Փաշինյանի հայտարարությունն իսկապես շատ խիզախ քայլ էր

Պաշտոնական այցով Գերմանիա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կանցլեր Անգելա Մերկելը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի, հայ-ադրբեջանական շփումների մասին, խիստ ուշագրավ բնորոշում է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնողականությանն ու ակտիվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը «խիզախ քայլեր է ձեռնարկել» Ադրբեջանի հետ բանակցություններն ակտիվացնելու ուղղությամբ, բայց պետք է, որ հակամարտության մյուս կողմն էլ նման պատրաստակամություն դրսևորի։ Փորձագետները տարբեր կերպ են նայում Մերկելի այս հայտարարությանը, թե ինչ տողատակեր այն կարող է ունենալ։ Բեռլինի համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանն ամեն դեպքում կարծում է, որ պետք չէ ինչ-որ աջակցություն սպասել Գերմանիայից՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Похожее изображение

Գերմանիան պատասխան քայլեր է ակնկալում Ալիևից

Լրագրողի հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հանդիպումները վերջին մի քանի ամսվա ընթացքում, իր կարծիքով, ինչպե՞ս կազդեն խաղաղության գործընթացի վրա, կանցլեր Մերկելը պատասխանել է, որ լավ է, երբ երկու կողմերը խոսում են իրար հետ, և ավելացրել․ «Կարծում եմ, որ պարոն վարչապետը (Նիկոլ Փաշինյանը) խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն»:

Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երևույթին կանխազգալով, որ «խիզախ քայլեր» արտահայտությունը կարող է այլ կերպ ընկալվել Հայաստանում և այլ կերպ մեկնաբանվել, արձագանքել է Մերկելի պատասխանին և պարզաբանել, որ խոսքն իր այն հայտարարության մասին է, երբ ըստ էության ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի կարգավորվի փոխզիջումների հիման վրա ու փոխադարձաբար ընդունելի տարբերակով, բայց ադրբեջանական կողմն այդպես էլ չարձագանքեց դրան։

«Ինչպես գիտեք՝ ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում` ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում և քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք, ցավոք, չենք կարող շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Картинки по запросу մերկել փաշինյան

Եթե նույնիսկ շրջանցենք այն հարցը, թե ի՞նչ «խիզախ քայլերի» մասին էր խոսում Գերմանիայի կանցլերը, ամեն դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ շեշտեց Փաշինյանի կողմից «խիզախ քայլեր» ձեռնարկելու հանգամանքը։ Դա ուղերձ է Ադրբեջանի՞ն։ Ուշագրավն այստեղ այն հանգամանքն է, որ ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշ միջնորդների, տարբեր այլ միջազգային խաղացողների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության, որոնց սպասելիքները, ակնկալիքները, առավել ևս Հայաստանում լեգիտիմ, ժողովրդավարական իշխանությունների ձևավորումից հետո, չգիտես ինչու՝ առաջին հերթին Հայաստանից են, Գերմանիայի ղեկավարը նկատում է, որ հայկական կողմն ավելի պատրաստակամ է կառուցողական երկխոսության, փոխզիջումային լուծումներ փնտրելու։ Մինչդեռ ադրբեջանական կողմը նման պատրաստակամություն չի ցուցաբերում։

Դուշանբեի «ոչ պաշտոնական» հանդիպումից հետո սկսված որոշակի ջերմացման փուլի ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի անգամ սադրիչ հայտարարություններ արեց՝ հավանաբար ակնկալելով հայկական կողմի սուր արձագանքը, ինչը կարող էր բացասաբար ազդել ընդհանուր կառուցողական մթնոլորտի վրա։ Ու թեև հայկական կողմը չտրվեց սադրանքներին, այնուամենայնիվ, Ադրբեջանը՝ ի դեմս արտգործնախարար Մամեդյարովի, հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու այն փոխզիջմանը, որն ակնկալում են Ստեփանակերտն ու Երևանը, այսինքն՝ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը ճանաչելուն։ Մամեդյարովը հայտարարեց, թե Բաքուն պատրաստ է «ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։ Իսկ Դավոսի հանդիպումից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը չի խոսելու որևէ փոխզիջման հնարավորության հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումներ անելու, թե՞ ոչ, Մամեդյարովն այս դիրքորոշումը փաստացի որակեց որպես «հրաժարում» բանակցություններից։

