Քոչարյանը վաղուց պետք է քրեական պատասխանատվության ենթարկված լիներ ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլ Հայաստանը կողոպտելու, թալանելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

-Պարոն Շիրխանյան, 2008 թվականին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում նշում է, որ Մարտի 1-ի գործը պետք է քննվի նախկին երեք նախագահների եռանկյունում և որ կալանավորված Քոչարյանն այս իմաստով՝ ի տարբերություն մյուս երկու նախագահների, անհավասար պայմաններում է։ Ի՞նչ կասեք Օհանյանի այս հայտարարության մասին։

-Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վաղուց պետք է քրեական պատասխանատվության ենթարկված լիներ ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլ Հայաստանը կողոպտելու, թալանելու և ամայացնելու համար։ Այդ դեպքում անհավասար պայմաններ չէին լինի, և ամեն մարդ պատասխանատվության կենթարկվեր իր արածի համար։

 

-Այսինքն՝ միայն Մարտի 1-ի գործի մասո՞վ, կարծում եք, կան անհավասար պայմաններ։

-Էլի չեմ կարծում, թե կան անհավասար պայմաններ։ Բայց ես արդեն ասացի՝ նա պետք է դատապարտվի Հայաստանը թալանելու, կողոպտելու համար։

-Քանի որ Մարտի 1-ի գործի շրջանակներում միայն Ռոբերտ Քոչարյանն է կալանավորված, շատ են հնչում տեսակետներ, թե կա ընտրովի մոտեցում։ Կա՞ այսպիսի մտահոգություն։

-Իմ մոտ այդպիսի մտահոգություն չկա։

Картинки по запросу Վահան Շիրխանյան

-Այս գործի շրջանակներում հարցաքննվել են նաև Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Սերժ Սարգսյանը Քոչարյանին հավասար մեղսակից է Մարտի 1-ի գործում, գուցեև ավելի։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ կապ ունի Մարտի 1-ի հետ։

-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ մինչև հիմա Սերժ Սարգսյանը կալանավորված չէ։

 

Ես չգիտեմ, չունեմ այդ հարցի պատասխանը, թե նա ինչու մինչև հիմա կալանավորված չէ։ Ես ոչ մի բացատրություն չունեմ։

-Իսկ առհասարակ գործի քննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։

Կարծում եմ՝ բավականին արդյունավետ է և լուրջ աշխատանք է տարվում։ Այս գործի բացահայտումից ապագա Հայաստանի համար շատ բան է կախված՝ առ այն, որ ապագայում ոչ ոքի մտքով չանցնի ժողովրդի դեմ զորք հանել։

-Այսինքն՝ հույս ունեք, որ ամբողջությամբ կբացահայտվի։

-Այո՛, իհարկե։

1in.am

(Visited 167 times, 1 visits today)