Ի՞նչ են հայտնել ԱԱԾ-ին Քոչարյանները. 1in.am

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նախօրեին բավականին ուշագրավ հայտարարություն է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործի առնչությամբ, որը քննում է ԱԱԾ-ն:

Արթուր Վանեցյանն անդրադարձել է երկրորդ նախագահի գործունեությանն ու դրա ընթացքում նաև դրական քայլերին, որ, ըստ նրա, կատարվել են, և այդ համատեքստում Վանեցյանը հայտարարել է, որ նաև Քոչարյանի նախագահության շրջանում է եղել ԱԱԾ ծառայության մեջ ու որևէ անձնական բան չի կարող ունենալ Քոչարյանների ընտանիքի դեմ:

Ինչո՞ւ է առաջացել ԱԱԾ պետի այդ հայտարարության անհրաժեշտությունը, դժվար է ասել, սակայն կասկած չկա, որ Արթուր Վանեցյանն այդ մասին հիշատակում է ոչ պատահաբար: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ պետք չէ կենտրոնանալ միայն Քոչարյանների վրա, քանի որ այդ գործը ծավալուն է, և ներգրավված են նաև այլ անձինք:

 

Չի բացառվում, որ այստեղ է բանալին, և Ռոբերտ Քոչարյանին կամ Քոչարյանների ընտանիքին ուղղված ակնառու, համենայնդեպս բավականին նկատելի ռևերանսով ԱԱԾ պետը թերևս տակտիկական քայլ է անում գործով ներգրավված այլ անձանց ուղղությամբ՝ նրանց անուղղակի հորդորելով մտածել քննության հետ գործակցելու մասին:

 

Համենայնդեպս, ԱԱԾ պետի նկատելի ռևերանսը կարող է հիմք տալ մտածելու, որ Ռոբերտ Քոչարյանն ու ընտանիքը առնվազն այդ գործով որոշակի գործակցություն ԱԱԾ-ի հետ ունեն, ինչն էլ բերում է ԱԱԾ պետի այդօրինակ ռևերանսի:

Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ գործակցության արդյունքում քննությունն էլ, ինչպես հանրային ուշադրությանն է հորդորում ԱԱԾ պետը, չի կենտրոնանա Քոչարյանների ընտանիքի վրա, այլ կշարժվի ներգրավված այլ անձանց ուղղությամբ, որոնց վերաբերյալ ԱԱԾ պետը մանրամասներ չի հայտնում:

Ի՞նչ մանրամասներ են ԱԱԾ-ին հայտնել այդ կապակցությամբ Քոչարյանները՝ արժանանալով ԱԱԾ պետ Վանեցյանի վերը բերված գնահատականին: Այդ գնահատականից հետո ԱԱԾ-ն կարժանանա՞ այն անձանց «այլընտրանքային» մանրամասներին, որոնք անցնում են Քոչարյանների բիզնեսներին առնչվող գործով, և որոնց վրա կենտրոնանալու մասին է, փաստորեն, հայտարարում Արթուր Վանեցյանը: Կվերադարձնե՞ն այդ անձինք քննության ուշադրությունը «ելման դիրք»:

1in.am

(Visited 112 times, 1 visits today)