Սեյրան Օհանյանը ստախոս է, որը գեներալ գնդապետին չի սազում. Ա. Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավվածությանը, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին: Նա նշել է, որ 0038 հրամանը Մարտի 1-ի ողբերգությունների հիմքում դնելը ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ:

Картинки по запросу սեյրան օհանյան

Սեյրան Օհանյանը նկատում է, որ մարտի 2-ին եթեր տրված տեքստը, որ ինքը կարդացել է, նպատակ ուներ ընդամենը կանխարգելել հնարավոր սադրանքները բանակի և ժողովրդի միջև: «Անցել է 10 տարի, ես այս ընթացքում այդ տեքստի մասով որևէ իրավական գործընթացով չեմ անցել, փաստահավաք խումբը հարցեր չի տվել, տուժածներ չեն եղել այդ տեքստի բովանդակությունից, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի:

Դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները: Ինձ համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել: Տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից»,- տեսաուղերձում ասում է Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը անդրադարձ է կատարել նաև Միքայել Հարությունյանի, Խաչատուրովի մեղադրանքներին։ Ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ այն համարելով բացահայտ սխալ։

Похожее изображение

Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սերյան Օհանյանի հեքիաթի մասին մեջբերմանը շատ դիպուկ օրինակով է պատասխանում. «Ասենք, ոնց որ մեքենայի ղեկին Քոչարյանը նստած լինի, իսկ իրենք բոլորը մեքենայի մեջ գնալուց լինեն ու պատահաբար մեքենան վթարի ենթարկվի, որից հետո Քոչարյանն ասի, թե Սերյան Օհանյանն է իրեն հրել, որ ինքը վթարի ենթարկվի, կամ սխալ խորհուրդ է տվել՝ աջ թեքվելու փոխարեն ձախ թեքվել…

Իրենք օրինակները թող իրենց պահեն և թող տպավորություն չստեղծեն, թե Մարտի 1-ի քրեական գործը սկսվում և ավարտվում է 0038 հրամանով։ Իրենց արածը միայն այդ հրամանով չի բացատրվում։ Բացի դրանից՝ Սերյան Օհանյանը փորձում է շատ սխալ, մեկուսի մեկնաբանել 0038 հրամանը, շատ հանգամանքների մասին չի խոսում, օրինակ՝ զինելու, զենք բաժանելու մասին։

Փոխարենը անընդհատ խոսում է զորքի տեղաշարժի մասին՝ առանց դա դիտարկելու քաղաքական իրավիճակից բխող հրամանի անհրաժեշտության։ Ինքը քաղաքական իրավիճակը դնում է մի կողմ և հայտարարում, որ զորքը հանգիստ կարող է տեղաշարժվել, Երևան գնալ-գալ։ Դա անթույլատրելի է։ Այդ հրամանը բխել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից, և դա հենց այդպես պետք է ընկալել ու մեկնաբանել։ Բացի դրանից՝ եթե Սեյրան Օհանյանը կարծում է, որ իրենց մեղադրանքները սահմանափակվում են միայն 0038 հրամանով, ապա սխալվում է։

Похожее изображение

Այդ մեղադրանքում զինվորականների մասնակցությունը քաղաքական պրոցեսներին ապացուցած է եղել, և նրանք չեն եկել երկրի կամ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար։ Հակառակը, նրանք ստեղծել են մի խառնաշփոթ իրավիճակ, որ հնարավոր է եղել խուժանի մասնակցությունն այդ ամենին։ Այսօր ՀՔԾ-ի համար ստեղծել են արհեստական դժվարություններ, որ բուն սպանությունների հանգամանքները հնարավոր չի լինում ամբողջությամբ վեր հանել և պարզել, թե ինչ է կատարվել»։ Տիկին Սաֆարյանը նաև հավելեց, որ փաստահավաք խմբի հարցաքննությունների ժամանակ Աֆյանը բերել էր իր գեղեցիկ ուղերձը, թե իրենք մարտի 1-ի առավոտյան հրապարակել են այդ փաստաթուղթը ժողովրդի համար, բայց ժողովուրդը չի հեռացել այնտեղից ու իրենք սկսել են ծեծել ժողովրդին։ «Հիմա էլ Աֆյանի օրինակով փորձ է արվում գեղեցիկ ձևակերպումներով քողարկել իրենց դեսպոտիզմն ու բռնության բացահայտ կիրառումը»,- ընդգծեց Սաֆարյանը։

Անդրադառնալով Օհանյանի դիտարկմանը, թե փաստահավաք խումբն իրենց չի հարցաքննել, Սաֆարյանը նկատեց, որ խումբը 0038 հրամանի հետ կապված այլ անձանց հարցաքննելու ցանկություն է ունեցել, սակայն խումբը ցրվել է դեռ իր գործը չավարտած։ «Այնպես որ Օհանյանին չենք քննել, քանի որ նրան հարցաքննելու պատճառ չի եղել, այլ, որ իր հերթը դեռ չէր հասել, ու այդ պարագայում խումբը ցրվեց։ Նա մեր օբյեկտիվից միայն այդ տեսանկյունից է դուրս մնացել»- ասաց Փաստահավաք խմբի անդամը։

Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուց հետո Սերյան Օհանյանի ելույթին և հնչեցված սպառնալիքներին, որոնք Օհանյանը չի ցանկանում տեսնել, ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հակադարձում է. «Սեյրան Օհանյանը ստախոս է։ Այդքանից հետո, երբ ինքը կոնկրետ սպառնալիքը չի տարբերում ձայնի տեմբրից, ուրեմն ստախոս է, որը գեներալ գնդապետին չի սազում։ Նա մարտի 2-ին հեռուստատեսությամբ, առանց վարանելու, սպառնացել է Երևան քաղաքի բնակիչներին, որ արտակարգ դրության ռեժիմի ցանկացած խախտում շատ խիստ հակադարձվելու է բանակի կողմից։ Բանակը ներգրավված է եղել մարտյան իրադարձություններին։

Картинки по запросу սեյրան օհանյան

Բանակը տեղաշարժվել է այդ նպատակով։ Հիմա, որ մենք պահանջում ենք նոր իշխանություններից դիմել Սահմանադրական դատարան արտակարգ դրության վերաբերյալ հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար, այ, խնդիրը հենց սրանում է կայանում, որ որևէ մեկը չփորձի այդ հակասահմանադրական հրամանագրի տակ իր ապօրինությունները ու հանցագործությունները թաքցնել»։ Խաչատրյանը նաև հավելեց․«Արձանագրված է, որ բանակը, ի խախտումն Սահմանադրության, ներգրավված է եղել քաղաքական գործընթացների, և բանակի մասնակցության թիվ 1 հիմքը եղել է 0038 հրամանը, որից հետո արդեն մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։

Թող չփորձեն մեզ, քաղաքական գործիչներին, հասարակությանը համոզել, որ այստեղ ամեն ինչ նորմալ է։ Նորմալ ոչ մի բան չկա, ամեն ինչ աննորմալ է։ Սահմանադրությունը հստակ սահմանում է բանակի չեզոքությունը քաղաքական հարցերում, բայց մենք ունենք կոնկրետ փաստ բանակի ներգրավվածության մասին, և ունենք կոնկրետ փաստ, որ այդ ներգրավվածության հիմքը եղել է 0038 հույժ գաղտնի հրամանը»։

1in.am

 

(Visited 115 times, 1 visits today)