադրիդյան սկզբունքները, ինքը մեկ ուրիշ ձևաչափ պետք է գտնի այս ամենից դուրս գալու համար։ Եթե չգտնի, ստացվում է, որ շարունակում է հին ռեժիմի գիծը՝ բացառությամբ նրա, որ ազատ տնտեսություն է դրել, բացառությամբ, որ քաղաքացու իրավունքը հարգվում է և բացառությամբ նրա, որ տնտեսությունն է ազատականացվել և հին, չար ռեժիմը չկա։ Սա շատ մեծ ձեռքբերում է, բայց այս ամենի կողքին երբ մնացել է «տարածքներ հանուն խաղաղության» ձևաչափը , կարծում եմ, սա տանում է պարտության։

Բայց չէ՞ որ իր ելույթում հստակ նշվեց Արցախի՝ բանակցային գործընթացին վերադարձնելու խնդիրը։

Այո, կարող է շեշտել, բայց եթե մերժեն, դա չի լինելու, և անընդհատ դա կրկնել չի կարող, պետք է հիմքեր լինեն, իսկ հիմքը միմիայն մեկն է՝ գնահատական տալ Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների վարած քաղաքականությանը և առաջ շարժվել։ Մյուս կողմից էլ, եթե այդքանից հետո Արցախին չվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ, արդեն Հայաստանը լիարժեքորեն բարոյական և իրավական ամեն իրավունք ունի Արցախը ճանաչել իր տարածքը ներկայիս սահմաններով և իր մարզերից մեկը։

Նա պետք է գնահատական տա, թե նախորդ իշխանությունները ինչ են արել Արցախի հարցում, տնտեսական լծակների հանձնման հարցում, ինչը հանգեցրեց ժողովրդի ցասմանը և որի համար ժողովուրդը դուրս եկավ պայքարի և որի մասին 18 տարի Նիկոլ Փաշինյանն էր բարձրաձայնում, և դրա համար ինքը դարձավ լիդեր։ Ցավոք, նա գնահատականներ չտվեց։ Ինչ ասում եմ, սա առողջ քննադատություն է, և կխնդրեի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իմ ասածներից, այլ ժողովրդից, բոլոր խոսակցություններից ինքը դասեր քաղի և գործի ճիշտ այն օրենքներով, որոնք բխում են ժողովրդի շահերից, ինչը հուշում է հեղափոխությունը։

Մինչև հիմա ինքը չի շարժվել հեղափոխության կանոններով։ Ես չեմ ուզում, որ գա մի ժամանակ, երբ մեր ժողովուրդը կոչեր անի, որ մերժենք Նիկոլին, ինքը ի վիճակի է, ինքը ունի այդ հնարավորությունը, խելքը, որ ի մի բերի և արդյունավետ օգտագործի հեղափոխությունը՝ ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի։ Այլապես արտագնա նիստը Արցախում, դեկլարատիվ հայտարարություններ, դրանցով ժողովրդին չես կերակրի, դրանցով պատերազմը չես կանխի։

lragir.am

(Visited 77 times, 1 visits today)