Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը փետրվարի 18-ին հաստատել է, որ նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որն առնչվում է տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը: Այդ մասին հաստատել է ինքը՝ Սեդրակ Քոչարյանը:
Ազգային անվտանգության ծառայության այդ մեղադրանքը, անկասկած, նշանակում է, որ իրավապահները սեղմում են օղակը երկրորդ նախագահի շուրջ: Օրերս ՀՔԾ-ն հայտարարեց, որ Քոչարյանի մարտիմեկյան գործով նախաքննությունն ավարտվել է և գործին փաստաբանների ծանոթանալուց հետո այն կպատրաստվի դատարան ուղարկվելուն:
Սրան զուգահեռ, Սեդրակ Քոչարյանի կալանքի հանգամանքը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք և այն, որ ընթացքում էլ կաշառք վերցնելու համար նոր մեղադրանք էր առաջադրվել հենց Ռոբերտ Քոչարյանին:
Մեղադրանքների հնարավոր այս ծավալի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը բավականին թափանցիկ ակնարկել էր դեռևս նախորդ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի ընտրության շեմին հրապարակվեց հայտնի գաղտնալսման առաջին մասը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության հատվածները:
Նրանք համատեղ ասուլիս հրավիրեցին, և Արթուր Վանեցյանը խոսեց Քոչարյանների ունեցվածքի առումով առկա քննության, գործի մասին, խոստանալով բացահայտումներ:
Բացահայտումներ, համենայնդեպս հանրային, դեռևս չկան, բայց փաստորեն կան մեղադրանքներ՝ հայր և որդի Քոչարյաններին: Արդյո՞ք սա նշանակում է, որ իրավապահների մոտ խնդիրներ կան Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի ապացուցողական մասի առումով և այդ պատճառով են նրանք հարակից ավելացնում ճնշումը, սեղմում օղակը Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Թե՞ օղակը սեղմվում է նրա շրջապատի հանդեպ, այդպիսով փորձելով անհրաժեշտը ստանալ այն պաշտոնյաներից, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահական գործունեության ընթացքում եղել են նրա, այսպես ասած, վստահության շրջանակում և կատարել այն գործերը, որոնցով մեղադրանքներ են ներկայացվում Քոչարյաններին:
Այս ամենն իհարկե ուղեկցվում է անխուսափելի քաղաքական համատեքստով, առավել ևս, որ Քոչարյանը հայտարարում է քաղաքական պլաններ ունենալու մասին և չի բացառվում, որ այս առումով օղակը ոչ թե սեղմվում է, այլ ինչ-որ իմաստով սեղմվելով, ինչ-որ առումով ընդլայնվում է, ներառելով այն հնարավոր պոտենցիալ շրջանակը, որը կալանավայրից դուրս կարող է աջակցել երկրորդ նախագահի քաղաքական պլաններին: