Շատ կուզեի, որ ժողովուրդն իմ ներողությունը լսեր, իմ սրտի ցավը հասկանար, որ ես թույլ տվեցի իմ անզգուշությամբ. Տեր Սեբեոս. tert.am

Իմ վրդովված քարոզի նպատակը բողոքը չէր, այլ հանդիմանության և սթափության կոչ՝ իմ ժողովրդին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը` անդրադառնալով համացանցում քննարկման առիթ դարձած տեսանյութի այն հատվածին, որտեղ նա ասել էր՝ եթե չեք ուզում, որ քահանաները բիզնեսով զբաղվեն, պետք է թագավորի պես պահել նրանց:

Картинки по запросу Տեր Սեբեոս

«Համացանցի քննարկումները, կարծում եմ` ոչ թե նրա շուրջ է, թե որևէ քահանա բողոք է բարձրացրել ԿԳ նախարարի կամ նախարարության դեմ, այլ  իմ քարոզի այն հատվածն է, որտեղ ես մարդկանց կոչ եմ անում շատ լուրջ վերաբերվել իրենց պարտականություններին և թագավորի պես պահել քահանաներին: Ինչու եմ ես այդպես ասել. իմ տեսանկյունից ոչ մի հետ քայլ չանելով` ասեմ, որ վրդովմունքս է շատ եղել, այդ պատճառով չեմ կարողացել ճիշտ ձևակերպել միտքս:

Ձևակերպումը սխալ էր, բայց ես կարծում եմ` ովքեր փորձել են ինձ հասկանալ ճշմարիտ կերպով, վատ բան պիտի չտեսնեն իմ խոսքում: Հանդիմանանք կարող եմ ընդունել միայն այն առումով, որ ճիշտ չեմ ձևակերպել միտքս: Օրինակ՝ կարելի էր ասել`  քահանան և հոգևորականը Քրիստոսի խոսք քարոզող են և նյութական հատուկ հոգսերով, մտածումներով պիտի ծանրաբեռված չլինեն, դա չպիտի լինի քահանայի գործառույթը: Քահանայի և ողջ եկեղեցու գործառույթը Քրիստոսի խոսք քարոզելը պետք է լինի, և որքան որ անհոգ լինի աշխարհի հոգսերից քահանան, այնքան նվիրյալ պետք է լինի իր ծառայությանը»,- ասաց տեր Սեբեոսը:

Հարցին` քարոզում նշում եք` եթե չեք ուզում բիզնեսով զբաղվեմ, ինձ թագավորի պես պահեք, արդյոք այս միտքը նշանակո՞ւմ է, որ բիզնես ունեք, նա պատասխանեց. «Ո՞ր խելացի մարդը վեր կկենա ու ինքն իրեն քննադատության տակ կդնի՝ իմանալով, որ ուղիղ եթերում է իր քարոզը, իմանալով, որ իր խոսքը պետք է բոլորը դիտեն:

Ո՞վ կարող է այդքան կարճամիտ գտնվել և այդպես իրեն պահել: Ես 8-րդ տարին է, որ այստեղ ծառայում եմ և համոզված ձեզ կարող եմ ասել`ինձ կարող են շատ բաներում մեղադրել ու քննադատել` իմ խստության, էմոցիոնալ, խստապահանջ լինելու մեջ: Այո, ես այդ ամենն ընդունում եմ և չեմ էլ փորձի հերքել, միայն ներողություն կխնդրեմ, բայց ինչ վերաբերում է  բիզնեսին, այստեղ որևէ մեկը չի կարող ասել, որ տեր Սեբեոսը բիզնես ունի: Այստեղ բոլորն ինձ լավ ճանաչում են»:

Տեր Սեբեոսը նշեց, որ իր մոտ մեկ ժամանոց քարոզից այդ երկու րոպեն առանձնացնել և տարածելը ուղղված չէ իր անձի դեմ, դա եկեղեցու դեմ ուղղված քայլ է: «Ինձ Հայաստանում, իմ ժողովրդի մեջ հազար հոգի ճանաչի, թե ոչ: Ես հակված եմ մտածելու, որ, ցավոք սրտի, իմ անզգույշ, շատ անկեղծ, սրտաբուխ խոսքի պատճառով նորից քարկոծման ենթարկվեց իմ եկեղեցին:

Շատ կուզեի, որ ժողովուրդն իմ ներողությունը լսեր, իմ սրտի ցավը հասկանար, որ ես թույլ տվեցի իմ անզգուշությամբ. իմ խոսքն օգտագործել է իմ եկեղեցին, իմ հոգևորական դասին քարկոծելու համար: Իմ ցավը միայն դա է, ես միայն տեսնում եմ, որ իմ խոսքն առիթ է դարձել նորից ոտնձգության ու քարկոծության ենթարկելու հայոց եկեղեցին»,- շեշտեց նա:

Նրա խոսքով` իր այդ մեկ րոպեանոց բուռն խոսքը, որը սխալ էր, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, սայթաքում էր կամ մտքի ոչ ճիշտ դասավորում, բայց եթե մարդիկ ուզենային հասկանալ և տեսնել, թե կոնկրետ ով է տեր Սեբեոս քահանան, բավական է նայեին քարոզն ամբողջությամբ, ճշտել և հասկանալ` ով է  այս քահանան կոնկրետ:

«Առհասարակ անգամ օգտագործել որևէ քահանայի անպատկառ կեցվածք, սայթաքում, անհարիր պահվածք և վերագրել դա ամբողջ հոգևոր դասին, ես կարծում եմ, որ դա ստորություն է, ճիշտ և օբյեկտիվ չէ»,- եզրափակեց նա:

Քահանայի քարոզի տեսագրությունը՝ այստեղ

tert.am

(Visited 65 times, 1 visits today)