Արժե հիշեցնել, որ թեև Գերմանիան Մինսկի խմբի համանախագահող չէ, բայց ամեն դեպքում Մինսկի խմբի անդամ է, եվրոպական, միջազգային ամենաազդեցիկ խաղացողներից մեկը, ու նրա տեսակետը, բնականաբար, չի կարող անտեսվել։ Ու հիմա Բեռլինն ասում է, որ պատասխան «խիզախ քայլեր» է ակնկալում Ադրբեջանից։ Ի դեպ, ի տարբերություն Գերմանիայի՝ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը, դատելով արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից, «պատրաստակամության» ակնկալիքներ ունի ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից։ Նախորդ ամիս Լավրովը հայտարարեց, թե հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունն արժանի է աջակցության, և ինքը հույս ունի, որ «հայ ընկերները կպատասխանեն դրան փոխադարձ պատրաստակամությամբ»։

https://armenpress.am/static/news/b/2015/10/823973.jpg

Մերկելը չի օժանդակի Արցախի հարցի լուծմանը

Չնայած այս ամենին՝ կան հայ փորձագետներ, որոնք այլ կերպ են նայում Լեռնային Ղարաբաղի հարցում Գերմանիայի դիրքորոշմանը և ամենևին էլ հակված չեն այն տեսակետին, որ Բեռլինը հայանպաստ կամ, այլ կերպ ասած՝ արդարացի դիրքորոշում ունի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Գերմանիայի մոտեցումը, ընդհակառակը, ավելի շատ մոտ է Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի դիրքորոշմանը։ Փորձագետը չգիտի՝ ինչով է պայմանավորված Մերկելի վերոնշյալ հայտարարությունը, բայց ամեն դեպքում համոզված է, որ Գերմանիայի կանցլերը որևէ կերպ չի օժանդակելու Արցախի հարցի լուծմանը, խաղաղության գործընթացի առաջմղմանը։

«Մերկելը Արցախի խնդրում որևէ օժանդակություն չի անելու, չի էլ կարող անել։ Գերմանիայի քաղաքական էլիտայի կարծիքը հետևյալն է․ կա՛մ ասում են, որ հարգում են Ադրբեջանի սահմանների անխախտելիությունը, կա՛մ էլ եթե շատ սիրալիր լինեն՝ ասում են, որ խնդիրը պետք է խաղաղ լուծվի: Իսկ ընդհանրապես գերմանական մամուլի վերլուծաբանները, այն մասնագետները, որոնք կարծիք են հայտնում Արցախի մասին, քիչ թե շատ կրկնում են Ադրբեջանի պաշտոնական կարծիքը, որովհետև Հայաստանից այստեղ որևէ մեկը չկա, որ սրանց բացատրի հիմնախնդրի էությունն ու հայկական կողմի մոտեցումները։ Ընդհանրապես Հայաստանի կարծիքն այստեղ չի լսվում»,- նշեց Ժ․ Քոչարյանը:

https://www.tert.am/cache_image/news_images/966/2897373_1/2_v1.thumb-770x510.png

Փաշինյանի հայտարարությունն իսկապես շատ խիզախ քայլ էր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը դժվարանում է ասել՝ կոնկրետ ինչ նկատի ուներ տիկին Մերկելը՝ ասելով, որ Փաշինյանը «խիզախ քայլեր է ձեռնարկել», բայց ամեն դեպքում կարծում է, որ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ղարաբաղյան հարցը պիտի լուծվի այնպիսի տարբերակով, որը ընդունելի կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության ու Արցախի և թե՛ Ադրբեջանի համար, իսկապես շատ խիզախ քայլ էր։

Ազգային ժողովի պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը․ «Հավանաբար խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը երբեք իր հայտարարությունների մեջ չի նշել ոչ միայն իր կողմից զիջման, այլ որևէ տարբերակի մասին, որը կարող է ընդունելի լինել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար։ Կարծում եմ՝ իմաստը սա է։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալը նախորդ իշխանությունը միշտ խոսում էր ինչ-որ զիջումների, փոխզիջումների մասին, բայց երբեք Ադրբեջանը զիջումների մասին չէր խոսում։ Ես այս համատեքստի մեջ կդիտարկեի նշված հայտարարությունը, որովհետև ի վերջո պետք է հասկանանք, որ սխալ է, երբ Հայաստանն անընդհատ բանաձևեր է առաջարկում, որոնք, ըստ էության, ենթադրում է զիջումներ, իսկ Ադրբեջանը՝ երբեք»։

Картинки по запросу Հովհաննես Իգիթյան

Այս համատեքստում մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Լավրովի վերոհիշյալ հայտարարությունը, թե Ադրբեջանը լուծումներ գտնելու պատրաստակամություն է ցուցաբերում, Հովհաննես Իգիթյանը շեշտեց․ «Ես Ադրբեջանի կողմից այլ հայտարարություն չեմ լսել՝ բացի «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման», ադրբեջանցի փախստականների մասին հայտարարություններից և այն հայտարարությունից, որ հայերը պետք է դուրս գան այդ «20 տոկոսից»։ Էլ չեմ խոսում «Էրիվան», Զանգեզուր վերադառնալու վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին։ Այս հայտարարություններից բացի՝ ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը գոնե կակնարկեր իրենց կողմից որևէ տրամաբանական փոխզիջման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ընդառաջ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Թերևս այստեղ է խնդիրը։ Եթե Ադրբեջանը չի խոսում փոխզիջումների մասին՝ Հայաստանն էլ չպետք է խոսի ինչ-որ զիջումների փոխզիջումների մասին»։

1in.am

(Visited 178 times, 1 visits today)