Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն տարածեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրն Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած ճանապարհը:

Այդ օրը գոհունակությամբ արձանագրեցի, որ ազատության ոգին, ինչպես և երեք տասնամյակ առաջ, թևածում է Արցախում: Դա հիրավի անգին արժեք է: Այս օրը, կարծում եմ՝ ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է:

Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը: Ցավոք, միայն շնորհավորհելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ:

Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին:

Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղևարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար: Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։

Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
20 փետրվարի 2019թ․
Երևան»:

mamul.am

(Visited 77 times, 1 visits today)