Սաշիկ Սարգսյանը կոտրում է միֆը. Ուղերձ Ռոբերտ Քոչարյանին

Կառավարությունը Civilnet-ին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, 18,5 միլիոն դոլար անհատույց փոխանցել է պետությանը: Սաշիկ Սարգսյանն այդ պատրաստակամության մասին բարձրաձայնել էր դեռեւս ամիսներ առաջ, ասելով, թե պատրաստ է անել դա, եթե հանվի իր ունեցվածքի կալանքը:

Похожее изображение

Այն, որ նրա բանկային հաշիվներից մեկի վրա կար 30 միլիոն դոլար, հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սաշիկ Սարգսյանը վերադարձնում է 18,5, այսինքն 50 տոկոսից ավելին, այդպիսով կոտրելով իր մասին որոշակի հանրային «կարծրատիպեր»: Ստացվում է, որ նա իրեն պահում է կեսից ավելի քիչը: Թե՞ կեսից ավելի շատը:

Եթե լուրջ, ապա դա իհարկե գլխավոր հարցն է, եւ ոչ միայն Սաշիկ Սարգսյանի մասով, այլ ընդհանրապես՝ ով որքան է յուրացրել՝ օգտագործելով իշխանությունը, իշխանական դիրքը, կամ այդ դիրքում մերձավոր ունենալը: Կա՞ այդպիսի գնահատական, հաշվարկ, կամ ստուգված տեղեկատվություն՝ օրինակ իրավապահների մակարդակով, կամ հաշվարկի մեթոդաբանություն, հասկանալու համար, թե որքան է համախառն ծավալը եւ ըստ այդմ որքանն է ենթակա վերադարձի:

 

Այդ առումով հետաքրքիր է, որ Սաշիկ Սարգսյանի հանձնածի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն հրապարակում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մոտ 2 միլիարդ դրամի հարկ թաքցնելու մասին, որին մեղադրանք է ներկայացված այդ առիթով:

Похожее изображение

Ստացվում է հետաքրքիր ուղերձ Քոչարյանին, թե ինչ է պետք անել: Մյուս կողմից, Քոչարյանը հազիվ թե այդ ուղերձի կարիքն ունենար: Ամեն ինչ շատ պարզ է, եւ նույնիսկ առավել քան պարզ ասել է վարչապետ Փաշինյանը, հայտարարելով, որ առաջիկա հնգամյակում ծրագրվում է 2,5 միլիարդ դոլարի ներդրում անել բանակի սպառազինության արդիականացման եւ մարտունակության բարձրացման համար:

Դա արդյոք անուղղակի, կամ ոչ ֆորմալ գնահատական էր՝ նախորդ համակարգում իշխանության դիրքը յուրացնելու միջոցով չարաշահումների ծավալի, կուտակածի ծավալի առումով, թե՞ դա միայն մեկ մարդու կամ ընտանիքի առումով էր ակնարկ:

Իսկ եղե՞լ են այլ վերադարձնողներ, Սաշիկ Սարգսյանից բացի: Կա՞ն ցուցանիշներ, արձանագրումներ, հաշվարկ եւ այլն: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ հանրությունը կենտրոնանում է օդիոզ դեմքերի, հայտնի ֆիգուրների վրա, մինչդեռ համակարգը իր մեջ պարունակել է նաեւ հանրությանն «անհայտ» միլիոնատերեր, ինչը եւս բխել է նախկին իշխող համակարգի «ժանրի կանոնից»:

Գործընթաց կա, անկասկած, բայց այն ամբողջապես տեսանելի չէ հանրությանը, հանրության համար գնահատելի եւ չափելի չէ: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է դա կրում է մարտավարական բնույթ, քանի որ գործընթացը գուցե առկա է նաեւ բավական բարդ դիրքային պայքարի արդյունքում, որտեղ ավելորդ հրապարակայնությունը կարող է լինել խանգարող հանգամանք: Ի լրումն դրա, չի բացառվում նաեւ որոշակի առնչություն հարցերի, որոնք պարունակում են պետական անվտանգության հետ կապված տեղեկություններ եւ հարցեր, այդպիսով չլինելով ընթացիկ հրապարակայնության ենթակա:

Այդուհանդերձ, թեկուզ արդեն ավարտուն ռեժիմում, բայց գործընթացն ամբողջությամբ պարտադիր պետք է լինի հանրային հաշվետվողության դաշտում, կոռուպցիայի որոշակի հետեւանքի վերացման գործընթացն ինքնին կոռուպցիոն որեւէ ռիսկից կամ հետեւանքից զերծ պահելու համար:

(Visited 192 times, 1 visits today)