Լոռու մարզում այսօր անցկացվող ներդրումային համաժոովի ժամանակ Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բավուրյանը կառավարության անդամներին դժգոհեց, որ լքված ու հուսալքված վիճակում են: Նա նշեց, որ ընկերությունների վերաբերյալ բանկային տուգանքների ներման ոչ մի քայլ չեղավ:
«Բանկերի խարդախությունների հետևանքով գործարարների վրա տուգանքներ կան, այս պայմաններում մարդը ո՞նց կարող է գոյատևել ու աշխատել: Ցանկություն է առաջանում եղածն էլ վաճառել ու հեռանալ Հայաստանից»,- հայտարարեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ իրեն զարմացնում է գործարարի այդ մտածելակերպը: «Գործարարը վեր է կենում, ասում է՝ ես ինձ զգում եմ լքված: Ումի՞ց լքված: Նոր ինչի՞ մասին էին խոսում մարդիկ, խոսում էին, որ մարդը պետք է առաջին հերթին իր ուժին հավատա: Դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչն եք, որը տնտեսական գործունեություն ունենալու համար պետք է հովանավոր ունենա, կռիշա ունենա: Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք, չեք նայե՞լ՝ էդ վարկը ձեզ համար տանելի է, թե՞ տանելի չէ: Էսօր գիտե՞ք ինչքան մարդ կա, գյուղվարկ է վերցնում, գնում Նիվա է առնում, գնում խմում, նիվեն խփում պատին:
Հաջորդ պահին մեզ ասում է՝ բա կառավարություն, մեզ համար բան չես անո՞ւմ: Ի՞նչ անի կառավարությունն էդ մարդկանց համար: Եվ ես խնդրում եմ էդ բանը թողեք, որ՝ կառավարությունից լքված ենք, հուսահատված ենք, բանկային համակարգը, Վճռաբեկ դատարանը: Բա որ վերցրել եք էդ վարկը, փակել եք, թե՞ չեք փակել:
Մարդ կա, գնում բանկից վարկ է վերցնում, քեֆ է անում, գալիս կառավարության դեմը ցույց է անում, ասում է՝ մեր տոկոսը չեք տալի՞ս: Ինչի՞ համար, մենք էդ ենք ասում՝ ամեն մարդ պետք է իր պատասխանատվությունը ունենա: Հետո էլ գանք, ասենք՝ դե ընտրությունների ժամանակ էդ կոլեկտիվին Գազել կնստացնես, կտանեք քվեարկենք, դուք էլ ասեք՝ եղավ, կբերենք: Էս կարգի հարաբերությո՞ւն եք ուզում, չկա Հայաստան այս կարգի հարաբերություն և չի լինելու»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն նշեց, որ այսօր կառավարությունը հստակ քաղաքականություն է վարում, որ բանկային տոկոսներն իջնեն: «Սա շատ կարևոր է, բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, որովհետև կառավարությունը չի վերցրել վարկը: Եվ եթե հիմա խնդիրն այն մասին է, որ մենք օգնենք, որ այդ վարկը վերակառուցվի, որ դուք շարունակեք աշխատել՝ պայմանով, որ դուք ինչ-որ մայր գումար կփակեք, դա ուրիշ խոսակցություն է, այդտեղ մենք կարող ենք աջակցել»,- նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ կառավարության ամենակարևոր գործը գործարարին չխանգարելն է: «Մենք չպետք է մտնենք բանկի ու գործարարի հարաբերության մեջ: Մենք այսօր ի՞նչ խնդիր ունենք, մարդկանց ֆինանսական գրագիտությունը մեծացնել, որովհետև գնում են, վարկը վերցնում են, չեն հաշվարկում, որ կարող են տոկոսի տակ ընկնել, տուն կորցնել:
Բա որ էդ պայմանագիրը դուք ստորագրում էիք, պլան, ռազմավարություն, ներդրումային ծրագիր ունեի՞ք: Քաղաքական զանգերով ու որոշումով Թեղուտում հեն ա, 380 մլն վարկ են տվել, հիմա տեսնո՞ւմ եք ինչ ա կատարվում, համ բնապահպանական, համ սոցիալական աղետ ա: Անցել են էն ժամանակները, որ վարչապետի զանգով պետք է վարկ ստանալ, վարկ վերցնել:
Բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը: Եվ այդ պայմաններում տնտեսությունը պետք է առաջ տանեն հաղթողները: Մյուսներին մենք կօգնենք, որ դառնան հաղթող, բայց կառավարությունից ձեզ համար հաղթանակներ մի ուզեք, ձեր հաղթանակներն ինքներդ պետք է կերտեք»,- ասաց նա: