Բենզինը թանկացել է 10 դրամով: ԼՈւՐԵՐ.com-ը ֆիքսել է, որ բենզալցակայաններում՝ մասնավորապես «Ֆլեշ»-ում Պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը նախկին 420 դրամի փոխարեն վաճառվում է 430 դրամով, Ռեգուլյարը՝ 400-ի փոխարեն 410-ով, իսկ Դիզելը դարձել է 450 դրամ՝ նախկին 440-ի փոխարեն:
Նկատենք, որ այս լայն սպառման ապրանքի գնի բարձրացումը թերևս անակնկալ չէ, քանի որ օրերս լրագրողների հետ զրույցում «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը հայտարարել էր այդ մասին՝ նշելով, որ բենզինն առաջիկայում անպայման թանկանալու է և գները շատ ուժեղ բարձրանալու են.
«Միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու արդեն մոտ 10 օրվա ընթացքում գրեթե 70-80 դոլար բարձրացել է: Անպայման բարձրանալու է»,- նշել էր նա:
Սակայն նշենք, որ Հայաստանում բենզինի հարկումը, ինչից կախված է բենզինի գինը, չի փոխվել: Նավթի համաշխարհային գները ոչ միայն չեն աճել, այլև՝ հակառակը. եթե հոկտեմբերին այն արժեր 85 դոլար, ապա հիմա 65 դոլար է՝ մեկ բարելի դիմաց: